ՎԶԵԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագիրը

Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ Թեա Մելիքաձեի գլխավորությամբ։

Հանդիպմանը մասնակցել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը‚ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանը‚ հիմնադրամի սոցիալական ազդեցության և վերաբնակեցման բաժնի պետ Լիլիթ Դիլանյանը։

Թեա Մելիքաձեն ՎԶԵԲ-ի կողմից նշանակվել է Սիսիան-Քաջարան հատվածի պատասխանատու‚ և սա տիկին Մելիքաձեի առաջին հանդիպումն էր հայկական կողմի հետ։

Քրիստինե Ղալեչյանը ողջունել է հյուրերին՝ հույս հայտնելով‚ որ նոր մեկնարկող համագործակցությունը կլինի արդյունավետ։ Փոխնախարարը և Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները ՎԶԵԲ-ի պատվիրակների հետ քննարկել են Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի ներկա փուլը‚ հյուրերին ներկայացվել է ծրագիրն իր բոլոր բաղադրիչներով։

Հիշեցնենք‚ որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել 60կմ երկարությամբ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածը։ Աշխատանքները ֆինանսավորվելու են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։

Տեսանյութեր

Լրահոս