Փաշինյանի առաջարկը ո՛չ պրագմատիկ, ո՛չ քաղաքական առումով որևէ ողջամիտ կոնտենտ չի պարունակում. Վիգեն Հակոբյան
«Մարիա Զախարովայի արձագանքն ակնարկ էր բոլորիս, թե Մոսկվայում ինչ են մտածում ՀՀ իշխանության լիդերի մասին: Ընդ որում, սա շատ տագնապալի և ցավալի է, որովհետև այնուամենայնիվ, խոսքը մեր երկրի մասին է, ու ցավալի է, որ այս կերպ են վերաբերվում մեզ, որ մեր երկրի սուվերենությունը շրիշակից ներքև է՝ նաև 680 հազար քաղաքացիների անպատասխանատու ընտրության համար»,- 168.am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովայի երեկվա բրիֆինգի հայաստանյան դրվագներին:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանն օրերս հրավիրած ասուլիսում նշել էր, որ Ղարաբաղի անվտանգության երաշխավորը Ռուսաստանն է, և, որ պատերազմից հետո Հայաստանը չի կարող լինել ԼՂ անվտանգության լիարժեք երաշխավոր, իսկ Կառավարությունը Ռուսաստանի Դաշնությանն առաջարկել էր դիմել ՄԱԿ ԱԽ՝ Արցախում և Լաչինի միջանցքում միջազգային մեխանիզմներ կիրառելու նպատակով:
ՌԴ ԱԳՆ խոսնակն անվտանգության երաշխավորության մասին դիտարկումներին ի պատասխան՝ հղում էր տվել նոյեմբերի 9-ի փաստաթղթին, իսկ ՄԱԿ ԱԽ դիմելու Փաշինյանի առաջարկը համարել «անբացատրելի»՝ նկատելով. «Ես չեմ պատրաստվում բացատրել անբացատրելին»:
Մարիա Զախարովան արձագանքել էր նաև վարչապետ Փաշինյանի մեկ այլ հայտարարության, թե «կան մտահոգություններ, որ ՀԱՊԿ-ը դուրս կգա Հայաստանից»։
«Չգիտես՝ ինչու, ես Բուլգակովին հիշեցի՝ «ով ում վրա էր կանգնած», ու Ստանիսլավսկուն՝ «սիրեք արվեստը ձեր մեջ, և ոչ թե ձեզ՝ արվեստի մեջ»։ Ահա այդ պատճառով ես անմիջապես մտածեցի՝ հարցի այս հատվածը կթողնեմ ձեր հայեցողությանը, փորձեք հասկանալ, թե ինչի մասին է խոսքը»,- հեգնել էր Զախարովան՝ հիշեցնելով, որ անցած տարի ՀԱՊԿ-ը Միացյալ շտաբի պետի գլխավորությամբ առաքելություն էր ուղարկել Հայաստան, բայց «հայկական կողմի պահանջների պատճառով, որոնք խնդրահարույց էին դաշինքի մյուս անդամների համար, դիտորդներ ուղարկելու որոշումը չհաջողվեց ընդունել»։
Մարիա Զախարովայի կողմից այսպիսի արձագանքը, ըստ Վիգեն Հակոբյանի, բխել է հենց Նիկոլ Փաշինյանի խոսույթի էությունից:
«Որովհետև երբ դու Մոսկվային առաջարկում ես՝ եթե չես կարողանում քո խաղաղապահ միսիան ապահովել, դիմիր ՄԱԿ, որպեսզի միջազգային մանդատ ստանաս, նշանակում է՝ կամ ոչինչ չես հասկանում քաղաքականությունից, կամ «ձեռք ես առնում» ՌԴ-ին: Ընդհանրապես այսօրվա միջազգային իրավիճակում նման բան հնարավո՞ր է: Փաշինյանն առաջարկ է հնչեցրել, որը, ըստ էության, ո՛չ պրագմատիկ, ո՛չ քաղաքական առումով որևէ ողջամիտ կոնտենտ չի պարունակում. դրա համար արձագանքը չի եղել լուրջ»:
Վերլուծաբանը համոզված է՝ Նիկոլ Փաշինյանի կողմից անլուրջ հայտարարությունները վկայում են նրա՝ «փակուղու» մեջ լինելու մասին, իսկ փակուղուց ելքը, ըստ նրա, նախևառաջ բանակցողի փոփոխությամբ է պայմանավորված:
«Այսինքն՝ պետք է փոխվի մարդը, որն ամեն անգամ ասում է՝ ուզեցի անել, բայց չեմ կարողանում»,- հավելեց նա:
«ՀԱՊԿ-ի հեռանալու» մասին Փաշինյանի հայտարարությունների մասին իր դիտարկումները Վիգեն Հակոբյանը ներկայացրեց՝ ուշադրություն հրավիրելով այսօր տարածված տեղեկությանը առ այն, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովն այցելել է Եռաբլուր զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել արցախյան պատերազմներում զոհված հերոսների հիշատակին։
«Իմանգալի Թասմագամբետովն առաջին անգամ որպես ՀԱՊԿ ղեկավար՝ Եռաբուր է այցելել. այսինքն՝ իրենք ցույց են տալիս, որ հատուկ վերաբերմունք ունեն, որովհետև մինչև հիմա արարողակարգով Ցեղասպանության հուշահամալիր այցն էր: Ոչ մի երկրի ոչ մի ղեկավար պաշտոնապես չի այցելել Եռաբլուր. սա գնացող կառո՞ւյց է,- շեշտեց քաղտեխնոլոգը՝ արձանագրելով նաև, որ հակառակի մասին են վկայում ՌԴ մասնակցությամբ տարածաշրջանում նոր ձևավորվող ալյանսները,- փորձում են ամրապնդվել տարածաշրջանում»: