«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունն արձագանքել է Արդարադատության միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի վճռին
«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը հայտարարությամբ ողջունել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի նոյեմբերի 17-ի որոշումը՝ նշելով, որ այն բխում է իրողությունների փաստացի և օբյեկտիվ գնահատականից։ Միությունը որոշումը խիստ կարևորել է այն առումով, որ դրա իրականացումը կարող է հիմք դառնալ ապագայում նման իրողությունների կանխարգելման համար, որովհետև հակառակ պարագայում անհնար կլինի ապահովագրել մեր տարածաշրջանում խաղաղ ու անվտանգ գոյակցությունը։
Հայտարարության մեջ նշված է. «ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը 2023 թ․ նոյեմբերի 17-ին Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի ներքո քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական գործի շրջանակներում կայացրել է որոշում, որում միաժամանակ արձանագրվել է սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումը «Լեռնային Ղարաբաղի բնակչության խոցելիության և սոցիալական անկայուն իրավիճակի տևական ազդեցության պայմաններում»՝ պարտադրելով Ադրբեջանին՝
ապահովել 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղը լքած և վերադառնալ ցանկացող մարդկանց անվտանգ, անարգել և արագ վերադարձը, ապահովել Լեռնային Ղարաբաղում 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո մնացած մարդկանց անվտանգ, անարգել և արագ հեռանալը ցանկության դեպքում, ապահովել 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղում մնացած կամ վերադարձած մարդկանց ուժի կիրառումից կամ ահաբեկումից, որը կարող է նրանց փախուստի պատճառ դառնալ,
պաշտպանել և պահպանել գրանցամատյանները, անձը հաստատող և մասնավոր սեփականությանն առնչվող փաստաթղթերը և գրառումները, որոնք վերաբերում են առաջին կետում նշված անձանց և պատշաճ կերպով հաշվի առնել այդ փաստաթղթերը և գրառումները իր վարչական և օրենսդրական պրակտիկայում:
Դատարանը նաև պարտավորեցրել է Ադրբեջանին «ութ շաբաթվա ընթացքում հաշվետվություն ներկայացնել կիրառված ժամանակավոր միջոցների և Դատարանում Ադրբեջանի ներկայացուցչի կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված քայլերի վերաբերյալ»։
Մենք ողջունում ենք Արդարադաության դատարանի այս որոշումը, որը բխում է իրողությունների փաստացի և օբյեկտիվ գնահատականից։ Կայացված որոշումը խիստ կարևոր է, որովհետև դրա իրականացումը կարող է հիմք դառնալ ապագայում նման իրողությունների կանխարգելման համար, որովհետև հակառակ պարագայում անհանար կլինի ապահովագրել մեր տարածաշրջանում խաղաղ ու անվտանգ գոյակցությունը։
Սակայն չենք կարող չարձանագրել նաև, որ սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումը հետևանք էր նախկինում գործված հանցանքների անպատժելիության։ Ասվածի վառ ապացույցն է պատմական Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի ողջ տարածքից ավելի քան կես միլիոն հայության բռնի տեղահանումը, հայրենազրկումը և մշակութային ցեղասպանությունը, որը մինչ օրս մնացել է անպատիժ։
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայության իրավունքների պաշտպանությունը լավագույն նախադեպը կարող է լինել, որն անհրաժեշտաբար պետք է տարածվի 1988-1992 թթ․ պատմական Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի տարածքից բռնի տեղահանված էթնիկ հայերի նկատմամբ։
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը՝ որպես 1988-1992թթ․ տեղահանված հայերի ոտնահարված իրավունքների վերականգնման ու պաշտպանության համար ստեղծված կազմակերպություն, կոչ է անում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին, միջազգային դատարաններին քննության առնել նաև վերոնշյալ խնդիրը և տալ արդարացի գնահատական ու առաջարկել համապատասխան լուծումներ»։