Առյուծները միշտ առանձին են, իսկ «շակալները»՝ միասնական. Գրիգորի Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության կարիք կա

«Եթե մենք իսկապես իրավական երկրում ապրեինք, կարծում եմ, փաստաբանի ներկայությունը բավարար կլիներ, որ յուրաքանչյուր մեղադրյալի իրավունքներն իրավունքի տեսանկյունից պաշտպանված լինեին, բայց մենք ապրում ենք մի երկրում, ուր իշխանություններն իրենք են ոտնահարում մարդու իրավունքները»,- այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ ասաց գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնության անդամ, ռազմական փորձագետ, վելուծաբան Հայկ Նահապետյանը:

Ըստ նրա՝ նախաձեռնող խմբի համոզմամբ՝ գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի իրավունքների համար անհրաժեշտ է հանրային աջակցություն:

«Նախաձեռնող խմբի կազմում 12 անձ կա: միայն Գրիգորի Խաչատուրովը չէ, այսօր թիրախավորված են զինվորականները»,- ասաց Հայկ Նահապետյանը՝ հաջորդիվ ներկայացնելով տեղեկություններ Գրիգորի Խաչատուրովի, նրա անցած մարտական ուղու ու զինվորական կենսագրության մասին:

Ապա քննչական մարմիններում երկարամյա աշխատանքի փորձ ունեցող գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը մանրամասներ ներկայացրեց Գրիգորի Խաչատուրովին առնչվող քրեական վարույթից:

Իր խոսքում նախաձեռնության անդամ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Միքայել Համբարձումյանը նկատեց՝ իրենք ԱԱԾ աշխատակիցներ են և երբեք չեն զբաղվել մարդու իրավունքների պաշտպանությամբ. Իրենց մտահոգության շրջանակն ազգային անվտանգության հետ կապված խնդիրներն են:

«Փաստացի մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում: Երկիրն ունի անվտանգության հետ կապված գլոբալ խնդիրներ, և դրանց հաղթահարման միակ ճիշտ միջոցը համախմբումն է: Բայց այսօր բանակի ղեկավարումից, զինվորական գործից հեռացվում են մարդիկ, ովքեր այդ գործի գիտակներն են: Նույնը՝ անվտանգության ծառայությունից, ոստիկանությունից: Սա լրջագույն պրոբլեմ է: Գրիգորի Խաչատուրովի՝ բանտում գտնվելը այդ շարքից է»,- ասաց Միքայել Համբարձումյանը:

Նախաձեռնող խմբի անդամ է նաև երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը, ով 44-օրյա պատերազմում կորցրել է իր ժամկետային զինծառայող որդուն:

«Կենդանիների աշխարհում առյուծները միշտ առանձին են, իսկ «շակալները»՝ միասնական: Ցավոք սրտի, մեր հասարակությունում և «շակալների» քանակը, և նրանց համախմբման որակը բարձր է, բայց մենք դատապարտված ենք առյուծ անհատների միասնությանը հասնելու, որովհետև այլ ելք չունենք»,- ասաց Դավիթ Ամալյանը:

Զոհված զինծառայող Հայկազ Մկրտչյանի մայրն էլ՝ Գրիգորի Խաչատուրովի իրավունքների հանրային պաշտպանության նախաձեռնող խմբի անդամ Աննա Մկրտչյանը, իր խոսքում հիշեցրեց գեներալ-մայոր Խաչատուրովի ղեկավարած 3-րդ բանակային կորպուսի մարտունակության մասին:

Նախաձեռնող խմբի անդամ է նաև զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը:

«Մենք՝ «Որդիների կանչ» հկ-ն, առանձին հայտարարությամբ է հանդես եկել՝ ի պաշտպանություն Գրիգորի Խաչատուրովի: Մանրամասն ներկայացրել ենք՝ ինչու օրվա իշխանությունները գնացին այդ քայլին: Մեր հայտարարության մեջ նշել էինք՝ եթե կալանավորում են Գրիգոր Խաչատուրովին, ուրեմն սպասվում է նոր տարածքների զիջում և նոր զոհեր»,- ասաց Հակոբ Ռոստոմյանը:

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի խոսքով էլ՝ իրենց համախմբման առանցքում իրական հերոսի, իրական գեներալի ազատության պահանջն է: Նա հարցը դիտարկեց մի քանի ոլորտներում՝ գիտական, կրթական և սիմվոլիկ:

«Գրիգորի Խաչատուրովն այն գեներալներից է, որը դուրս է եկել անկախ Հայաստանի ռազմական կրթական հաստատություններից: Բացի դրանից, նա ռազմարվեստի գիտակ է: Ես առիթ եմ ունեցել լսել նրա դասախոսությունը, որը ստրատեգի ներկայացրած դասախոսություն էր Հայաստանի անվտանգային խնդիրների հետ կապված: Խոսքը մի գեներալի մասին է, որը ռազմարվեստի բոլոր հմտություններին տիրապետում է գիտական առումով, և դրանք նա կիրառել է պրակտիկայում՝ լինելով հաղթած գեներալ: Հեկտարներով հողեր հանձնածները մեղադրում են հեկտարներով հողեր ազատագրածներին»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը՝ հավելելով, որ Գրիգորի Խաչատուրովը նաև համեստ գեներալ է, և անհրաժեշտ է, որպեսզի հանրությունը նրան ճանաչի՝ որպես սիմվոլի:

«Կամք» հասարակական կազմակերպության հիմնադիր Վահագն Չախալյանն իր խոսքի մեջ նկատեց՝ Գրիգորի Խաչատուրովի ազատության հարցը ՀՀ պետականության հետ կապված հարց է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս