Ոնց որ սուր գործիքների ենք հասել.կառուցապատողնե՛ր, այսուհետ խիստ ենք մոտենալու. Տիգրան Ավինյան
«Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանում ընթացքում գտնվող բազմաբնակարան բնակելի շենքերի և այլ օբյեկտների շինարարական աշխատանքների նկատմամբ վերահսկողություն իրականացնելու արդյունքում կազմվել է թվով 32 արձանագրություն»,- ապրիլի 17-ին Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետ Յակով Ասատրյանը՝ մանրամասնելով, որ 32 արձանագրություններից 11-ն ապօրինի շինությունների կառուցման և հողազավթումների դեպքերն են, 20 արձանագրությունները շինհրապարակների համար սահմանված պայմանների չպահպանման դեպքերն են, և մեկ արձանագրություն սանիտարական պայմանների խախտման՝ շինաղբի կուտակման դեպք է արձանագրվել:
«Կա մեկ կարևոր, կոպիտ խախտման դեպք. Արշակունյաց 192 հասցեում բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման համար ստացված շինարարության թույլտվությամբ իրականացվող աշխատանքների ընթացքում նախագծի պահանջներից դուրս իրականացվել են լրացուցիչ երկու հարկի երկաթբետոնե սյուների, ծածկի կառուցման աշխատանքներ: Տվյալ կառուցապատողը առձեռն ստացել է ծանուցում՝ նախագծային շեղումները բացառելու վերաբերյալ: Ուզում եմ նշել, որ բոլորիս հայտնի է՝ օրենքի չիմացությունն անձին պատասխանատվությունից չի ազատում: Ոչ հեռու անցյալում զբաղեցնելով Առողջապահության վարչության պետի պաշտոնը, ոլորտից ուզում եմ մեջբերում իրականացնել. ծանուցման գործընթացը ենթադրում է կանխարգելիչ միջոցառում: Կանխարգելենք, որ տվյալ ընթացքը վիրաբույժին չհասնի, որովհետև բոլորիս հայտնի է, որ վիրաբույժին հասնելու դեպքում հիմնականում սուր գործիքներով իրականացվում են համապատասխան միջամտություններ՝ տվյալ խնդիրը կամ բուժումն իրականացնելու համար»,- նկատեց Յակով Ասատրյանը:
Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց. «Վերջին նկարագրած դեպքով ոնց որ սուր գործիքներին հասել ենք: Հավելյալ ծավալները պետք է քանդվեն: Այսուհետև քաղաքապետարանն ավելի խիստ է մոտենալու և՛ շինարարական ստանդարտներին, և՛ նախագծից ծավալային ավելացումներով շեղումներին: Բոլորին խնդրում եմ՝ չշեղվել ձեր իսկ կողմից տրված նախագծերից, որովհետև քաղաքապետարանը հետևողականորեն շարունակելու է ակտերի ավելացման գործընթացը»: