ԵԺԿ բանաձևից հետո, եթե ՀՀ իրավական համակարգը չի ուզում վերջնականապես դառնալ իշխանության հարճը, պիտի ազատի Արմեն Աշոտյանին և բոլոր քաղբանտարկյալներին. Նաիրա Զոհրաբյան
Եվրոպայի Ժողովրդական Կուսակցությունը ՀՀ իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Արմեն Աշոտյանին, երաշխավորել արդարացի ու թափանցիկ դատաքննություն. նշված է «Աջակցելով քաղաքական բանտարկյալներին՝ Եվրոպայում ահագնացող ավտոկրատիայի պայմաններում» վերտառությամբ հրատապ բանաձևում, որը ԵԺԿ քաղաքական ասամբլեան ընդունել է օրերս:
ԱԺ նախկին պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի և Մարդու իրավունքների պաշտպանության, հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս բանաձևին՝ ընդգծեց, որ դրա իրավական կարգավիճակը շատ բարձր է:
«Սա Եվրոպայի ամենամեծ կառույցի ընդունած բանաձևն է, որի անդամ են եվրոպական միության գրեթե բոլոր իշխող քաղաքական կուսակցությունները՝ իրենց նախագահներով: Դրանով արձանագրվում է Հայաստանում առկա քաղաքական բանտարկյալների փաստը:
Կոնկրետ շեշտադրում է արվում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանավորման փաստի վրա՝ նշելով, որ ներկայացված փաստերը բավարար չեն, և Արմեն Աշոտյանն ակնհայտ քաղաքական հետապնդման է ենթարկվում,- մանրամասնեց նա, ապա ցավով արձանագրեց,- Հայաստանում երբևէ չեն եղել նման թվով քաղաքական հայացքներով կալանավորված անձինք»:
Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ Արմեն Աշոտյանի քեյսն ամենաաբսուրդայիններից մեկն է:
«Չկա միջազգային որևէ կառույց, նույնիսկ այն կառույցները, որոնք Նիկոլ Փաշինյանից սպասելիքներ ունեն Ռուսաստանին տարածաշրջանից վռնդելու պատմական երազանքն իրականացնելու առումով, նրանք ևս մասնավոր զրույցներում ընդունում են, որ Արմեն Աշոտյանի կալանավորումը քաղաքական բացահայտ հաշվեհարդար է»:
ԱԺ նախկին պատգամավոր, Եվրոպական ինտեգրման հարցերի և Մարդու իրավունքների պաշտպանության, հանրային հարցերի մշտական հանձնաժողովների նախկին նախագահն այս համատեքստում անդրադառնալով մյուս քաղբանտարկյալների գործերին՝ նկատեց, որ երեկ, օրինակ, հերթական աբսուրդին է ականատես եղել, երբ Նարեկ Մալյանի կալանքը ևս 3 ամսով երկարաձգվել է միայն «ենթադրյալ քաղաքացու ենթադրյալ էմոցիաների ընկալումների համար»:
«ԵԺԿ բանաձևից հետո, եթե ՀՀ իրավական համակարգը չի ուզում վերջնականապես դառնալ իշխանության ստրուկը, հարճը, կամակատարը, պիտի ազատի բոլոր քաղաքական բանտարկյալներին, և առաջին հերթին՝ Արմեն Աշոտյանին, որի վերաբերյալ իմպերատիվ պահանջ կար ԵԺԿ բանաձևում:
Միևնույն է, այս իշխանությունը գնալու է, և այն դատավորները, որոնք համաձայնել են դառնալ քաղաքական մուրճ, նրանց բոլորի վրայից դատավորի պատմուճանն ընկնելու է օրենքի ուժով, և իրենք են հայտնվելու կալանավայրերում՝ քաղաքական այդ անամոթ վճիռները կայացնելու համար»,- ամփոփեց Նաիրա Զոհրաբյանը՝ համոզմամբ, որ եթե իշխանությունները շարունակեն անտեսել միջազգային կառույցների հորդորները և ի մասնավորի՝ ԵԺԿ այդ բանաձևը, դա բավականաչափ լուրջ հետևանքներ կունենա Հայաստանի միջազգային՝ առանց այն էլ իջեցված վարկանիշի վրա: