Սեմ Ալթմանը վերադառնում է OpenAI` որպես ընկերության ղեկավար
OpenAI-ի համահիմնադիր Սեմ Ալթմանը, որին տնօրենների խորհուրդն օրերս ազատել էր աշխատանքից, վերադառնում է որպես ընկերության ղեկավար։
Ընկերությունը հայտնել է, որ ըստ կողմերի միջև ձեռք բերված համաձայնագրի՝ տնօրենների խորհրդի նոր անդամներ կնշանակվեն։
«Մենք սկզբունքորեն համաձայնության ենք հասել Սեմ Ալթմանի հետ, որպեսզի նա վերադառնա OpenAI` որպես գործադիր տնօրեն», – գրել է ընկերությունը X սոցիալական հարթակում։
OpenAI-ի գործադիր տնօրեն Սեմ Ալթմանին աշխատանքից ազատել էին նոյեմբերի 17-ին, որից հետո ընկերության աշխատակիցների մեծ մասը սպառնացել էր հեռանալ, եթե նրան չվերականգնեն իր պաշտոնում։
«Ես սիրում եմ OpenAI-ը, և վերջին մի քանի օրերին իմ արած բոլոր քայլերը ծառայել են այս թիմը և այս առաքելությունը միասնական պահելուն․․․ Ես անհամբերությամբ սպասում եմ OpenAI վերադառնալուն և Microsoft-ի հետ ուժեղ համագործակցությունն առաջ մղելուն»,- գրել է նա։
OpenAI-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Սեմ Ալթմանն աշխատանքից ազատվելուց 48 ժամ հետո միացել է Microsoft ընկերությանը։ Տնօրենների խորհուրդը 38-ամյա Սեմ Ալթմանին աշխատանքից ազատել էր՝ նշելով, որ նրա հանդեպ վստահությունը կորել է։
Ալթմանը համահիմնադրել է OpenAI-ը 2015 թվականին: Նրա ղեկավարությամբ ընկերությունը թողարկել է ChatGPT-ն, որից ամեն շաբաթ օգտվում է գրեթե 100 մլն մարդ: