Հարցեր, որոնց պետք է պատասխանի Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին հրավիրել էր Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ, որի ժամանակ, մասնավորապես, հայտնել էր, թե արցախյան ներկայացուցիչների հետ երկրորդ հանդիպման ժամանակ Ադրբեջանի ներկայացուցիչը փորձել է քննարկել քաղաքական թեմաներ՝ օգտագործելով ինտեգրացիա բառը, իսկ Արցախի կողմից բանակցողը կանխել է՝ ասելով, որ եթե պետք է քննարկեն քաղաքական հարցեր, դա պետք է լինի Ադրբեջանի կողմից Արցախի անկախության ճանաչման թեման:

Սրանից հետո, ըստ Հարությունյանի, ադրբեջանական կողմն իր խողովակներով փոխանցել է իրենց՝ կամ ընդունում եք ինտեգրացիոն քաղաքականությունը, կամ առկա խնդիրներին որևէ լուծում չի լինելու, հակառակը՝ լինելու են ավելի կոշտ և կտրուկ քայլեր:

«Մենք չենք ընդունել, չենք ընդունում, և այսօր ուզում եմ նորից հայտարարել՝ այն միայն Անվտանգության խորհրդի որոշում չէ, այլ մեր ժողովրդի գերակշիռ մեծամասնությունն ընդունում է, որ մենք մեր անկախության իրավունքից, ինքնորոշման իրավունքից չենք շեղվելու: Իսկ դա նշանակում է, որ առաջիկայում ունենալու ենք տարբեր զարգացումներ, իրավիճակներ, որոնց պետք է դիմակայենք: Մենք ընտրում ենք՝ կամ շարունակել պայքարը, որն ընտրել ենք, կամ, եթե կան այնպիսի տրամադրություններ հանրության մեջ, որ պետք է ընդունել Ադրբեջանի կողմից ներկայացված առաջարկությունը, ապա հնարավորություն ունեն իրենց քաղաքացիական իրավունքների շրջանակում բարձրաձայնել և ասել, որ մեր ընտրած ճանապարհը սխալ է, փորձեն ձևավորել այդ տրամադրությունները, երկրում ձևավորեն նոր իշխանություն: Բայց քանի որ մենք ընտրել ենք պայքարի ճանապարհը, խնդրում եմ առաջին հերթին հարգել մեր որոշումը և ամեն նման մի երևույթի չարձագանքել և ներքաղաքական որևէ ենթատեքստ չտալ»,- ԱԽ նիստում հայտարարել էր Արցախի նախագահը:

Կարդացեք նաև

Արայիկ Հարությունյանի այս հայտարարությունը քաղաքական և փորձագիտական տարբեր շրջանակներ համարեցին չափազանց վտանգավոր: Այսինքն, սրանով Արցախի նախագահը կամա թե ակամա նպաստում է առնվազն մարդկանց խոսույթի մեջ այդ թեզերի գեներացմանը: Այս իմաստով, տարբեր փորձագետների և քաղաքական գործիչների կարծիքով, Արցախի ղեկավարությունն ավելի հստակ պետք է սահմանի՝ ինչ խնդիր է փորձում լուծել այս իմաստով:

Թերևս վաղուց արդեն հասունացել է պահը, երբ Արցախի նախագահը պետք է մի քանի հարցերի պատասխանի.

Առաջին, 44-օրյա պատերազմի օրերին՝ 2020-ի հոկտեմբերի 11-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր՝  «եթե առաջիկա 1-2 օրվա ընթացքում մենք չզգանք Ադրբեջանի պատրաստակամությունը` խաղաղ ճանապարհով հարցի լուծման, դիմելու եմ առաջին հերթին Հայաստանի իշխանություններին` ճանաչելու Արցախի անկախությունը, միջազգային կառույցներին և աշխարհի բոլոր երկրներին»:

Արդյո՞ք Արայիկ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին նման առաջարկ արեց և մերժվեց, թե՞ չի էլ արել:

Պատերազմից հետո մենք մի քանի անգամ փորձել ենք ստանալ այս հարցի պատասխանը, սակայն Արցախի նախագահական ապարատը նպատակահարմար է գտել դրան չպատասխանել: Եվ գուցե հիմա՞ Արցախի նախագահը պատասխանի այս հարցին:

Երկրորդ, Արայիկ Հարությունյանը արցախցի քաղաքական գործիչ Ռուսլան Իսրայելյանի հետ հեռախոսազրույց է ունեցել, որը, ըստ մամուլում եղած տեղեկությունների՝ կայացել է 2020 թվականի նոյեմբերի 4-9-ն ընկած ժամանակահատվածում, և որտեղ Արցախի նախագահն ասում է, թե՝ «10 օր է՝ մարդ է ուզում, որ Ստեփանակերտը պահի»:
«Տասը օր ա՝ ասում ում… Ստեփանակերտը մնացալ ա էրկու կաղլեգու հույսին։ Սաղ «26»-ը էն ա տեռտակ»,- զրույցի ձայնագրության մեջ, մասնավորապես, ասում է Արայիկ Հարությունյանը:

Արցախի նախագահը, բնական է՝ ՀՀ իշխանություններից էր օգնություն խնդրել, իսկ թե ի՞նչ արձագանք է եղել, կարող ենք միայն կռահել և՛ Արայիկ Հարությունյան-Ռուսլան Իսրայելյան զրույցից, և՛ պատերազմի արդյունքից. այն չի տրվել: Այս մասին, սակայն, Արցախի նախագահը պետք է հրապարակային խոսի:

Ի դեպ, այն, որ Ստեփանակերտի անվտանգությունը վտանգված է եղել 44-օրյա պատերազմի ժամանակ, Արցախի նախագահն ասել էր նաև 2021 թվականի փետրվարին՝ Արցախում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ:

«Հակառակորդը գտնվում էր Ստեփանակերտից մի քանի հարյուր մետրից մինչև մի քանի կիլոմետրի վրա, Ստեփանակերտի առաջնագծում որևէ կոնկրետ պաշտպանական դիրք չունեինքՇոշի ամբողջ ուղղությունում պաշտպանող չկար, վերջին խումբը Վանքի գումարտակն է եղել, որն ամբողջությամբ թողել է դիրքերը: Այսինքն, Շոշի ամբողջ հատվածը պաշտպանված չէր, Ղայբալու-Արմենավան հատվածը պաշտպանված չէր, խնդրել էի, որ Մարտակերտից մի փոքր խումբ հերթապահեր Արմենավանի ուղղությունում, որպեսզի ժամանակին ահազանգի, թե ինչ է կատարվում», շեշտել էրնա:

Երրորդ, 2022թ. սեպտեմբերին Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ «2020թ նոյեմբերի 6 ին ԱՀ ԱԽ նիստից հետո նախագահի հատուկ հանձնարարությամբ ի պաշտոնե գործուղվել է քաղաք Երևան (գործուղման նպատակի և արդյունքների մասին մանրամասները պետական և ծառայողական գաղտնիք հանդիսանալու հիմքով նրա կողմից հանրայնացման ենթակա չեն)»: Արցախի նախագահը, թերևս, պետք է պատասխանի՝ ի՞նչ նպատակով էր Սամվել Բաբայանին գործուղում Երևան, հատկապես, երբ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայի մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո պատերազմի ժամանակ Արցախի ԱԽ քարտուղար եղած Սամվել Բաբայանը Նիկոլ Փաշինյանին և Արայիկ Հարությունյանին մեղադրեց դավադիր որոշում կայացնելու մեջ:

«Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ղեկավարները միանձնյա դավադիր որոշմամբ և գրչի մեկ հարվածով կասկածի տակ են դրել հայկականության գոյությունը, մեր փոխարեն որոշել մեր լինել-չլինելը և ապա մերկապարանոց ստեր են ճառում արձանագրված իրողությունների մասին, հարց է ծագում՝ ո՞վ է ձեզ լիազորել ժողովրդավարական երկրում առանց ժողովրդի համաձայնության, առանց նրա կողմից ընտրված մարմինների հետ խորհրդակցելու՝ հանձնել մեզ։ Ի պատասխան և ի բողոքումն այս հանցավոր գործողությունների՝ հայտարարում եմ, որ՝

– հրաժարվում եմ «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից,

– դադարեցնում եմ իմ՝ որպես Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղարի լիազորությունները»,- հայտարարել էր ՊԲ նախկին հրամանատարը:

Արայիկ Հարությունյանը Սամվել Բաբայանի այս քայլը որակեց որպես պատասխանատվությունից հրաժարում՝ հաշվի առնելով նրանց կամ նրանց ղեկավարած քաղաքական ուժերի միջև քաղաքական հուշագրի ստորագրումը, ինչը նշանակում է քաղաքական պատասխանատվության կիսում:

«Սամվել Բաբայանն իր հայտնի հայտարարությամբ փորձեց խուսափել ստանձնած քաղաքական պատասխանատվությունից: Մինչդեռ նա պատերազմի ամբողջ ընթացքում եղել է Արցախում, Արցախի նախագահի կողքին: Սակայն, պատերազմի ցավալի ելքով պայմանավորված, որոշել է հրաժարվել իր բաժին պատասխանատվությունից, ինչն առնվազն բարոյական չէ»,- 168.am-ի հետ զրույցում շեշտել էր այդ ժամանակ Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

Չորրորդ, պատերազմից 20 օր առաջ՝ 2020-ի սեպտեմբերի 9-ին, ԱԽ քարտուղարի կարգավիճակում գտնվող Սամվել Բաբայանը հայտարարել էր.

«Նախագահն իր լիազորությունների մի մասը տվել է մեզ հրամանով, դա նրա իրավունքն է, ինչ մասով լիազորի մեզ: Ինքն ամբողջովին գաղտնի է, որևիցե բան չենք կարող ավելին ներկայացնել, քան կա: Կանոնադրությունը և կառուցվածքը գաղտնիություն է պարունակում՝ նախագահի հրամանից ելնելով: Դրանից ավել ես չեմ կարող ինֆորմացիա տալ, եթե հարց կա, խնդրեմ, դիմեք նախագահի ապարատ, թող իրենք ձեզ մեկնաբանեն: Բայց լիազորությունները տրված են՝ ինչքանով որ պետք է: Նախագահն է որոշում՝ իր գործունեության որ չափը մեզ վստահի և տա այդ լիազորությունները: Բայց մենք ունենք 5 կետից բաղկացած հուշագիր, որի շրջանակում մենք համագործակցում ենք»:

Թե ի՞նչ փոխանցված լիազորությունների մասին էր խոսում Բաբայանը, այդպես էլ գաղտնի մնաց: Եվ Արայիկ Հարությունյանը նաև այս մասին պիտի խոսի: Ինքը՝ Սամվել Բաբայանը, ավելի ուշ սրբագրեց իր իսկ ասածը և հայտարարեց, որ ինքը, ԱԽ քարտուղարի լիազորությունների շրջանակում, պատերազմի օրերին մասնագիտական խորհրդատվություն է տրամադրել ԱՀ նախագահին, օրինակ, «всего лишь քարտեզի վրա ցույց է տվել, որ էդ տարածքը կարելի է ազատագրել»:

Հինգերորդ, 168.am-ի հետ զրույցում ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ասել էր, որ 2020-ի նոյեմբերի 7-ին Արայիկ Հարությունյանի խնդրանքով, ինքը և ԱԱԾ նախկին պետ Արգիշտի Քյարամյանը մեկնել են Երևան՝ սպառազինության հետ կապված որոշ հարցեր քննարկելու: Արայիկ Հարությունյանը պետք է նաև պատասխանի՝ արդյոք միջնորդավորված խնդրանքը ՀՀ իշխանությունները կատարե՞լ են:

Առհասարակ, ռազմական տարբեր դրվագների հետ կապված՝ Արցախի նախագահը շատ հարցերի պետք է պատասխանի՝ որքանո՞վ է ինքը՝ որպես Արցախի գերագույն հրամանատար, և Նիկոլ Փաշինյանը՝ որպես գերագույն գլխավոր հրամանատար և Արցախի անվտանգության երաշխավոր, խոչընդոտել պատերազմում հաղթելուն կամ չպարտվելուն:

Վեցերորդ, Արայիկ Հարությունյանը պետք է պատասխանի՝ 2020 հոկտեմբերի 6-ին՝ հայտնի օպերացիայի մշակման օրերին, ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգին սպասում դռան հակառակ կողմից, ի՞նչ էին նրանք ծրագրում:

Յոթերորդ, 2021 թվականի ապրիլին Արցախում քաղաքաշինության նախարարության կոլեկտիվի և շինարարական կազմակերպությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, թե պատերազմի հետևանքներն իր համար պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին, սակայն հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել:

«Չի ձևավորվում քաղաքական կոնսենսուս կամ միասնական կարծիք՝ ընդդիմադիր, իշխանամետ, իշխանություն, և կարծես թե պատերազմը կանգնեցնելն այդ օրը համարում էին դավաճանություն»,- շեշտել էր նա:

Ըստ էության, այստեղ Արցախի նախագահը փրկում է Նիկոլ Փաշինյանին, մինչդեռ առնվազն հոկտեմբերի 19-ին, ըստ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, նշված օրը տեղի ունեցած նիստին բոլոր ներկաները համաձայն են եղել՝ պատերազմը պետք է կանգնեցնել, ինչը չի արվել: Իսկ եթե Արայիկ Հարությունյանը այլ տեղեկություններ ունի, ապա պետք է հրապարակային խոսի:

Ութերորդ, մամուլը գրել էր, որ 2022 թվականի մայիսի 25-ին Արցախի խորհրդարանի քաղաքական կուսակցությունների պահանջով Արայիկ Հարությունյանն Անվտանգության խորհրդի նիստ էր հրավիրել, որտեղ նշել էր, թե Արցախի իշխանությունների և ժողովրդի համար խիստ անընդունելի է ԵԽ նախագահ Շառլ Միշելի հայտարարության մեջ տեղ գտած «Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունն» ապահովելու մասին ձևակերպումը, և, որ այն չի արտահայտում անցած 30 տարիների ընթացքում միջազգային հանրության համար հստակ ձևակերպված արցախահայության պահանջներն ու ձգտումները, որոնց հիմքում դրված է ժողովուրդների ինքնորոշման իրավունքը:

Արցախի նախագահը միաժամանակ, ըստ մամուլում եղած տեղեկությունների, ներկայացրել էր Փաշինյանի հետ Բրյուսելից հետո կայացած իր հանդիպման մանրամասները՝ վստահեցնելով, որ Փաշինյանը Բրյուսելում չի հրաժարվել Արցախի կարգավիճակից:

Ավելին, 2022 թվականի ապրիլի 25-ին Արցախի կառավարության ընդլայնված նիստի ժամանակ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր.

«ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն, համաձայն որի՝ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված միջազգային մակարդակում ցանկացած քննարկման պարագայում հայկական կողմի դիրքորոշումը պետք է համաձայնեցված լինի Արցախի Հանրապետության իշխանությունների և ժողովրդի կարծիքի հետ»:

Ինչի՞ հիման վրա է եղել Արայիկ Հարությունյանի այս վստահությունը, դարձյալ բացատրությունների կարիք ունի:

Այսինքն, ժամանակին Արցախի նախագահը հայտարարում էր՝ Արցախի ինքնորոշման իրավունքից շեղվելու որևէ ուղղություն չկա, և ոչ մի խոսք չէր ասում հնարավոր շեղվողների մասին:

Ի՞նչ է փոխվել, որ հիմա Արայիկ Հարությունյանը ադրբեջանական ինտեգրացիոն առաջարկի համախոհներ է փորձում գտնել Արցախում:

Արդյո՞ք ճիշտ են շրջանառվող տարբեր տեղեկությունները, թե Նիկոլ Փաշինյանն առաջարկել է համաձայնել դրան: Այս հարցը ևս հստակ պատասխան է ակնկալում, և հիմա Արցախում սահմանադրական փոփոխությունների գործընթաց սկսելով՝ Արայիկ Հարությունյանը փորձում է «փախչել» ճակատագրական այդ պահից:

Իսկ Նիկոլ Փաշինյանը պատերազմի օրերին շատ հստակ հայտարարել է՝ Ալիևը ցանկանում է Արցախի լիարժեք կապիտուլյացիա: Ավելին, իր «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածում Նիկոլ Փաշինյանը հստակ գրել էր՝ Արցախի կարգավիճակի հարցը քննարկելի է այնքանով, որքանով քննարկելի է Ադրբեջանի համար:

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը արդեն տեղավորվել է այն տրամաբանության մեջ, որ այդ հարցը քննարկելի է այնքանով, որքանով քննարկելի է Ադրբեջանի համար»,- շեշտել էր Փաշինյանը:

Իսկ Արայիկ Հարությունյանն էլ իր հերթին՝ ՀՀ-ում իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի հետ ներդաշնակ գործելով, հայտարարում էր, թե որևէ վտանգ չի տեսնում Արցախի կարգավիճակի երկրորդացման մեջ, առաջինն անվտանգությունն է, որից շատ չանցած վտանգվեց 2-ն էլ:

Տեսանյութեր

Լրահոս