Նեթանյահուի գրասենյակը Էրդողանին «հակասեմիտ բռնապետ» է անվանել
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել է «հակասեմիտ բռնապետ» և հայտարարել, որ Իսրայելը կշարունակի վճռականորեն հակազդել Անկարայի այն գործողություններին, որոնք համարում է տարածաշրջանը ապակայունացնելու փորձեր, հաղորդում է AFP-ը։
Հայտարարությունը հնչել է Սիրիայի շուրջ իրավիճակի սրման ֆոնին։ Մի քանի օր առաջ Դամասկոսը Իսրայելին մեղադրել էր երկրի հյուսիսում՝ թուրքական սահմանի մոտակայքում գտնվող ռազմական ավիաբազային հարված հասցնելու մեջ։ Ավելի ուշ Նեթանյահուն անուղղակիորեն հաստատել էր հարվածի փաստը՝ հայտարարելով, որ Թուրքիան մտադիր էր բազայում ստեղծել իր ռազմական ներկայությունը։ Անկարան, իր հերթին, հերքում է օբյեկտում թուրք զինվորականների առկայությունը։
«Էրդողանը հակասեմիտ բռնապետ է, որը սպանել է քրդերին, աջակցում է ՀԱՄԱՍ ահաբեկչական կազմակերպության հաշվեհարդարներին և ճնշում է սեփական ժողովրդին», — ասվում է իսրայելական վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ։
Գերատեսչությունում հավելել են, որ Իսրայելը «վճռականորեն կգործի տարածաշրջանը ապակայունացնելու Թուրքիայի փորձերի և իր անվտանգության դեմ ուղղված ցանկացած սպառնալիքի դեմ»։
Երկու երկրների հարաբերություններում հերթական սրացումը տեղի է ունեցել Սիրիայի հյուսիս-արևմուտքում՝ Հալեպի շրջանում գտնվող լքված ռազմական ավիաբազային հասցված հարվածից հետո։ Սիրիական ռազմական դիտորդի տվյալներով, բազան կարող էր դիտարկվել Թուրքիայի մասնակցությամբ դրա աշխատանքը վերականգնելու ծրագրերի շրջանակում։ Օբյեկտը չէր օգտագործվում 2012 թվականից՝ քաղաքացիական պատերազմի ընթացքում ստացած վնասների պատճառով։
Թուրքիան հերքում է բազայում ռազմական ներկայության առկայությունը և հայտարարում է, որ շարունակում է աջակցել Սիրիայի ինքնիշխանությանը։
Բացի այդ, ուրբաթ օրը Անկարան հայտարարեց, որ ձգտում է Նեթանյահուի ձերբակալության միջազգային օրդեր ստանալ՝ նրան մեղադրելով «ցեղասպանության» մեջ՝ Գազա ուղևորվող հումանիտար նավատորմի Իսրայելի կողմից կասեցման կապակցությամբ։
Նեթանյահուի գրասենյակում հայտարարել են, որ Էրդողանը փորձում է «Իսրայելի դեմ իր ագրեսիան տարածել նաև Սիրիայի վրա»՝ ընդգծելով. «Իսրայելը դա չի հանդուրժի»։

