«Մտածում էին, որ Արցախը տան՝ Սյունիքը, Երևանը խաղաղ ապրելո՞ւ է. ցավալին այն է, որ դրանից ամբողջ ազգն է տուժում». Խնապատի գյուղապետ

Ապրիլի 5-ին Արցախի Հանրապետության ՆԳ նախարարությունից տեղեկացրել էին, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, նշանառության տակ վերցրել այս անգամ՝ Ասկերանի շրջանի Խնապատ համայնքի 48-ամյա բնակիչ Ռոբերտ Բեգլարյանին:

Վերջինս ժամը 16:00-ի սահմաններում Խնապատ գյուղի վարչական տարածքում իրեն պատկանող «Բելառուս-82» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս՝ հայտնվել է ադրբեջանցի զինծառայողների թիրախում:

Հարակից մարտական դիրքերից հրաձգային տարբեր զենքերով կրակել են Արցախի բնակչի ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

168.amի հետ զրույցում Խնապատի գյուղապետ Սամվել Շարմանյանն ասաց, որ նման կրակոցները սովորական բնույթ են կրում, Ադրբեջանը գրեթե ամեն օր է կրակում։

Կարդացեք նաև

«Այս անգամ էլ կարծեք թե որևէ տարբերություն չկար, ինչպես միշտ՝ թշնամին կրակել է դաշտում աշխատող մարդկանց ուղղությամբ՝ թիրախում տրակտորն է եղել, տրակտորի վրա են կրակել։ Կրակոցներից հետո աշխատանքները դադարեցվել են։

Թուրքերի կրակոցների դեմ մենք իմունիտետ ենք ձեռք բերել, հենց կրակում են, այդ պահին աշխատանքները դադարեցնում ենք, 1-2 օր հետո նորից՝ վերսկսում։ Այլ տարբերակ չունենք, ճարներս ինչ, եթե այստեղ ենք ապրում, ապա մեր հողը պետք է մշակենք»,- շեշտեց Սամվել Շարմանյանը։

Խնապատի գյուղապետը տեղեկացրեց, որ Արցախի շրջափակման պայմաններում դժվարություններ ունեն սերմացուի ու դիզվառելիքի հարցում, սակայն ամեն ինչ անում են, որ խնդիրը լուծվի, աջակցում է նաև Արցախի Կառավարությունը։

«Հիմա տեսեք՝ թշնամին արդեն Տեղ գյուղում է, ի՞նչ կարող եմ ասել, սյունեցիներից շատերն ասում էին՝ եթե Արցախը չլիներ, մենք միլիոնատեր կլինեինք, ես հիմա ի՞նչ կարող եմ ասել սյունեցուն։ Մտածում էին, որ Արցախը տան՝ Սյունիքը, Երևանը խաղաղ ապրելո՞ւ է։ Ես ոչինչ չունեմ ասելու, գիտե՞ք՝ ցավալին որն է, որ դրանից ամբողջ ազգն է տուժում, սա է ամբողջ խնդիրը»,- եզրափակեց Սամվել Շարմանյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Արդեն 116-րդ օրն է՝ 120 հազար արցախահայեր Ադրբեջանի շրջափակման հետևանքով ապրում են հումանիտար աղետի մեջ։

Տեսանյութեր

Լրահոս