«ժամը 20։00-ից հետո դուրս չենք գալիս, ոչ էլ մեր երեխաներին ենք թողնում դուրս գան, վախենում ենք, ի՞նչ գիտենք՝ ի՞նչ կարող է լինել, գան՝ գյուղից վերցնեն, տանեն, ո՞վ է իմանալու՝ ինչ եղավ». Խնածախի բնակիչ

Սյունիքի մարզի Խնածախ գյուղում ադրբեջանական կրակոցները նվազել են, դրանք արդեն հատուկենտ բնույթ են կրում, այն էլ՝ գիշերները։ Խնածախի բնակիչներից մեկի խոսքով՝ չնայած կրակոցները հազվադեպ են դարձել, բայց սա չի նշանակում, որ ցանկացած պահի չի կարող իրավիճակը լարվել։

«Այսօր գիշերը չեն կրակել, երեկ գիշերն ընդամենը մեկ անգամ են կրակել։ Նախկինում նրանց կրակոցները թիրախային բնույթ էին կրում, վնասում էին տներ, տանիքներ, հիմա միայն օդ են կրակում, այն էլ՝ հազվադեպ, այնքան որ, տկտկացնում են, էլի»,- 168.am հետ զրույցում նշեց մեր զրուցակիցը՝ խնդրելով չհրապարակել իր անունը։

Ըստ մեր զրուցակցի, որքան էլ բառերով նկարագրի իրավիճակը, մեկ է՝ այն չէ, ինչ գնալ և տեղում տեսնել։

«Լավ է, փիս է, պետք է բոլորդ գաք ձեր աչքով տեսենք։ Երեկոյան ժամը 20։00-ից հետո դուրս չենք գալիս, ոչ էլ մեր երեխաներին ենք թողնում դուրս գան, վախենում ենք, ի՞նչ գիտենք՝ ի՞նչ կարող է լինել, գան՝ գյուղից վերցնեն, տանեն, ո՞վ է իմանալու՝ ինչ եղավ։ Հիմա էլ ասում են՝ Սյունիքով ճանապարհ տանք, այդ ճանապարհը մի կողմից լավ է, որ մեր երկրի ճանապարհները բոլորը կբացվեն, մյուս կողմից էլ՝ Հայաստանի իշխանությունները կարողանալո՞ւ են ապահովել անվտանգությունը, կասկածում եմ։ Եթե այդ ճանապարհով պետք է ադրբեջանցիներ անցեն, նշանակում է՝ արդեն անվտանգ չէ մեզ համար»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Կարդացեք նաև

Նրա փոխանցմամբ՝ Խնածախում թերահավատորեն են վերաբերվում Նիկոլ Փաշինյանի՝ «Խաղաղության պայմանագիր» ստորագրելու և խաղաղություն բերելու մասին հայտարարություններին, վստահեցնում է՝ ադրբեջանցիների հետ խաղաղություն միայն մեկ դեպքում է հնարավոր՝ եթե հզոր ես, մյուս դեպքում՝ խաղաղությանը չեն հավատում։

«Գիտեք՝ ինչպես է, մարդուն երբ ծայրահեղ վիճակում ուզում են վիրահատել, բայց հույս չկա, բժիշկն ասում է, չէ՞, ապրելու հավանականությունը հիսուն-հիսուն է, հիմա այս խաղաղությանն է՝ հիսուն-հիսուն է։ Մենք չգիտենք՝ կուլիսներում ինչ է կատարվում, բայց գիտենք, որ խաղաղություն դժվար թե լինի, ոչ թե նրա համար, որ մենք չենք ուզում, այլ՝ հաշվի առնելով Ալիևի գործողություններն ու հայտարարությունները։

Մենք նաև չենք պատկերացնում ադրբեջանցիների հետ կողք կողքի ապրելը, այդքան զոհ ունեցանք, այդքան կորուստ, հիմա նրանց հետ ինչպե՞ս մեկ տարածքում ապրենք»,- հավելեց Խնածախի բնակիչը։

Նա նաև շեշտեց՝ եթե ադրբեջանցին հասավ Սյունիք, հաջորդ օրը հասնելու է Երևան, հետևաբար՝ մայրաքաղաքում պետք է ուշադրության կենտրոնում պահեն Սյունիքը, չմտածեն՝ հեռու է, ինչ լինում է, թող լինի։

«Ժամանակին ասում էին՝ նախկին իշխանությունները փիսն են, հեռացրեցին, հիմա չե՞նք տեսնում՝ փիսն ով է։ Նախկինում Արցախ ունեինք, Սյունիքն անվտանգ էր, մենք նոր-նոր էինք սկսել ապրել, բայց գլխներիս տվեցին ու կանգնեցրին նույն տեղում, մի բան էլ հետ գնացինք։ Ասում էին՝ նախկինները թալանել են, թող թալանեին, բայց հայրենիք էին պահում, հայրենիքի հանձնումն ավելի մեծ թալան ու հանցագործություն է, ճիշտը մնում է ճիշտ»,- ընդգծեց Խնածախի բնակիչը։

Տեսանյութեր

Լրահոս