Ադրբեջանական կողմից 5 փամփուշտ հայտնվել է բնակչի տանիքում, մարդիկ  մտահոգված են, քիչ բան չեն տեսել. Ներքին Հանդի վարչական ղեկավար

Այսօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ  ժամը 08:00-09:00-ն ընկած ժամանակահատվածում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։

«Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Ներքին Հանդի բնակելի տան գնդակոծման փաստը և հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- ասված է հաղորդագրության մեջ։

168.am հետ զրույցում Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն ասաց, որ ադրբեջանական կողմից 5 փամփուշտ հայտնվել է բնակիչներից մեկի տան տանիքում, որն ամբողջությամբ վնասվել է։

«Այս պահին հանգիստ է, կրակոցները եղել են առավոտյան։ 2023 թվականի փետրվարին, երբ ադրբեջանական կողմից հարձակվեցին, ու մենք այստեղ զինվորների շրջանում զոհեր ունեցանք, իրենք որոշ ժամանակ լռել էին։ Գրեթե մեր ուղղությամբ կրակոցներ չէին եղել մինչև այս տարվա մայիսի վերջ։ Մայիսի վերջից սկսած՝ մի քանի անգամ թեթև կրակոցներ եղել են, բայց գյուղում վնաս չէր եղել»,- նշեց Խաչատուր Բաղդասարյանը։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ բնակիչների շրջանում մեծ խուճապ չկա, բայց այնպես էլ չէ, որ այս ամենը նրանց չի վախեցնում։

«Մարդիկ մտահոգված են, վախենում են, քիչ բան չեն տեսել, ամեն ինչ իրենց աչքի առջև է եղել՝ 2022 թվականի սեպտեմբեր, 2023 թվականի փետրվար։

Փառք Աստծո, որ այս անգամ մարդկային զոհեր չունեցանք, տանիքը կնորոգենք»,- շեշտեց Խաչատուր Բաղդասարյանը։

Նշենք, որ 3 ամիս շարունակ ադրբեջանական կողմից կրակում են Սյունիքի ուղղությամբ, մասնավորապես՝ Խնածախ ու Խոզնավար գյուղերի վրա։ Արդյունքում տների տանիքներ, ջրատաքացուցիչներ են վնասվել, նաև՝ մանր եղջերավոր անասուն։

Հիշեցնենք, որ 2022 թվականի սեպտեմբերին ադրբեջանական կողմից հարձակում եղավ Սյունիքի մարզի վրա, սահմանամերձ Ներքին Հանդ գյուղի գերեզմանոցը հայտնվեց Ադրբեջանի Զու վերահսկողության տակ, այսօր տեղի բնակիչները չեն կարողանում այցելել իրենց հարազատների շիրիմներին։

Հիշեցնենք նաև, որ 2023 թվականի փետրվարի 13-ին Ադրբեջանը Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ դիմել էր հերթական սադրանքին՝ ադրբեջանական զինուժի կրակի հետևանքով հայկական կողմն ունեցավ 4 զոհ և 1 վիրավոր: Միջադեպից մեկ օր առաջ՝ փետրվարի 12-ին, Ադրբեջանը հայտարարել էր, որ իբր «հայկական կողմը կրակել է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»։

Ադրբեջանի սադրանքից հետո ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ շեշտելով, որ տեղի կունենա քննություն, և միջադեպի մեղավորները կպատժվեն։ Իսկ դրանից հետո Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարել էր, թե հորդորել է հայ զինվորներին չտրվել սադրանքների, իսկ հրաման խախտողները կենթարկվեն պատասխանատվության։

Տեսանյութեր

Լրահոս