«Ես ուղղակի կապի մեջ եմ Էմանուել Մակրոնի հետ. Մակրոնը գիտակից է, որ Փաշինյանն իր աշխատանքը չի տանում». Մուրադ Փափազյան
«Սփյուռքում դիմադրական մտայնություն կա: Սփյուռքը 100 տոկոսով Արցախի ու արցախահայության հետ է, և ամենուր աշխատանքի մեջ է՝ ցույցերով, քաղաքական շփումներով: Լինի ԱՄՆ, Կանադա, Հարավային Ամերիկա, Եվրոպա, Ֆրանսիա, Միջին Արևելք՝ մեր բոլոր լծակները գործածում ենք, որպեսզի միջազգային ընտանիքը գիտակցի՝ Ցեղասպանություն է պատրաստվում արցախցիների դեմ, և պետք է ժամ առաջ իրենց պատասխանատվությունը ստանձնեն,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը՝ տեղեկացնելով նաև, որ հոկտեմբերի 1-ին Բրյուսելում նախատեսվում է հանուն Արցախի համաեվրոպական ցույց,- Մենք շարունակում են աշխատանքը: Գիտեմ, որ դժվար է, որ մենակ ենք, բայց պետք է շարունակենք՝ ուրիշ ճար չունենք»:
Դիտարկմանը, որ այս ընթացքում Արցախից արդեն տարհանվում են մեր հայրենակիցները, որ տասնյակ-հազարավոր մեր հայրենակիցներ Հայաստանում պահանջում են իշխանափոխություն՝ արցախահայությանն ու Հայաստանը փրկելու համար, սփյուռքահայ գործիչը արձագանքեց՝ վստահեցմամբ, որ միայն Նիկոլ Փաշինյանի հրաժարականով հնարավոր կլինի իրավիճակը փրկել:
«Ինքը եկավ՝ պատերազմ տեղի ունեցավ, ինքը եկավ՝ Արցախը պարտվեց, ինքը եթե մնա, Հայաստանը պիտի պարտվի, որովհետև Արցախն առաջին հանգրվանն է. պանթուրքական ուժերը աչքը դրել են Հայաստանի վրա: Ու քանի դեռ ունենք այսպիսի թույլ կառավարություն, արտաքին ճակատում սխալ գործող կառավարություն, Հայաստանը վտանգի տակ կմնա: Ուրեմն անհրաժեշտ է՝ ժամ առաջ Նիկոլ Փաշինյանը ներկայացնի իր հրաժարականը, եթե ուզում է փրկել Հայաստանը»,- շեշտեց նա:
Խոսելով Էմանուել Մակրոնի վերջին ուղերձի մասին, որով Ֆրանսիայի նախագահը մտահոգություն էր հայտնում Արցախի ու Հայաստանի ճակատագրով, Մուրադ Փափազյանը նկատեց.
«Ես ուղղակի կապի մեջ եմ Էմանուել Մակրոնի հետ. ճիշտ է, որ Էմանուել Մակրոնը բավական մտահոգված է թե՛ Արցախով, թե՛ Հայաստանի անվտանգության հարցով, և նաև փորձում է իր հետ մոբիլիզացնել եվրոպական երկրներին, ինչը բավական դժվար է, որովհետև թե՛ Ադրբեջանը, թե՛ Թուրքիան լուրջ-լուրջ լոբբինգ են իրականացնում:
Պրոբլեմն այն է, որ այսօր ՀՀ դիրքորոշումն անորոշ է, այսինքն` չենք լսել, որ պարոն Փաշինյանը Զելենսկու նման մամլո ասուլիսներ տա և ամբողջ աշխարհին կոչ անի՝ գալ-փրկել Հայաստանն ու Արցախը: Ո՛չ, ընդհակառակը՝ բավական լուռ է. ինքն իր աշխատանքը չի տանում, և Էմանուել Մակրոնը գիտակից է, որ Փաշինյանն իր աշխատանքը չի տանում: Մակրոնը դիտվում է պրոհայկական նախագահ, և երեկ մեզ հաստատեց, որ պետք է շարունակի աշխատանքն ու դիմադրությունը»:
Հիշեցնենք՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը տեղական հեռուստաալիքների հետ զրույցում ասել է, որ անհանգստացած է Հայաստանի դեմ Ադրբեջանի հնարավոր ռազմական հարձակմամբ՝ ընդգծելով, որ Բաքուն սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը:
«Ֆրանսիան շատ զգոն է Հայաստանի տարածքային ամբողջականության հարցում: Այսօր կա Ռուսաստան, որը Ադրբեջանի հանցակիցն է, և Թուրքիա, որը միշտ աջակցել է այդ ձգտումները»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:
Մակրոնն անընդունելի է համարել Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում:
Մանրամասները՝ տեսանյութում