«Տպավորություն է, որ հատուկ ծրագիր ունեն՝ զզվեցնելու, որ մարդիկ թողնեն ու հեռանան այս երկրից». արցախցի
Արցախցի մեր հայրենակից Էլլադա Մարտիրոսյանն արդեն երկրորդ անգամ է տարհանվում իր տնից. Սկզբում՝ Բաքվից, հետո արդեն՝ Ստեփանակերտից: Նա 168.am-ին հայտնեց, որ Արցախում էլ ինքն ու ամուսինը շատ լավ չեն ապրել, բայց անցած 30-ից ավելի տարիներին արդեն հարմարվել էին կյանքի ընթացքին: Ապրուստի միջոցներ կարողանում էին վաստակել: Արցախյան վերջին իրադարձություններից հետո, սակայն, գրեթե ոչինչ չեն կարողացել վերցնել իրենց հետ: Դատարկաձեռն հասել են Հայաստան ու կանգնել բնակարանի անմարդկային բարձր վարձավճարների խնդրի առջև:
«Պարզապես տկլոր պատեր ենք վարձել ամուսնուս հետ: Ով ուզում է՝ թող գա՝ տեսնի: Հիմա տունը բացարձակ դատարկ է: Մի հատ սենյակ է ու մի փոքր զուգարան- բաղնիք: Ո՛չ խոհանոց կա, ո՛ր նորմալ հատակ, ո՛չ կահույք… Ընդամենը մի հատ փոքր սեղան ունենք, անգամ անկողինը մատրաս չունի: Կներեք, դատարկ դագաղը Ձեզ օրինակ: Նախկին հանրակացարանի շենք է Էրեբունիում: Միայն այս ընթացքում փոքր պահարան ենք առել, որ կարողանանք գոնե մի բան տեղավորել մեջը: Հիմա էս է, ո՞ւմ բողոքենք, ո՞ւր գնանք»,- ասաց Էլլադա Մարտիրոսյանը:
Ահա այս բնակարանի համար, տանտերն իրենցից միանգամից 3 ամսվա վարձավճարն է պահանջել՝ 300.000 դրամ: Իսկ այդ գումարը Մարտիրոսյանները կարողացել են վճարել միայն Հայաստանում գտնվող իրենց բարեկամների ու հարազատների աջակցությամբ՝ դրան միացնելով նաև 1 անգամ ստացած 100.000 և 40 +10 հազար դրամները:
«Եթե անգամ երկու տեղ աշխատենք, Երևանի այս անմարդկային բարձր բնակարանային վարձերը չենք կարողանա վճարել: Ահավոր պայմաններ են: Ինձ մոտ տպավորություն է, որ հատուկ ծրագիր ունեն, ամեն ինչ անեն, զզվեցնեն, որ մարդիկ թողնեն ու հեռանան այս երկրից: Իմանում եմ, որ աջակցություն են տրամադրում: Զանգում եմ, ասում են՝ կներեք, մեզ մոտ այլևս գրանցում չկա, արդեն ավարտվել է գրանցման գործընթացը: Կամ ասում են, որ բոլոր ծրագրերը միայն մարզերի համար են: Ինչի մենք Արցախից չե՞նք բռնի տեղահանվել: Որ զանգում ենք, ուրեմն մի պատճառ ունենք, չէ՞»,- վրդովված ասաց Էլլադան՝ հավելելով, որ առողջական խնդրի պատճառով հնարավորություն չունի Երևանից դուրս ապրելու:
Է. Մարտիրոսյանի խոսքով՝ ինքը կրծքագեղձի խնդրի պատճառով պետք է մշտապես բժշկի վերահսկողության ներքո լինի: Այս ամբողջ ընթացքում, սակայն, միայն մեկ անգամ է կարողացել հետազոտություն անցնել: Գումարը չի բավականացնում: Ասում է՝ բուժումն ի վիճակի չէ շարունակել: Թե հետագայում ինչ կլինի՝ Աստված գիտի:
«Այս ընթացքում կարողանում ենք միայն օրվա սննդի հարց լուծել: Արցախից մի 60.000 դրամ էինք բերել հետներս: Բայց այդ գումարն էլ շուտով կավարտվի: Տանը սառնարան ու լվացքի մեքենա չկա: Ձեռքերիս խնդիր ունեմ, ձեռքով լվացք չեմ կարողանում անել: Այստեղ ամեն ինչ զրոյից ենք սկսում, նորից: Անգամ գդալ- պատառաքաղը գնում ենք: Շատ բարդ է»,- պատմեց արցախցի մեր հայրենակից Էլլադա Մարտիրոսյանը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 19-ին, ադրբեջանական իշխանությունների նախահարձակ ռազմական լայնածավալ գործողությունների ու ցեղասպանական քաղաքականության հետևանքով՝ Արցախից Հայաստան է բռնի տեղահանվել, ըստ պաշտոնական տվյալների, 100.417 մեր հայրենակից: Նրանցից ավելի քան 4000-ն արդեն իսկ լքել է Հայաստանը: Իսկ բազմաթիվ ընտանիքներ մինչև այժմ շարունակում են բնակվել մեքենաներում, մարզադահլիճներում և մանկապարտեզների շենքերում: Նրանց մի մասը բնակվում է տարրական կենցաղային պայմանների բացակայությամբ՝ կանգնելով օրվա հացը վաստակելու խնդրի առաջ:
Նազելի Ստեփանյան