Էր Ռիադը նախազգուշացրել Է նավթի դեֆիցիտի մասին՝ նավթ արդյունահանող երկրների դեմ պատժամիջոցների պատճառով

Նավթ արդյունահանող երկրների դեմ պատժամիջոցները միայն նավթի դեֆիցիտի կհանգեցնեն պահանջարկի աճի ժամանակաշրջանում, հայտարարել է Սաուդյան Արաբիայի էներգետիկայի նախարար արքայազն Աբդուլազիզ բեն Սալմանը:

«Բոլոր այդ պատժամիջոցները, էմբարգոները հանգեցնում են միայն ու միայն մեկ բանի՝ բոլոր տեսակի էներգապաշարների մատակարարումների պակասի, երբ դրանք ամենից շատ են հարկավոր: Դա անհանգստություն Է առաջացնում ինձ մոտ»,- մեջբերել է Bloomberg գործակալությունը նախարարի խոսքը:

Նա նշել է, որ թագավորությունը զգուշորեն որոշումներ կընդունի նավթի արդյունահանման վերաբերյալ՝ չնայած վերլուծաբանների այն կանխատեսումներին, որ 2023 թ.-ին Brent տեսակի նավթի գինը, հնարավոր է, գերազանցի մեկ բարելի դիմաց 100 դոլարը՝ պահանջարկի մեծացման պատճառով: «Ես դրան կհավատամ, երբ տեսնեմ, և նոր միայն միջոցներ կձեռնարկեմ», – ասել Է նախարարը։

«Եթե մարդիկ այն ժամանակ մեզ վստահեին, մենք չէինք ենթարկվի այն ռիսկերին, որոնց ենթարկվեցինք», – ասել Է նա՝ նկատի ունենալով գների կտրուկ աճն այն բանից հետո, երբ հոկտեմբերին ՕՊԵԿ+-ը որոշեց կրճատել նավթի արդյունահանումն օրական 2 միլիոն բարելով: 2022 թ. դեկտեմբերի 5-ից ուժի մեջ է մտել Եվրամիության և G7 երկրների կողմից ռուսական նավթի գնման արգելքը, իսկ 2023 թ. փետրվարի 5-ից՝ նավթամթերքների ներմուծման արգելքը։

Բացի այդ, նույն ժամկետներում սկսել Է գործել ռուսական նավթի և նավթամթերքների ծովային փոխադրումների արգելքը, եթե դրանք վաճառվեն սահմանված առավելագույն գնից ավելի բարձր գնով: Նավթի համար գնի վերին շեմն առայժմ սահմանվել է 1 բարելի դիմաց 60 դոլարի մակարդակով, նավթամթերքի համար՝ 1 բարելի դիմաց 100 դոլարի մակարդակով (դիզելային վառելիքի և բենզինի տեսակների համար)։

 

Տեսանյութեր

Լրահոս