«ՀՀ իշխանությունները ՀԱՊԿ-ից Հայաստանը դուրս բերելու հարց են դնելու շուտով». Դավիթ Ջամալյան

Օրերս Փաշինյան-Լուկաշենկո հեռտախոսազրույցից պարզ էր դարձել, որ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի՝ նոյեմբերի 23-ին Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայանալիք նիստին Փաշինյանը չի մասնակցի: Հետո նաև տեղեկացանք՝ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը։

Այս ամենին զուգահեռ էլ՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ վստահեցրել էր, որ ՀԱՊԿ նիստին չմասնակցելը դեմարշ չէ, ու ՀՀ օրակարգում ՀԱՊԿ-ը լքելու հարց չկա, սակայն մեկ այլ հարթակում չէր բացառել «արտադաշինքային պետություն դառնալու գաղափարը»:

Ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը ՀԱՊԿ-ին հակադրվելու հերթական դրվագն այս իշխանությունների պարագայում օրինաչափ է համարում: Ռազմական փորձագետը կարծում է՝ այդուհանդերձ, ՀՀ իշխանությունները շուտով Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս բերելու հարց են դնելու:

«ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա: ՀԱՊԿ-ը մեզ համար նույն ՌԴ-ն է՝ պարզապես ռուսական օգնությունը ստանալու մի այլընտրանքային ձևաչափ,- 168.am-ի հետ զրույցում նշեց Դավիթ Ջամալյանը՝ մանրամասնելով,- ՀԱՊԿ-ի առաջարկած ռազմատեխնիկական օգնությունը մերժել, ՀԱՊԿ-ից դուրս գալ՝ նշանակում է դառնալ շատ մատչելի թիրախ թուրք-ադրբեջանական տանդեմի համար: Այս իշխանության գերնպատակը ցանկացած՝ անգամ տարածքային ու մարդկային կորուստների գնով Հայաստանը ՌԴ-ից հեռացնելն է (իրենք, ի դեպ, այս առումով անկեղծ են):

Կարդացեք նաև

Այս խմբակն ունի ինքնիշխանության վերաբերյալ այլասերված պատկերացումներ: Իրենք «ինքնիշխանություն» ասելով՝ հասկանում են ՌԴ-ի հետ կապերի խզում. ոչի՛նչ, որ մենք կախվածության մեջ ենք հայտնվում Թուրքիայից, ոչի՛նչ, որ ռուսական ներկայությանը փոխարինելու է թուրքականը, ոչի՛նչ, որ այստեղ մի քանի հարյուր հազար ադրբեջանցի վերաբնակեցվի:

Հետևաբար, ՀԱՊԿ-ին այս հակադրությունն օրինաչափ է. ես կարծում եմ՝ իրենք շուտով ՀԱՊԿ-ից Հայաստանը դուրս բերելու հարց են դնելու»:

Ռազմական փորձագետը ցավով է արձանագրում, որ ադրբեջանական հնարավոր հարձակման մասին խոսույթին զուգահեռ՝ մեդիահոսքերը կառավարելով՝ մոլորեցնում են հանրությանը պատրանքով, թե Ֆրանսիան մեզ ռազմատեխնիկական այնպիսի օգնություն է ցուցաբերելու, որ հնարավոր կլինի դիմակայել ադրբեջանական հարվածին:

«Սա մեծագույն պատրանք լինելով հանդերձ՝ վտանգավոր իրողություն է ձևավորում, որովհետև թմբիրի մեջ գտնվող հասարակությանը մանիպուլացնելը նշանակում է էլ ավելի թուլացնել պաշտպանական իմունիտետը»,- հավելեց նա:

Դիտարկմանը՝ այդուհանդերձ օբյեկտիվ ու իրավացի չէ՞ նաև հանրային տարբեր շրջանակներում առկա ՌԴ-ի հանդեպ դժգոհությունը, հակառուսական տրամադրությունների առկայությունը՝ հաշվի առնելով նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ձախողումը, ՀԱՊԿ-ից ակնկալիքների չարդարացումը՝ Դավիթ Ջամալյանն արձագանքեց.

«Իրավացի չէ. այդ տրամադրությունները ձևավորվել են մեդիամանիպուլյացիաների հետևանքով: Իրականում, ռուսական կողմին մենք որևէ պահանջ, հանդիմանանք ներկայացնելու տեղ չունենք, որովհետև թե՛ 44-օրյայի ժամանակ, թե՛ դրանից հետո ռուսական կողմը պատրաստ է եղել շատ ավելի մեծ ծավալով ներգրավվել գործընթացների մեջ, բայց միշտ հանդիպել է նիկոլական իշխանության արհեստականորեն ստեղծվող պատնեշներին, խոչընդոտներին, և հիմա՝ արդեն բացահայտ ռազմատեխնիկական օգնություն ստանալու մերժմանը:

Մեկ տարի առաջ այս օրերին մերժում էին ՀԱՊԿ-ի կողմից այդ օգնության ստացումը, և իբրև հիմնավորում՝ ասում՝ մենք պահանջում ենք, որպեսզի ՀԱՊԿ-ն Ադրբեջանին ճանաչի ագրեսոր: Հիմա հարց եմ տալիս՝ Ֆրանսիային նույն պահանջը ներկայացրե՞լ եք, ինչ-որ ռազմավարական երկխոսություն եք սկսում թուրք-ադրբեջանական տանդեմի թիկունքին կանգնած բրիտանական կողմի հետ. այդ երկխոսության ընթացքում Ադրբեջանն ագրեսոր ճանաչելու պայման դրե՞լ եք բրիտանացիների առաջ (թեև ունակ էլ չեն պահանջներ դնելու, քանի որ տերը ծառայի առաջ պահանջ դնել չի կարող»:

Ռազմական փորձագետն ընդգծեց՝ ՀԱՊԿ-ին անդամակցելիս մեր գերխնդիրը եղել է սպառազինությունների անհրաժեշտ ծավալի կայուն մատակարարումներ ապահովելը, այլ ոչ թե ՀԱՊԿ-ի ինչ-որ պետության, կամ ՀԱՊԿ գնահատականն Ադրբեջանին:

«Դա էլ է կարևոր, բայց դա 4-րդ-ական կարգի հարց է՝ շոշափելի օգնության համեմատ, զենք ստանալու համեմատ,- հավելեց մեր զրուցակիցը, ապա այս համատեքստում հիշեցրեց,- Վերջին աղետի օրերին՝ սեպտեմբերի 19-ին, Թեհրանում գտնվող ՌԴ պաշտպանության նախարարը, ըստ հայկական ծագմամբ ռուս արևելագետ Կարինե Գևորգյանի, ՀՀ իշխանություններին առաջարկել է այնպիսի սցենար խաղարկել, որը կկայունացներ իրավիճակն Արցախում (պարզապես այդ սցենարը խաղարկելու համար հիմք պետք է լիներ ՀՀ տարածքը): Օրվա իշխանությունը մերժել է ռուսական կողմի առաջարկը:

Ես այսպիսի օրինակներ կարող եմ շատ բերել»:

Դավիթ Ջամալյանը վստահեցրեց՝ իշխանության փոփոխությունից անմիջապես հետո ռուսական կողմից կկարողանանք ստանալ ամեն անհրաժեշտը՝ թե՛ եղածը պաշտպանելու, թե՛ կորուստները հետ բերելու համար:

Այդուհանդերձ, վերջին իրադարձություններին հետևելով՝ ռազմական փորձագետն այն եզրակացության է եկել, որ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ նրա շրջապատը ոչ թե իշխանությունը պահելու հարց են լուծում այս քայլերով, այլ ճիշտ ժամանակին երկրից էվակուացվելու.

«Իրենք կատարում են այն հրահանգները, որոնք իջեցվում են իրենց՝ իրենց տերերի՝ Արևմուտքի կողմից: Եթե փորձենք ռացիոնալ դիրքերից մոտենալ, ապա այս մարդիկ վաղուց թքած են ունեցել հայոց պետականության, հայոց շահերի վրա, և հիմա իրենք կուրորեն կատարում են պատվերը՝ հանուն որի իրենց բերել են իշխանության:

Մոտիվացիան շատ հստակ է. հարմար պահի երաշխավորված էվակուացվելու և Արևմուտքում իրենց կյանքը վայելելու խնդիր են լուծում: Թեպետ, այո՛, կարելի է կարծել, որ Արցախը հանձնելուց հետո սրանք մնացին իշխանության, ինչ-որ ժամանակահատվածով երկարեց սրանց իշխանությունը, բայց գիտե՞ք՝ մազից կախված իշխանություն է. ցանկացած պահին ինչ-որ ֆորս-մաժոր կարող է իրենց սրբել-տանել, և իրենք դա շատ լավ հասկանում են: Իրենք արդեն շատ նեղ անձնական հարց են լուծում, իսկ այդ դեպքում խոսել ազգային շահերի մասին՝ անիմաստ է»:

Տեսանյութեր

Լրահոս