Ո՞վ կլինի ՀՖՖ հաջորդ նախագահը. անուններ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Իշխանություններին մոտ կանգնած մեր աղբյուրները հայտնում են, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի՝ դեկտեմբերին կայանալիք ընտրությունները կարող են անկանխատեսելի ընթացք ստանալ: Իհարկե, ընտրություն որակել այս գործընթացն այնքան էլ տեղին չէ, քանի որ ՀՖՖ նախագահ դառնում է իշխանական հովանավորություն ունեցողը միայն:
Այնուամենայնիվ, իշխանական կուլիսներում տեւական ժամանակ է, ինչ հասունանում է դժգոհություն ՀՖՖ գործող ղեկավարությունից. պատճառներից մեկը հայկական ֆուտբոլի ողբալի վիճակն է, տարբեր տարիքային հավաքականների խայտառակ պարտություններն ու ազգային թիմի, մեղմ ասած, ոչ ստաբիլ խաղը։ Շոշափվող հասարակական դժգոհության աճի ֆոնին՝ ՀՖՖ ներկա նախագահ Արմեն Մելիքբեկյանն ասոցացվում է իշխանությունների հետ. նրանց ուղեկցում է տարբեր միջոցառումների ժամանակ ու լուրջ ներկայացնում կատարած աշխատանքները, որոնք այդպես էլ արդյունք չեն տալիս ու դժվար թե տան։
Մեզ փոխանցում են, որ կուլիսներում, որպես ՀՖՖ նախագահի թեկնածու, քննարկվել է ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի անունը: Լուրեր կան, որ նրա լոբբինգով զբաղվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Այս անձի թեկնածության հետագա ճակատագրի հետ կապված՝ հստակություն ներկա պահին չկա. զուգահեռ քննարկվում է նաեւ Աննա Հակոբյանի հիմնադրամի ղեկավար, Սփյուռքի կոմիտեի նախկին ղեկավար Մխիթար Հայրապետյանի անունը, ում թեկնածությունն այս պահին կարծես ավելի հավանական է։
Մեր աղբյուրները հայտնում են, որ եթե սկզբնական քննարկումներում Նիկոլ Փաշինյանը դեմ է եղել Արմեն Մելիքբեկյանին փոխարինելու գաղափարին, ապա այժմ հրահանգել է սպասել, մինչեւ տեսնեն՝ հավաքականն ինչպես կավարտի «Եվրո 2024»-ի նախընտրական վերջին երկու խաղերը՝ Ուելսի ու Խորվաթիայի հավաքականների դեմ։ Պարզ է՝ ՀՖՖ նախագահի գայթակղիչ պաշտոնի հարցը կախված է իշխանությունից, ու պարզ է նաեւ, որ այդ պաշտոնին տեղավորվելու ցանկություն ունեցողները քիչ չեն հենց իշխող թիմում»: