Եթե քաղաքական գործիչ ես՝ դու քեզ համար դաշտ բացիր, էդ ո՞ւմ համար եք դաշտը բացում. չի՛ կարելի ոչնչացնել քո իսկ էլիտային, 1915թ. թուրքական մեխանիզմն է, որ Ցեղասպանությանը դիմադրող օջախներ չլինեն. Էդգար Էլբակյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքագետ, «Հայկական նախագիծ» գիտակրթական կենտրոնի համահիմնադիր Էդգար Էլբակյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Թուրքական մեխանիզմը շատ պարզ էր 1915 թվականին՝ հավաքել հայկական էլիտային ու վերացնել, որ Ցեղասպանությանը դիմադրող օջախներ չլինեն։ Ես այս լույսի տակ եմ նայում ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դեմ ծավալված այս արշավը։ Չի՛ կարելի ոչնչացնել քո իսկ էլիտային։ Քննադատությունը մի բան է, բայց այն, ինչ հիմա է տեղի ունենում, քննադատություն չէ, ոչնչացում է։ Ինձ դեռևս 2001թ․ արցախցի ֆրանսաբնակ ծանոթներիցս մեկն էր պատմել․ թուրք դիվանագետներից մեկն իրեն ասել էր՝ մեզ համար խնդիր է ձեր Սահմանադրությունը, գերբը և ղարաբաղցիներն առհասարակ։ Այնպես որ, ՀՀ նախկին երկու նախագահների դեմ սկսված արշավի թեմայի մեջ կա արտաքին պատվեր։ Այդ հարձակումների թիվ 1 շահառուն թուրքերն են՝ Հայաստանի թշնամիները, որպեսզի Հայաստանում ազնվական դաս չմնա։ Չի կարելի թշնամիներին զուգահեռ ձայնակցել։ Եթե կա սրտացավություն, եթե նպատակը թուրքական ջրաղացին ջուր լցնելը չէ, ինչո՞ւ եք ասում՝ թող նրանք հեռանան, դաշտը բացեն։ Եթե քաղաքական գործիչ ես, ապա դու քեզ համար դաշտ բացիր։ Ինչո՞ւ պիտի Դաշնակցությունը, ՀՀԿ-ն չլինեն։ Էդ ո՞ւմ համար եք դաշտ բացում, դա թուրքերի մոտիվն է։
  • Ազգային էլիտան, բոլոր մահկանացուների պես, ունի իր անցյալի սխալները, բայց այդ մարդիկ հենց այնպես չեն դարձել նախարար ու նախագահ։ Երբ անգամ Երևանում 90-ականների սկզբին այդ հավատը չկար, որ հաղթելու ենք, երբ ազգային պայքարի դրոշն այսօրվա պես գետնին ընկած էր, այդ մարդիկ հանձն առան բարձրացնել այն ու գլխավորել պայքարը։
  • Հայաստանում այսօր, ցավոք, քաղաքականության պատվիրատու որպես՝ հանդես են գալիս արտաքին ուժերը։ Նշանառու օպերատորը միշտ Թուրքիան է եղել՝ եկեղեցուն, արցախցիներին, հայ կնոջ կերպարին խփել, միշտ իրենց գործն է եղել՝ Արևմուտքի «նավոդկով»։

Կարդացեք նաև

  • Դու հնարավորություն չունե՞ս Քոչարյանին կամ Սարգսյանին զանգելու։ Կարող է՝ զանգես, անջատե՞ն։ Զանգի՛ր, ասա՛ ասելիքդ։ Բայց սա քննադատություն չէ, այլ «կատոկ» է միացրած, որին միացել են մարդիկ, ովքեր չպետք է միանային։ Ես դեմ եմ այն տեսակետներին, թե հոգևորականն իրավունք չունի քաղաքականությամբ զբաղվել։ Ինչո՞ւ չունի, ինքը հայ չէ՞։ Իհարկե, հոգևորականն իրավունք ունի զբաղվել քաղաքական հարցերով, դրանք երկրի, պետության հարցերն են:
  • Այսօրվա պայքարն ազգային-ազատագրական պայքար է, որը ռեյտինգ էլ չի պահանջում։ Պատա՞ստ եք այդ պայքարին, պատրա՞ստ եք վերցնել գետնին ընկած տապալված դրոշը, եկեք, մոտեցեք։ Այդ պայքարը զոհողություն է պահանջում։
  • 2021թ․ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի վարկանիշն աճեց այն ժամանակ, երբ Սերժ Սարգսյանն անձամբ միացավ ընտրարշավին։ Նույնը՝ Ռոբերտ Քոչարյանի դեպքում։ Չի կարելի անդադար խոսել անտիռեյտինգի մասին։ Ապամոտիվացնում եք։ Դրանք հաղթահարելու ձևերն ասեք։
  • Հանրահավաքի բեմից գործարարների նկատմամբ Բագրատ սրբազանի կողմից արված, մեղմ ասած, քննադատությունը, չի տալու ցանկալի արդյունք։ Չպետք է վանել։ Կեղծ ներառականության փոխարեն՝ պետք է լինի իրական ներառականություն։ Վիրավորելը միշտ կա ու կա, բայց դրանով դու շահակից չես կարող ունենալ։ Ընդ որում, գործարարներն իրական ներառականության կրող են։ 
  • Չէր կարելի բերել և պայքարի շրջանակներում «Սասնա ծռերին» լեգիտիմացնել:
  • Ազգային-ազատագրական պայքարը կարող է հաջողել, եթե բոլորը, առաջնորդից սկսած, նահանջելու տեղ չունենան։
  • Սրբազան պայքարի ներկայիս մոտեցումը, իմ կարծիքով, հետևյալն է՝ «Անենք, կլինի՝ կլինի, չէ՝ չէ, 2026թ․-ին ընտրություններ կլինեն»։ Այդպես չի լինում։
  • Աշխարհում բոլոր պետություններն ունեն դաշնակիցների կարիք։ Հայաստանը, լավ-վատ, ուներ դաշնակից՝ Ռուսաստանի Դաշնություն, և մի գործընկեր, որի հետ ճիշտ աշխատելու դեպքում կարելի էր հարաբերությունները զարգացնել մինչև ռազմավարականի՝ Իրանը։ Բոլորի հետ Հայաստանի հարաբերությունները փչացրեցին այս իշխանությունները, որ հեռացնեն Ռուսաստանին ու սահմանափակեն Իրանի հետ հարաբերությունները։ 

  • Հայ-իրանական սահմանից ռուս սահմանապահների դուրսբերումը հղի է նրանով, որ դու կորցնում ես քո ինքնուրույնությունը, սուբյեկտայնությունը։
  • Վտանգի դեպքում Իրանը կարող է ասել՝ ձայն հանեք, սիրելի հայեր, եթե դուք չկաք, ու այդ տարածքը Արևմտյան Ադրբեջան է, ուրեմն մեզ համար էլ Հյուսիսային Իրան է։ Ընդ որում, պաշտոնական Թեհրանը երբեք իր պատմական նվիրական երազանքներին քաղաքական ձևակերպում չի տվել և անկախ Հայաստանի պատմության ոչ մի ժամանակաշրջանում որևէ նկրտում չի ունեցել։
  • Երկիրը սարքում են տարածաշրջանային մոթել։ Երբ դու քեզ ապասուբյեկտայնացնում ես, քեզ անպատկառ կնոջ պես առաջարկում ես՝ դիմացը մի բան ստանալու ակնկալիքով, ումի՞ց` ի՞նչ ես սպասում։ 
  • Մեր ժողովուրդն իրոք Արևմուտքը չի ճանաչում։ Չեն պատկերացնում Արևմուտքի պրագմատիզմն ու դաժանությունը։ Ռուսները դուրս կգան, ՆԱՏՕ-ն կգա, քեզ ռուսներից ավելի վատ կքաշի։ Պաշտոնապես հայտարարում եմ՝ ՆԱՏՕն ավելի ցինիկաբար է վարվելու։
  • Այն, որ մոսկովյան հանդիպումների ժամանակ Զանգեզուրի միջանցքի թեման քննարկվել է, ինձ համար անկասկած է։ Ի վերջո, հասկացան, որ սա` Նիկոլ Փաշինյանը, ուզում է տալ Միջանցքը, բայց՝ Արևմուտքին։ Ռուսները հասկացել են, որ կա՛մ սա տալու է, կա՛մ այնպես է անելու, որ պատերազմով բացվի, ու, հետևաբար, ամեն ինչ անելու են, որ հսկողը հենց իրենք լինեն։ Ռուսների ցարական մոտեցումը մեկն է՝ ունե՞ս ռազմական ներկայություն, ուրեմն ունես ազդեցություն։ Այդ ճանապարհի ճակատագիրը կախված է ռուս-թուրք-պարսկական մեծերի խոսակցությունից։ Հայաստանի իշխանություններն են հասցրել սրան, էս վիճակին, երբ ուրիշներն են մեր ճակատագիրը որոշում:
  • Իրանին պետք չէ ոչ թերագնահատել, ոչ գերագնահատել։ Այսօրվա պատերազմական իրավիճակում Իսրայելն է արդեն խեղճանում Իրանից։


  • Նախիջևանում Ադրբեջանի կազմակերպած զորավաժություններն Իրանի դեմ չեն ուղղված։ Միանշանակ մեր դեմ է նրանց այդ պատրաստությունը։ Մի քանի սցենարներ ունեն։ Մեկը Տիգրանաշենն է։ Մյուսը Սյունիքի Զանգերի սցենարն է, որտեղ այնքան են մոտեցել, որ Քաշաթաղի կողմից թուրքերը հեռադիտակով կարող են իրար տեսնել պարզ եղանակին։
  • Փաշինյանը սպառնալիք է շատ երկրների համար, բայց այն երկրները, ում անվտանգության համար ինքը սպառնալիք է, իրենց հարցերը լուծելու են Հայաստանի հետ, Հայաստանի հաշվին։ 
  • Մեր ամբողջ խնդիրը ներսում է։ Չի կարելի ազգային բջիջներին, ազգային օրգանիզմներին ուղղակի դնել ու ոչնչացնել, «քլնգել», նրանց դեմ արշավներ կազմակերպել, ինչը որ այսօր արվում է ՀՀ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի դեմ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031