ԱՆ-ն իրականացնում է դատավորների որս… Խնդիր է եղել դադարեցնել դատավոր Նախշքարյանի լիազորությունները… Գործ ունենք ոչ թե ԲԴԽ-ի, այլ Կարեն Անդրեասյանին առընթեր խորհրդակցական մարմնի հետ
Փետրվարի 27-ին Բարձրագույն դատական խորհուրդը (ԲԴԽ) դադարեցրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանի լիազորությունները`էական կարգապահական խախտման հիմքով։ Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը ներկայացրել էր Արդարադատության նախարարությունը:
Միջնորդության հիմքը դատավորի հրապարակային խոսքն է, որով նա իր վերաբերմունքն է արտահայտել դատավոր Աննա Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ-ի կայացրած որոշման առնչությամբ: Ըստ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի՝ նա հրապարակայնորեն կասկածի տակ է առել դատավոր Փիլոսյանի վերաբերյալ ԲԴԽ դատական ակտը։
Իրականում, սակայն, դատավոր Նախշքարյանը դատավորների անմարդկային ծանրաբեռնվածության համակարգային խնդիրն էր ներկայացրել: Զարուհի Նախշքարյանի նկատմամբ այս իշխանությունների սևեռվածությունը հին պատմություն ունի, և սա արդեն 4-րդ կարգապահական վարույթն էր նրա դեմ: Այս անգամ ԲԴԽ-ին հաջողվեց դադարեցնել դատավորի լիազորությունները:
Այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ արդեն նախկին դատավոր Զարուհի Նախշքարյանն ու նրա ներկայացուցիչներ իրավապաշտպաններ Ռուբեն Մելիքյանն ու Սիրանուշ Սահակյանը խոսեցին դատական իշխանության անկախությանը սպառնացող նոր վտանգների մասին:
Ռուբեն Մելիքյանն իր խոսքի սկզբում նշեց, որ այն դեպքում, երբ ԲԴԽ-ն դատավորին պատժում է որոշումն ուշացնելու համար, ինքն է ուշացնում որոշումների տրամադրումը:
«Մինչև այժմ ԲԴԽ-ից Զարուհի Նախշքարյանի վերաբերյալ որոշումը չենք ստացել: Շատ ուշ հրապարակվեց նաև Սուրեն Անտոնյանի վերաբերյալ որոշումը»,- ասաց նա:
Նրա խոսքով՝ դատավորների իրավունքների պաշտպանությունը բոլոր քաղաքացիների իրավունքների պաշտպանությունն է, որովհետև երբ դատավորն իրեն անկախ չի զգում, չի կարող անկախ, արդար դատական ակտ կայացնել:
Զարուհի Նախշքարյանի մյուս ներկայացուցչի՝ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ այս սուրը կախված է յուրաքանչյուր դատավորի գլխին:
«Դատական համակարգում չկա մի դատավոր, որը չի առերեսվում գերծանրաբեռնվածության խնդրին: Այն սուրը, որը կախված է դատավորների գլխին ու գործարկվում է, ամեն պահի կարող է խժռել դատական համակարգը»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Նրա խոսքով՝ ԲԴԽ ներկայիս կազմը խնդրահարույց է, որովհետև հարկադիր հրաժարականների արդյունքում նոր նշանակումներով՝ իրավաբան-գիտնականների տեղը զբաղեցրեցին կուսակցական անդամներ:
«Խորհրդարանական ընդդիմության հետ քննարկում չեղավ, և մենք ունեցանք միակուսակցական առաջադրումներ: Մենք այդպես էլ չիմացանք, թե այս կամ այն թեկնածուի հետ ինչ պայմանավորվածություններ են եղել: Բացի դրանից, եթե նախկինում որոշում կայացնելու համար անհրաժեշտ էր 6 ձայն, ապա հիմա, նոր փոփոխությունների արդյունքում, անհրաժեշտ է 5 ձայն, և գիտնական անդամները կարող են առանց դատավոր-անդամների հետ համաձայնեցնելու դադարեցնել դատավորի լիազորությունները»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Նրա խոսքով՝ իրենք համակարծիք են հասարակական սեկտորի այն պնդման հետ, որ ընթանում է պետության զավթում:
«ԲԴԽ-ում գոյություն ունի ընդհանրական դեսպոտիզմի տենդենց: Եվ եթե ԲԴԽ դատավոր-անդամներն ինքնուրույնություն ցուցաբերեն, կարող են դադարեցնել նաև նրանց լիազորությունները: Բացի դրանից, կկասեցվի նաև նրանց առաջխաղացումը: Նրանք կախյալություն ունեն: ԲԴԽ դատավոր-անդամները դատավորների լիազորություն են դադարեցնում այն գործոնով, որի խնդիրն իրենք էլ ունեն»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Ըստ նրա՝ Արդարադատության նախարարությունը հարուցող օղակից վերածվել է հետապնդող օղակի և իրականացնում է դատավորների որս:
«Արդարադատության նախարարի ու ԲԴԽ նախագահի հարաբերություններով պայմանավորված՝ նրանք չեն կարող ունենալ անաչառ վերաբերմունք: Գրիգոր Մինասյանի և Կարեն Անդրեասյանի հարաբերությունների բնույթով՝ ձևավորվել է կանխակալ գործելակերպ այս երկու կառույցների հետ փոխհարաբերություններում: Մենք ունենք իշխանության տարանջատման սկզբունքի ջնջում և հակասահմանադրական հարաբերություններ, համատեղ բիզնեսի դիրքային առավելությամբ պայմանավորված՝ կոռուպցիոն դրսևորումներ»,- ասաց Սիրանուշ Սահակյանը:
Ռուբեն Մելիքյանը նկատեց՝ այսօր մենք գործ ունենք ոչ թե ԲԴԽ-ի, այլ Կարեն Անդրեասյանին առընթեր խորհրդակցական մարմնի հետ:
«Իհարկե, կլինեն միջնորդություններ, որոնք չեն բավարարվի, և դա ԲԴԽ-ն կներկայացնի որպես հակափաստարկ՝ լուծելով մի կրակոցով երկու նապաստակ որսալու հարցը»,- ասաց իրավապաշտպանը:
Նրա խոսքով՝ այս արատավոր երևույթների նկատմամբ դատական համակարգի վերաբերմունքն այնպիսին չէ, ինչպիսին էր մի տարի առաջ:
«Դա նշանակում է, որ իշխող քաղաքական ուժին հաջողվել է ենթարկեցնել դատական համակարգը»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:
Նախկին դատավոր Զարուհի Նախշքարյանը նախ հիշեցրեց, որ միջազգային կառույցները, այդ թվում՝ ԳՐԵԿՈ-ն, նշել է, որ Արդարադատության նախարարության կողմից կարգապահական վարույթների հարուցումը չի կարող չարաշահվել:
«Ինձ մեղադրում են, որ ես վարկաբեկել եմ դատական իշխանությանը, այնինչ դատական իշխանության վարկաբեկումը սկսվել է տարիներ առաջ, երբ 2018թ.-ից հետո սկսեցին վիրավորանքներ հնչել դատավորների հասցեին: Բացի դրանից, բարձրացվում են ուժային կառույցների աշխատավարձերը, իսկ դատական իշխանությանը՝ ոչ: Ունենք որոշակի իմաստով դատական իշխանության նսեմացում, և հասկանալի է, որ դա կատարվում է պետական մակարդակով»,- ասաց Զարուհի Նախշքարյանը:
Վերջինս հիշեցրեց, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանն իր վարույթից ինքնաբացարկ տվեց՝ այն պատճառաբանությամբ, որ դիլիջանյան հանդիպմանն առանձնազրույցի ժամանակ իր մոտ կանխակալ վերաբերմունք է դրսևորվել դատավոր Նախշքարյանի վերաբերյալ, և այդ հիմքով՝ նա ինքնաբացարկ է հայտնել իր վարույթից:
«Դրանից անմիջապես հետո ԱՆ մամլո խոսնակը նախարարի բանավոր հանձնարարականով՝ ուսումնասիրություն է ներկայացնում կոնկրետ իմ ֆեյսբուքյան էջի և կոնկրետ իմ հարցազրույցների, որի արդյունքում կազմվում է զեկուցագիր: Կարո՞ղ եմ ես որպես դատավոր, որի նկատմամբ վարույթ է հարուցվել, մտածել, որ իրադարձությունների հերթականությունը այլ է եղել, և Կարեն Անդրեասյանն իր ընկերոջը խնդրել է, որպեսզի հետամուտ լինի իմ նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հարցում: Այսինքն՝ ես կարո՞ղ եմ մտածել, որ խնդիր է դրված եղել դադարեցնել դատավոր Նախշքարյանի լիազորությունները»,- ասաց Զարուհի Նախշքարյանը:
Նա նկատեց, որ 5 տարի ինքը բարձրացրել է համակարգում առկա խնդիրներ, և փոխանակ ԲԴԽ-ն օգտվի այն հանգամանքից, որ ներսից ներկայացվում են խնդիրները, դադարեցնում է իր լիազորությունները:
Ասուլիսի ավարտին լիազորությունները դադարեցված դատավոր Զարուհի Նախշքարյանն ու նրա ներկայացուցիչներ Սիրանուշ Սահակյանն ու Ռուբեն Մելիքյանը պատասխանեցին լրագրողների հարցերին:
Մանրամասները՝ տեսանյութերում: