Վաղն էլ զոհված տղաների վրա պարտության մեղքը սրանք կբարդեն. որքան հայրենիքը փոքրանում է, այնքան մեծանում են իշխանությունների մարմինները. Բագրատ Սրբազան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը  Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն է:

Զրույցի ընթացքում քննարկված հիմնական թեմաները՝ թեզերով.

  • Զարմանք է՝ դեռ մեր զոհերի, վիրավորների, գերեվարվածների, անհետ կորածների հստակ թիվը՝ անուն առ անուն, չունենք, բայց հանկարծ Աննա Հակոբյանը խոսում է 11 հազար դասալիքի մասին: Սա արդյոք պետական գաղտնիքի ծիրից ներս չի՞… Անհասկանալի է բոլոր առումներով՝ որտեղի՞ց իրեն այդ տվյալները:
  • Սա պարզապես թշնամու օրակարգի թելադրանք է նշանակում, կրկնում է այն, ինչ ասում է թշնամի երկրի ղեկավարը, որի նպատակն է մեր մեջ անընդհատ ներարկել այն միտքը, թե այսպիսին ենք՝ դասալիք, փախստական, ու պետք է գնանք զիջումների՝ հայրենիքի, արժանապատվության…
  • Սեփական մեղքը չընդունելու մի մեծ շարք է սա: Ո՞վ էր պատերազմի օրերին գերագույն գլխավոր հրամանատարը, ի՞նչ միջոցներ է նա ձեռնարկել կանխելու իրենց ասած այդ դասալքությունը: Ի՞նչ է արել պետական ապարատը, ո՞վ էր կանգնած դրա գլխին, ո՞վ էր պատասխանատուն այդ բոլորի համար:
  • Սա մեկ այլ փորձ է՝ մեղադրելու աշխարհազորայիններին, կամավորներին:  Հիմա էլ անցան լայն իմաստով ամբողջ ժողովրդին մեղադրելու: Այս իշխանությունները վաղն էլ կարող է արդեն զոհված տղաների վրա պարտության մեղքը բարդեն…

  • Այսօր մենք պետք է մերժենք իրենց թելադրած օրակարգը ու ստեղծենք մերը: Այսօր սեփական օրակարգը թելադրելու անհրաժեշտություն կա:
  • 44-օրյան հայրենական պատերազմ էր և չի վերջացել, թերևս, չի էլ վերջանալու:
  • Թշնամու մտադրություններն ու ցանկությունները ձախողվեցին Տավուշում, և դրա գլխին կանգնած էր գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը: Այսօր Մարտակերտի գոյությունը պատկանում է երրորդ բանակային կորպուսին՝ իր գնդերին, նախ՝ Վանաձորի, ապա նաև՝ Շամշադինի գնդերին: Հենց երրորդ բանակային կորպուսն է հերոսական մարտեր մղել Բերձորը պաշտպանելու համար: Մարտակերտը փրկել են Վանաձորի ստորաբաժանման տղաները՝ Գրիգորի Խաչատուրովի գլխավորությամբ. նա հայությանն ու հայրենիքին նվիրված զինվորական է, քրիստոնյա:
  • Տավուշյան մարտերի ժամանակ արդեն համացանցում լուրեր էին տարածում Խաչատուրովի մասին, թե իբր նրա միջոցով փորձում են հեղաշրջում անել, իսկ Տավուշում տարած հաղթանակից հետո մոռացան, թե ում միջոցով է իրականում ձեռք բերվել այդ հաղթանակը, ով է կազմակերպել այդ մարտերը, և սուտ հայտարարություններ արեցին,  իբրև թե այդ մարտերը գլխավորել է գերագույն գլխավոր հրամանատարը:
  • Այսօր խոսում են (Նիկոլ Փաշինյանը,- հեղ.) բանակում ներթափանցած 5-րդ շարասյան մասին: Ովքե՞ր էին այդ 5-րդ շարասյան անդամները, եթե տեղյակ էիք, որ նման շարասյուն գոյություն ունի, ինչո՞ւ չեք կանխել, ինչո՞ւ եք պետությունը տարել պարտության: Սա պետությո՞ւն է, թե՞ պարզապես տարածք, որտեղ ժողովուրդ է ապրում:
  • Այս բոլորը միտված է հայոց պետությանն ու ազգին վերջակետ դնելուն: Հասարակության լայն շերտերում այսօր ո՞վ է խոսում Արցախի շրջափակման, գերիների մասին, ամեն ինչ դիտավորյալ մոռացության են տալիս…
  • Ամեն ինչ անում են, որպեսզի բթացնեն մարդկանց գիտակցությունը, միտքը, որպեսզի ցույց տան, թե կյանքը սովորականի պես շարունակվում է… Իրականում մեր կյանքն ընդհատվե՛լ է և կշարունակվի այն ժամանակ, երբ մենք կկարողանանք վեր հառնել: Հիմա Ավագ շաբաթն է, որը մեր կյանքի խորացված պատկերն է: Մենք անցնում ենք խաչելիության ճանապարհը: Մենք մեղքի, անտարբերության և ուրացման մեջ ենք ապրում: Բայց եթե կան մարդիկ, որ մտածում են, թե դեպի գերեզման ենք քայլ անելու՝ սխալվում են, գալո՛ւ է հարության ժամանակը:
  • Այսօր տեղի ունեցողի համար՝ մեզ անընդհատ մեղքի մեջ մղող, բայց մեղքի ամենամեծ կրողը իշխանական այս խումբն է: Այս մարդիկ իրենց որակներով այդպես էլ փողոցից տուն չեկան, ուղղակի մնացին փողոցում…
  • Այս խումբը՝ իրենց ղեկավարի հետ միասին, թշնամության, ատելության մունետիկներ են:

Կարդացեք նաև

  • Դուք ընտրվել եք, պաշտոն եք ստացել ցանկացած քաղաքացու լսելու և ոչ թե՝ ինքնապաշտպանվելու համար:
  • Այս Կառավարության ամենամեծ խնդիրը լսելու ունակություն չունենալն է:
  • Դուք ձեր հեղափոխությամբ ամբողջ մարդկությանը պարտքի տակ եք դրել: Սա ողբերգական երևույթ է, ոչ մի տեղ տանող դժբախտություն:
  • Մենք քայքայված հասարակությունում ենք ապրում, և ներսից են քայքայում: Բարոյականության, ազգի, պետության գոյության խնդիր կա: Այս իշխանություններին ոչ թե պետք է հեռացնեն, այլ իրենք պետք է հեռանան: Չհեռանալը բերելու է նախ՝ ներսի, հետո նաև՝ դրսի քայքայման:
  • Որքան հայրենիքը փոքրանում է, այնքան մեծանում են այս իշխանությունների մարմինները:
  • Բարոյականության և արժեքների ճգնաժամի մեջ ենք, և դա տեղի է ունենում ժողովրդի կյանքի հաշվին:
  • Ճշմարտությունը գերագույն, աստվածային արժեք է, իսկ ուրացումը՝ մարդածին: Այս իշխանությունները մոռանում են հեռացնել ժանգոտած «բուդկաները», բայց լծվել են խաչերը հեռացնելու գործին:
  • Մենք չպետք է վախենանք խոսել, առերեսվել ճշմարտության հետ, ինքներս մեզ հայելու մեջ նայել:
  • Մենք պարտքի տակ ենք, մեզ բոլորիս հայրենիք ու երազ վերադարձնելու պարտքի տակ: Մնացած բոլոր քայլերը ուրացում է:

Տեսանյութեր

Լրահոս