Մինչև հոկտեմբերի վերջ, ադրբեջանական կողմը հնարավոր է սահմանային նոր սադրանքների դիմի. Շիրազ Խաչատրյան. «Իրավունք»

«Իրավունք»-ը զրուցել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ ՇԻՐԱԶ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:

– Ադրբեջանը, Թուրքիայի «քավորությամբ», անընդհատ պահանջներ է ներկայացնում, Արցախը ստացավ ու դեռ չի բավարարվում, առաջիկայում ի՞նչ պահանջներ է ներկայացվելու Հայաստանին:

– Այդ պահանջները կներկայացվեն այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ կառավարության ղեկին են մարդիկ, ովքեր անընդհատ զիջում են ու հանձնում։ Չնայած այն հանգամանքին, որ 44-օրյա պատերազմից հետո, Ադրբեջանը որպես հաղթող կողմ, բազմաթիվ պահանջներ է ներկայացրել` այս իշխանությունները ոչ միայն այդ պահանջները կատարել են, այլ տարբեր բանավոր պայմանավորվածություններով, որոշումներով, որոնք չեն եղել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, ավելի ծանր վիճակի մեջ են դրել մեզ։ Բաքուն անընդհատ պահանջողի դերում է, մինչդեռ նոյեմբերի 9-ի փաստաթղթով ինքն էլ մի շարք պարտավորություններ ունի, որոնք արդեն 3 տարի է` չի կատարել: Երեք տարվա ընթացքում Ադրբեջանը տարբեր ժամանակափուլերում ռազմական էսկալացիաների է դիմել Արցախի եւ Հայաստանի սահմանների ուղղությամբ, ՀՀ հարյուրավոր քառակուսիկիլոմետրանոց տարածքներ անցել են նրանց վերահսկողության տակ, իսկ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, նույնիսկ ասելու չէ:

ՀՀ-ն տեր չկանգնեց իր ստորագրած փաստաթղթի պահանջներին, դրա համար էլ ունենք հետեւյալ տխուր պատկերը: Ադրբեջանի մոտեցումներն առավելապաշտական են, նա Արցախում ժամանակավոր իր խնդիրները լուծեց, հիմա անցավ անկլավներին, դրանից հետո միջանցքի հարց կբարձրացնի, փախստականների վերադարձի հարց, փոխհատուցումներ ստանալու պահանջ եւ այդպես շարունակ: Որքան այս իշխանությունները շարունակեն զիջել, այնքան նոր նախապայմաններ ու պայմաններ առաջ կքաշեն թուրքերն ու ադրբեջանցիները:

– Իշխանության կողմից, այսպես կոչված «անկլավների վերադարձի» թեման է անընդհատ անոնսավորվում: Ո՞ր տարածքներ են ներառված այդ «անկլավների վերադարձի» մեջ եւ արդյո՞ք Հայաստանը պետք է դրանք հանձնի:

– Փաշինյանը մեկ անգամ չէ, որ հայտարարել է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման մասին, եւ լրագրողի ուղիղ հարցին, թե անկլավները եւս մտնո՞ւմ են դրա մեջ, դրական պատասխան է տվել: Ադրբեջանական պաշտոնական եւ սոցիալական ցանցերի մակարդակով էլ ակտիվ քննարկվում է հայկական նոր տարածքների հանձնման թեման: Խոսքը Բաղանիս-Այրում, Ներքին Ոսկեպար, Վերին Ոսկեպար, Խեյրիմլի, Սոֆուլու եւ Բարխուդարլու բնակավայրերի մասին է, իսկ Արարատի մարզում՝ Տիգրանաշենի: Իսկ թե ինչ խնդիրներ կունենանք, այդ պահանջները կատարելուց հետո, ինչ նոր պայմաններ առաջ կքաշեն, մոտավոր պարզ է բոլորի համար, վերը նշեցի հաջորդական պահանջները:

– «Անկլավները» «վերադարձնելուց» հետո Ադրբեջանը կբնակեցնի՞ այդ տարածքները ադրբեջանցիներով: Սա անվտանգային ի՞նչ խնդիրներ են ստեղծվելու Հայաստանի համար:

– Ադրբեջանին այդ տարածքները պետք են, որպեսզի էլ ավելի մխրճվի Հայաստանի սահմաների մեջ, փաստացի բլոկադայի ենթարկելով Իրանից դեպի Վրաստան տանող գլխավոր մայրուղին, նաեւ հետագայում կարեւոր հենակետեր ստեղծելով հենց այդ կետերում: Էլ չեմ խոսում Տիգրանաշենով անցնող մայրուղու մասին, որի այընտրանքային ճանապարհը փոքր գյուղական ճանապարհ է, ինչը դժվարացնելու է, դանդաղեցնելու է Հայաստանով անցնող բեռնաշրջանառությունը: Այդ պատճառով նույն մեր հարեւան երկրները՝ Իրանը, Վրաստանը կարող են դիտարկել այլընտրանքային հանգույցներով օգտվելու, հիմնական տրանսպորտային կոմունիկացիաներ ստեղծելու հարցերը, որոնք ցավոք սրտի, կարող են էլ չանցնել Հայաստանով: Հարցեր են նաեւ առաջանում, թե ինչպես են կարգավորվելու միջանկլավային ճանապարհների անվտանգության խնդիրները, անցագրային կետեր են դրվելու, թե՝ ոչ, միջանկալավային այդ տարածքներում շարժերը ինչպես են կարգավորվելու: Շատ խնդրահարույց հարցեր կան, շատ-շատ:

– Նիկոլ Փաշինյանի Գրանադա այցը իշխանության որոշ ներկայացուցիչներ նույնիսկ հաղթանակ էին համարում: Այն որեւէ դրական միտում ունեցա՞վ Հայաստանի համար եւ ինչո՞ւ հանդիպմանը չմասնակցեց Ալիեւը:

– Եթե լսենք ու հավատանք իշխանությունների կողմից դաշտ նետվող պաշտոնական տեղեկատվությանը, ապա կարող ենք մտածել, որ Ադրբեջանն է կապիտուլյացիայի ենթարկվել եւ ամեն անգամ իրենք են կատարում մեր պահանջները: Իսկ եթե լուրջ, հետեւելով ու վերլուծելով Գրանադայից հետո ստեղծված իրավիճակը, կարող ենք արձանագրել, որ թուրք-ադրբեջանական դիվանագիտական կորպուսն իր ուզածին հասավ, նախ Ալիեւը Գրանադայում իր չմասնակցելը պատճառաբանեց Ֆրանսիայի «կողմնակալ» դիրքորոշման պատճառով՝ փաստացի փորձելով բանակցությունների տարբեր ձեւաչափերից դուրս թողնել Ֆրանսիային, պաշտոնապես հայտարարեց, որ Թուրքիան որպես միջնորդ չի ներգրավվել «տարածաշրջանային խաղաղության օրակարգին», կրկին Փաշինյանի կողմից ստացավ միակողմանի խոստումներ ու պարտավորություններ:

Փաստացի դուրս եկավ, որ Ալիեւը, առանց հնգակողմ ձեւաչափով հանդիպմանը մասնակցելու՝ նոր զիջումների հավաստիացումներ ստացավ եվրոպական հարթակից, հետո դեմքը թեքեց դեպի Մոսկվա եւ Անկարա: Գրանադայի հանդիպումից հետո հայկական կողմը կրկին վերահաստատեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որից անմիջապես հետո ադրբեջանական կողմը ավելի ակտիվ սկսեց խոսել անկլավների վերադարձի, հայկական կողմի պարտականությունների կատարման մասին: Զուգահեռ Ալիեւը սկսեց կոշտացնել հռետորաբանությունը, թե իբր «ադրբեջանական անկլավները դեռեւս գտնվում են Հայաստանի վերահսկողության տակ եւ դրանք պետք է «ազատագրվեն»՝ խոսելով Ֆրանսիայի ապակառուցողական դիրքորոշման, Հայաստանին զենք մատակարարելու մասին, բացեիբաց շանտաժ անելով հնարավոր հետեւանքների վերաբերյալ: Այս ամենի մեջ որեւէ դրական բան դուք տեսնո՞ւմ եք: Ենթադրելի է, որ մինչեւ հոկտեմբերի վերջ ադրբեջանական կողմը ոչ միայն կոշտացնելու է իր հռետորաբանությունը, այլեւ հնարավոր է սահմանային նոր սադրանքների դիմի:

– «Զանգեզուրյան միջանցքը» բացվելո՞ւ է: Պաշտոնական Երեւանը հայտարարում է, թե դեմ է, բայց այս իրավիճակում Հայաստանի ձայնը լսելի կլինի՞:

– «Զանգեզուրի միջանցքի» թեման ռազմավարական խնդիր է Թուրքիայի եւ Ադրբեջանի համար, ու որքան էլ թուրքական կամ ադրբեջանական կողմը հայտարարում է, թե Հայաստանի հետ անհամաձայնության դեպքում միջանցքը կանցկացնեն Իրանով, ընդամենը խայծ է, եւ հնարավոր աշխարհաքաղաքական բարենպաստ իրավիճակում նրանք փորձելու են ուժի միջոցով վերցնել այն: Ձեր հարցադրումը, թե այս իրավիճակում Հայաստանի ձայնը լսելի է, թե՝ ոչ, ավելի շատ նաեւ դիտարկում է: Քանզի Սյունիքի միջազգային աշխարհաքաղաքական եւ աշխարհատնտեսական նշանակությունը գերկարեւոր է ուժային բոլոր կենտրոնների համար։ Եվ այստեղ ավելի շատ ուժային խոշոր խաղացողները Սյունիքը իրենց շահերի բախման հսկայական նշանակություն ունեցող կենտրոնի են վերածել, Հայաստանի կարծիքը մղելով երկրորդական պլան:

– Պարո՛ն Խաչատրյան, միլիարդավոր դոլարների զենք հանձնեց Արցախը Ադրբեջանին, եթե այդքան զենք ունեին, ինչո՞ւ դիմադրությունը տեւեց մեկ-երկու օր:

– Միլիարդավոր դոլարների զինամթերք եւ սպառազինություն մենք կորցրել ենք դեռեւս 44-օրյա պատերազմի ժամանակ, իսկ ինչ վերաբերվում է վերջին մարտական գործողություններին, ունեինք հետեւյալ պատկերը. դեռեւս, արդեն վերջացած էր բանակում բոլորը պաշարները, մեր հայ մարտիկները պատերազմը դիմավորել են շատ հյուծված, պետք է հաշվի առնել նաեւ այն հանգամանքը, որ ըստ տեղեկությունների՝ ադրբեջանցիները տասնյակ հազարավոր զորքեր էին կուտակել Արցախի սահմանների ուղղություններով, մոտավոր հաշվարկներով ցանկացած դիրքի հենակետի ուղղությամբ տասին մեկ հարաբերակցությամբ զորքեր էին տեղակայված, չնայած այդ ծանր պատկերին՝ մեր տղաները շատ ուժգին հարված են հասցրել, ադրբեջանցիները հարյուրավոր զոհեր ու հազարավոր վիրավորներ են ունեցել:

Երկար դիմագրավել չի հաջողվել նման իրավիճակում, ցավով ենք արձանագրում, որ նաեւ վերջին մարտական գործողություններից հետո հսկայական սպառազինություն կրկին հանձնվեց թշնամուն: Ես ուզում եմ ուշադրությունը հրավիրենք այն հանգամանքին, որ իշխանական պրոպագանդան տարիներ շարունակ հայտարարում էր, որ զենք ու սպառազինություն չի եղել, բայց նորից եմ կրկնում, որ ե՛ւ 44-օրյա պատերազմի օրերի ընթացքում, ե՛ւ դրանից հետո այնքան զենք-զինամթերք է հանձնվել թշնամուն, որ դրանք իրականում միլիարդավոր դոլարների էր հասնում ու դրանք հաստատ գնվել էին ոչ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում:

Տեսանյութեր

Լրահոս