Բաժիններ՝

«Գծից այն կողմ»՝ կրտսեր Էդգար Էլբակյանի սերն ու երազանքը մեկ ներկայացման մեջ

Հունիսի 30-ին Էդգար Էլբակյան կրտսերի 40-ամյակն է։ Հավերժ 18-ամյա Էդգարի ստեղծագործությունների մի մասը մայրը՝ վաստակավոր արտիստ Աննա Էլբակյանը, և քույրը՝ ռեժիսոր, դերասանուհի Լիլի Էլբակյանը, ամփոփել են մեկ ներկայացման մեջ՝ «Գծից այն կողմ»։ Լուսավոր ու սիրով լեցուն այս ներկայացումը ճիշտ այնպիսին է, ինչպիսին Էդգար Էլբակյանն էր՝ հավերժ երազող, ստեղծագործող, ընկերասեր և ուժեղ։

Ներկայացման փակ դիտումը տեղի ունեցավ հունիսի 14-ին՝ Խամաճիկների պետական թատրոնում, այն կներառվի թատրոնի խաղացանկում։

Տաղանդավոր երիտասարդի ստեղծագործությունների հիման վրա բեմադրությանը մայրն և քույրը մեծ պատասխանատվությամբ են մոտեցել, շուրջ մեկ տարի շարունակ փորձեր են անցկացրել դերասանական անձնակազմի հետ։

«Միշտ ուզում էի Էդգարի գործերը բեմադրել, ու չէր ստացվում, ներկայացումը մայրիկիս հետ եմ արել, որովհետև ուզում էինք լավը լիներ, հայրս է օգնել։ Այն հուշ երեկո չէ, լուսավոր ներկայացում է, դժվար է բեմադրել մեկի գործերը, որին շատ լավ գիտես։

Կարդացեք նաև

Էդգարի գործերից երեք պատմվածք է ներառված բեմադրության մեջ, երգերից և բանաստեղծություններից, այդ ամբողջը հավաքել ենք մեկ սյուժեի մեջ, որը մենք ենք հորինել։ Փորձել ենք հետաքրքիր ներկայացում բեմադրել՝ նվիրված Էդգարի 40- ամյակին»,- 168.am հետ զրույցում ասաց Լիլի Էլբակյանը։

Աննա Էլբակյանն էլ խոստովանեց, որ հատկապես դժվար էր բեմադրել պատմվածքները, քանի որ դրանք սյուժետային չեն։

«Էդգարի էությունը շաղախված է ամբողջ ներկայացման մեջ։ Ներկայացման գլխավոր դերակատարը և անձնակազմի մեծ մասը երիտասարդներ են, նպատակը եղել է փոխանցել այն ժամանակվա պոետիկ շունչը։ Մենք հիշում ենք այն ժամանակ՝ 2000 թվականին, 20, 18, 19, 17 տարեկան երիտասարդներին, դեռ շատ բան կոտրված չէր, հույսը, ապագայի հանդեպ լուսավոր սպասումը երիտասարդների մեջ շատ էր։ Ամբողջ ներկայացման մեջ մենք տեսնում ենք, որ կարմիր գծի նման գնում են հետևյալ արժեքները՝ հույսը, հավատը, եսասեր չլինելը, մեծին կարեկցելը, ինչ-որ մեկին ձեռք մեկնելն ու ճահճից հանելը, ինչպես Էդգարն էր ասում իր բանաստեղծության մեջ»,- շեշտեց Աննա Էլբակյանը։

Ներկայացումը նաև սիրո, մաքուր ու զուլալ սիրո մասին է։

«Հույս ունեմ, որ ներկայացման հանդիսատեսի մեծ մասը երիտասարդներ կլինեն, որովհետև մեծերն արդեն ունեն այդ լեցունությունը, բայց երիտասարդների համար շատ կարևոր է այդ ներկայացման խորհուրդը, սիրո, ինքնազոհաբերության գաղափարը»,- ընդգծեց Ա. Էլբակյանը։

Տարիների հեռվից Լիլին հիշում ու ժպտում է. թութակի նման Էդգարի բոլոր արածները նրանից հետո կրկնում էր, նրանից սովորում, որ պետք է լինել ընկերասեր ու մարդկանց օգնող։

«Էդգարին հնարավոր չէ չհիշել, եթե մեկը երբևէ շփվել է Էդգարի հետ, նրան չի կարող մոռանալ։ Նա անընդհատ ստեղծագործող մարդ էր, երգեր ու պատմվածքներ էր գրում, նա այդպես էր ապրում։ Շատ լուսավոր մարդ էր, թեպետ նրա գործերը մի քիչ տխուր են։ Փորձել ենք իր հոգին դնել ներկայացման մեջ՝ ինչպես էր նա այս աշխարհը տեսնում, ինչպես էր սիրում ու պատկերացնում։

Էդգարը շատ էր սիրում մարդուն, սիրում էր ամեն տեղ համախմբել բոլորին ինչ-որ լավ մտքի շուրջ, բակում, օրինակ, թատրոն էր ստեղծել, ամենաթույլերին պաշտպանում էր։ Բակում տղա ունեինք, ով վախենում էր մուտքի մոտով անցել, բայց երբ տեսնում էր՝ Էդգարն այնտեղ է, անցնում էր, որովհետև Էդգարը հետևում էր, որպեսզի ինքն անցնի։ Էդգարը սովորեցնում էր՝ եթե ընկերոջդ հետ բան է պատահում, ապա դու պետք է օգնես նրան, նա այդպես էլ մահացավ՝ փրկելով ընկերոջը։ Այդ դաստիարակությունը իմ մեջ էլ է ու շատ կարևոր է: Այսօր ամեն մարդ եսասեր է, ինքն ու իր շահերը, Էդգարն այդպիսին չէր։ Այնպես չէ, որ այսօր Էդգարը մեզ հետ չէ՝ ես մեծարում եմ նրան, ոչ, նա հենց այդպիսին էր, նա այդպես էր ապրում։ Իսկ մենք էլ մեր հերթին փորձում ենք այս աշխարհը մի քիչ լուսավոր դարձնել»,- հավելեց Լիլի Էլբակյանը։

Դերասանուհու համար ամենադժվարը Էդգարի հանդեպ կարոտին դիմանալն է.

«Ամենադժվար բանը կարոտն է, որը չես կարող հաղթահարել։ Մայրս՝ Աննա Էլբակյանը, կարոտի մասին երգ է գրել, և այս ներկայացումն այդպես էլ ավարտվում է կարոտ երգով՝ կարոտ դեպի Էդգարը»,- եզրափակեց դերասանուհին։

Էդգարի մահը չի չարացրել Աննա Էլբակյանին աշխարհի ու մարդկանց հանդեպ, թեպետ մահվան չափ դժվար է եղել որդու կորստի ցավը տանել, նույնիսկ չի կարողացել նայել որդու ալբոմները։

«Ինձ ապրեցրել է հաջորդ սերնդի մեջ ներդրում ունենալը, ես չպիտի չարանամ։ Ի սկզբանե որոշեցի, որ երբեք չեմ տալու այն հարցը, թե ինչու իմ որդին չկա, բայց մյուսների որդիները կան, քանի որ որոշել էի, որ իմ ունեցած ամբողջ ունակությունը, կարողությունը ներդնելու եմ հաջորդ սերնդի մեջ, որոնք ինչ-որ չափով իմ կարիքը կունենան։ Եվ այնպես եղավ, որ պատերազմից հետո շատ որդեկորույս մայրեր ունեցան իմ կարիքը, այդ մայրերից շատ ընկերներ ունեմ։ Եթե նպատակ կա, դու արդեն քո ցավի մասին մոռանում ես, եթե կա նպատակ, դու ավելի շատ ներդրվում ես, քան վերապրում։ Այս որոշումն ինձ մոտ հենց առաջին օրը կար…

Էդգարը շատ նման էր իր Էդգար Էլբակյան պապիկին, վերջերս պատմում էի, որ նույնիսկ ծնվել է ատամով, ինչպես իր պապը։ Նա մեծ հումոր ուներ, լուրջ չէր վերաբերվում իր գրածներին, դրա համար իրենից հետո մենք ուղղակի իր ստեղծագործությունները պեղել ենք՝ լուցկու տուփի վրա, մաթեմատիկայի տետրի հետևում, 6 տարեկանում այնպիսի բաներ էր գրել…

Էդգարի մոտ ամեն ինչ խաղ էր, ինչպես իր պապիկն էր, թեթև, երգելով, սուլելով»,- անցածը հիշելով պատմեց դերասանուհին։

Զրուցեցինք նաև ներկայացման գլխավոր հերոս Արշոյի դերը մարմնավորած Հայկ Սարգսյանի հետ: Նա մեզ պատմեց, որ առաջին դերասաններից մեկն է, որ իմացել է մտահղացման և նման ներկայացում բեմադրելու նախագծի մասին։

«Առաջարկը մեծ ոգևորությամբ եմ ընդունել, որովհետև մի անգամ էլ եմ ասել, որ այստեղ կա հեղինակին հանրությանը ճանաչելի դարձնելու խնդիր, իսկ դա շատ ավելի պատասխանատու է։ Երկար ու դժվար փորձեր ենք ունեցել, հուսամ, ստացել ենք այն արդյունքը, ինչն ի սկզբանե ցանկանում էինք։

Էդգար Էլբակյանին ճանաչել եմ իր երգերով, իսկ որպես գրող՝ ավելի խորը ճանաչեցի ներկայացման շրջանակներում։ Էդգարը ֆանտաստիկ գրող է, հետաքրքիր միտք ունի»,- շեշտեց դերասանը: Նրա գնահատմամբ՝ ներկայացման մեջ կան կյանքի բոլոր ենթաշերտերը, սեր, երազանք, հավատ, հույս։

«Կարծում եմ՝ ամենակարևոր ուղերձն այն է, որ փորձել ենք ցույց տալ, թե կյանքում ինչն է կարևոր և ինչը՝ ոչ»,-եզրափակեց երիտասարդ դերասան Հայկ Սարգսյանը։

Տեսանյութեր

Լրահոս