Փաշինյանի բեմադրած շոուն վերահաստատեց իմ պնդումը, որ նա պետության համար որևէ օգտակար բան չի անելու. Լևոն Զուրաբյան
ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․«44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանի բեմադրած շոուն վերահաստատեց իմ այն պնդումը, որ վերջինս այլեւս մեր պետության համար որեւէ օգտակար բանով չի զբաղվելու եւ իր կյանքի մնացորդը նվիրելու է մեր ժողովրդի եւ պատմության առաջ աղետաբեր պատերազմի իր մեղքերը մաքրելու եւ արդարանալու անպտուղ գործին։
Քննիչ հանձնաժողովի գլխավոր խնդիրը պետք է լիներ պարտության պատճառները հայտնաբերելը եւ մեղավորներին պատասխանատվության կանչելը։ Խոսքը ե՜ւ պատերազմական ջանքերի, ե՜ւ զինամթերքի ու սպառազինությունների մատակարարման, ե՜ւ հետախուզության, ե՜ւ մոբիլիզացիայի, ե՜ւ ռազմական լոգիստիկայի կազմակերպման մասին է, որի գլխավոր պատասխանատուն եղել է ոչ այլ ոք, քան ինքը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը նաեւ պետք է վաղուց հեռացված լիներ երկրի կառավարումից այդ ամենը ձախողելու համար։
Այն հանգամանքը, որ Փաշինյանը իր ցուցմունքի մեջ կենտրոնանում է միայն հենց դիվանագիտական գործընթացի վրա, միեւնույն ժամանակ՝ ե՜ւ այլ բնագավառներում տապալման պատասխանատվութնունից խուսափելու փորձ է, ե՜ւ ենթագիտակցական խոստովանություն, որ առաջին հերթին հենց դիվանագիտության ձախոխմամբ է նա այս աղետը բերել մեր ժողովրդի վրա։
Հասարակությանն ապակողմնորոշելու եւ մանիպուլացնելու նպատակով ելույթի երկարաշունչ «գիտակցության հոսքում» նա այնքան սուտ եւ տգիտություն է արտահայտել, որ այդ ամենին հանգամանալից կանդրադառնամ առանձին հոդվածով»։