Հայկական նոր կրեդոն․ փորին մուննաթ

Հայաստանի գործող իշխանության գաղափարախոսության հիմքում գերնյութապաշտությունն է։ Հարյուրավոր կիլոմետրեր ասֆալտապատվող ճանապարհներ, նորոգվող մանկապարտեզներ, նորաբաց աշխատատեղեր, բյուջեի հարկային եկամուտների այսքան տոկոս աճ, պարգևավճարների այսքանապատիկ ավելացում․․․

Թվարկված և բացառապես նյութական հիմք ունեցող բազմաթիվ այլ պատումների վրա է կառուցված իշխանության կեղծ քարոզչությունը, որն անդադար ռեժիմով սղոցում է մարդկանց ականջն ու ուղեղը։ Ընդ որում, քարոզչությունը քարոզչություն է ժանրի բոլոր կանոններով, այսինքն՝ ոչ թե փաստացի կատարված աշխատանքի ներկայացում է, այլ կամ խոստումներ, կամ ծրագրվող քայլեր, կամ ուղղակի գեղեցիկ շարադրանք։ Այսինքն՝ այնպես չէ, որ ասվածներն իրագործվում են: Բայց դրանից քարոզչության ազդեցությունն ամենևին չի նվազում, ճիշտ հակառակը։

Այդ քարոզչության դեմ հասարակության զգալի մասը խոցելի է, դրա ազդեցության տակ հայտնվում է հանրության՝ գուցե պատկառելի մասը։ Այդ քարոզչությունն իր նպատակին ծառայում է նաև այն պատճառով, որ դա հաճելի է հասարակության այդ հատվածի ականջներին։ Նաև դյուրամարս է։ Նյութական բարեկեցության ձգտումը բնական, նորմալ ցանկություն է՝ ինչպես անհատի, այնպես էլ՝ հասարակության համար։ Խնդիրը, սակայն, մի կողմից նյութականի զբաղեցրած տեսակարար կշիռն է հանրային արժեհամակարգում, մյուս կողմից՝ նյութականը միջոցից նպատակի վերածելու վտանգավորությունը։ Որքան էլ կենսական ու հաճելի, նյութական բարեկեցությունը, այդուհանդերձ, նորմալ կանխավարկածով ապրող մարդու ու սոցիումի համար, միջոց է և ոչ նպատակ։ Այդ միջոցը ծառայում է այլ՝ գոնե մի փոքր ավելի բարձր, նաև աննյութ բաղադրիչներ պարունակող նպատակների հասնելու համար։ Մեկի մոտ դա կարող է լինել երջանկությունը, երկրորդի մոտ՝ հոգեկան ներդաշնակությունը, երրորդը կարող է բարձր նպատակ համարել մերձավորին կամ հայրենիքին ծառայելը, և այդպես շարունակ։

Բոլոր այս և էլի շատ վերնյութական նպատակները հավաքականորեն կազմում են այն, ինչին ընդունված է անվանել կյանքի իմաստ, որը տեղին է և՛ անհատների, և՛  հանրույթների պարագայում։

Կարդացեք նաև

Ահա այդ տեսանկյունից գործող իշխանությունն իր քարոզչությամբ հանրության համար կյանքի իմաստի նշաձողն իջեցրել է միայն նյութականի, փողի, թվացյալ լավ ապրուստի մակարդակի։ Համապատասխան տեխնոլոգիաներով դա ներկայացվում է այնպես ու այնքան, որ նսեմացնում, մթագնում է նյութականից բացի՝ ցանկացած այլ արժեք, հոգևոր որևէ ապրում, հուզական ձգտում կամ կապվածություն։ Իշխանությունը հասարակությանը նյութականին կապել է այնպիսի անսոսինձ կապերով, որ թուլացել, զրոյացել են նրա կապերն ավելի բարձր մատերիաների՝ հայրենիքի, պատվախնդրության, արժանապատվության, այլ կատեգորիաների հետ։

Նյութական աշխարհը, որում ապրում է անհատն ու հասարակությունը, որքան էլ կարևոր, ընդամենը միջավայր է այլ՝ ավելի բարձր ձգտումներն իրագործելու համար։ Սակայն, երբ նյութական աշխարհը միջոցից վերածվում է նպատակի, գրեթե մեքենայաբար, դադարում են գործել բարձր մատերիաներին ձգտելու անհատական ու հավաքական մղումները։

Հանրային մտածողության գերնյութականացումն օգնում է ոչ միայն ներքին կյանքում՝ իշխանությունը պահպանելու իմաստով, այլ նաև, որ ավելի վտանգավոր է՝ արտաքին քաղաքական, գոյաբանական խնդիրների լուծման հարթությունում։ Հենց հիպերմատերիալիզմի վրա է կառուցված տխրահռչակ «Խաղաղության խաչմերուկը», որի իմաստը պետությունը շահավետ առևտրի տոնավաճառի վերածելու ձգտումն է։

 Այդ նախագծի՝ գործող իշխանության պատկերացրած մոդելով իրագործման պարագայում Հայաստանը, լավագույն դեպքում, կարող է դառնալ առևտրավայր՝ պետականության ձևական ատրիբուտներով, կամ նույնը՝ առանց նույնիսկ պետության ձևական ատրիբուտների։

Բայց դա ծրագրի հեղինակներին ու պոտենցիալ շահառուներին քիչ է հուզում կամ չի հուզում ընդհանրապես, որովհետև եթե ամենայնի գնահատման հիմքում դրվում է ստամոքսի պարունակությունը, երկրորդական է, թե ինչ ճանապարհով է այն լցվում։ Այս՝ գրեթե անկասելի թվացող ընթացքը կարող է կանխվել միայն այդ դեպքում, երբ հասարակության հետ, իշխանությունից բացի, լինեն այլ խոսակիցներ, ոչ միայն ու ոչ այնքան՝ քաղաքական տեքստեր, այլ առաջին հերթին՝ իմաստների արտաբերողներ։ Մեր հիմնարար խնդիրներից մեկն այն է, սակայն, որ բոլոր պոտենցիալ իմաստ արտահայտողները՝ մտավորականներ, արվեստի, մշակույթի գործիչներ և այլք, իրենք են դարձել իշխանության օգտապաշտական քարոզչության՝ լավագույն դեպքում՝ զոհը, իսկ ավելի հաճախ՝ շահառուն ու խոսափողը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս