«Հեռացողի մասին կամ լավ, կամ ոչինչ»-ը Քրիստիննե Գրիգորյանի մասին չէ. 11-ամսյա ՄԻՊ-ին հիշելով…
Այսօր հայտնի դարձավ, որ իր պաշտոնին հրաժեշտ է տվել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը, ըստ իրեն՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ:
11 ամիս ՄԻՊ պաշտոնը ծանրաբեռնած, ոչինչ չարած, քաղաքական նկատառումներով գրեթե միշտ լռող ու նույն նկատառումներով խոսող, հիմա էլ այլ աշխատանքի անցնելու համար աթոռն ազատած Քրիստիննե Գրիգորյանի արժեքային համակարգը երբևէ կդառնա հրապարակային քննարկման առարկա:
2021թ. դեկտեմբերի 17-ին, երբ Ազգային ժողովը հաստատեց ՄԻՊ պաշտոնում Քրիստիննե Գրիգորյանի թեկնածությունը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը դիտարկում արեց, թե ՔՊ-ն ՄԻՊ թեկնածու է առաջադրել մեկին, ում հանրությունը ծանոթ չէ, իսկ համացանցում նրա անունը փնտրելիս Քրիստիննե Գրիգորյանի անունը առնչվում էր միայն Ստամբուլյան ու Լանզարոտեի կոնվենցիաներին, որոնց ընդունման դեմ հանրության շրջանում բողոք կար:
Նրա թեկնածությունը, ի դեպ, ՄԻՊ պաշտոնում հաստատվեց միայն իշխանության չորս ձայնով։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն առաջարկեց փողոց դուրս գալ ու հարցնել, թե քանի՞ մարդ է ճանաչում ՄԻՊ թեկնածուին, ապա ասաց՝ «Մարդու իրավունքների պաշտպան կարող է ընտրվել բարձրագույն կրթություն ունեցող, պատգամավորին ներկայացվող պահանջներին համապատասխանող, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք։ Ինձ հետաքրքիր է, թե ինչպե՞ս եք որոշել, որ Քրիստինե Գրիգորյանը հասարակության մեջ բարձր հեղինակություն է վայելում»։
«Ես պնդում եմ, որ ես ունեմ հեղինակություն»,- ի պատասխան՝ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարել էր Մարդու իրավունքների պաշտպանի «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածու, արդարադատության գործող փոխնախարար, մասնագիտությամբ արևելագետ և միայն 2006-2008թթ. Հյուսիսային համալսարանում իրավաբանի որակավորում ստացած Քրիստիննե Գրիգորյանը։
Քրիստիննե Գրիգորյանը, սակայն, բոլորին հավաստիացնում էր, որ իր գործունեությունը կտա բոլոր հարցերի պատասխանները:
«Դուք կարող եք երկար կասկածներ ունենալ, ես էլ երկար արդարանամ կամ երաշխիքներ տրամադրեմ, բայց բնական է, որ ձեր կասկածները կարող են մնալ չփարատված, իսկ իմ հիմնավորումները լինեն բավարար կամ ոչ։ Դա ցույց կտա գործունեությունս, եթե առաջադրվեմ ու ընտրվեմ։ Տիկին Մանուկյան, ինձ երբեմն նաև հարցնում են, թե Արման Թաթոյանի բարձր հեղինակությունը համարո՞ւմ եմ ինձ համար մարտահրավեր։ Այսօրվա քննարկման ժամանակ էլ դա կարմիր թելով գնաց։ Ինքս վերահաստատում եմ պարոն Թաթոյանի հեղինակությունը։ Այն ինձ համար լավ օգնություն է և առիթ, որովհետև ՄԻՊ ինստիտուտը հեղինակության ինստիտուտ է»,- ասել էր նա:
Քրիստիննե Գրիգորյանի համար պաշտոնի առաջարկը ստանալիս խոչընդոտ չեղավ նույնիսկ այն, որ ինքը տխրահռչակ, արդեն իսկ Քրեական օրենսգրքում գոյություն չունեցող 137.1 կամ, ինչպես հանրության մեջ է ընդունված ասել, «քֆուրի հոդվածի» ջատագովն ու զեկուցողն էր ԱԺ-ում:
Քրիստիննե Գրիգորյանն այն ՄԻՊ-ն էր, ում ներկայությամբ ու աչքի առաջ «Եռաբլուր զինվորական պանթեոնի» ասֆալտներով հայրենի կարմիրբերետավորները քարշ էին տալիս զոհված զինծառայողների մայրերին, որ բացեն դեպի Եռաբլուր Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության ու հենց իր՝ Քրիստիննե Գրիգորյանի ճանապարհը:
Քրիստիննե Գրիգորյանն այն ՄԻՊ-ն էր, ով իր ընտրվելուց տառացիորեն օրեր անց, երբ ՄԻՊ ողնաշարն էր կոտրվել, ու բաժիններում ու վարչություններում աշխատող չկար, որովհետև ճնշող մեծամասնությունը հեռացել էր Արման Թաթոյանի հետ, հրապարակայնորեն իշխանական կայքերի ու ֆեյքերի օժանդակությամբ կռիվ էր տալիս ՄԻՊ մոտ 55.000-անոց ֆեյսբուքյան էջի համար, որը զրոյից հենց նախկին Պաշտպանն էլ ստեղծել էր, որովհետև նախորդը Կարեն Անդրեասյանը հեռանալիս իր հետ տարել էր, ու ՄԻՊ 10.000 հետևորդ ունեցող ֆեյսբուքյան էջը դարձրել «AM» իրավաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջը:
Ի վերջո, Քրիստիննե Գրիգորյանն այն ՄԻՊ-ն էր, որ դեռ հազիվ նշանակված (եզրույթը պատահական չենք գրել, նշանակված, ոչ թե ընտրված,- Գ.Ս.) հանդես եկավ լրատվամիջոցին հրապարակայնորեն հանիրավի թիրախավորմամբ, ինչի պատասխանը, իհարկե, ստացավ, շատ հիմնավոր կերպով:
Ստիպված էինք հրապարակել նրա վերաբերյալ 168.am-ի բոլոր հրապարակումները մեկ տեղում, մեր ընթերցողին կարճ ներկայացնել դրանց բովանդակությունը, իսկ իրեն՝ Քրիստիննե Գրիգորյանին, առաջարկել էինք ցույց տալ այդ հրապարաակումների մեջ իր անվանն առնչվող կեղծիքներն ու մանիպուլյացիաները: Բնականաբար, ցույց չտվեց, որովհետև այդպիսիք չկային:
Ինչևէ, ՄԻՊ պաշտոնում Քրիստիննե Գրիգորյանի 11-ամսյա պաշտոնավարումը ցույց տվեց թե նրան նշանակող ՔՊ ֆրակցիայի, և թե իր սնանկությունը, երբ մեկը սնանկ կադրային բանկով պայմանավորված կամ առաջնորդվելով միայն իր հրահանգները կուրորեն կատարելու պատրաստակամություն ունեցող անձին նախապատվություն տալու մտայնությամբ՝ ընտրում է սկզբունքներից զուրկ անձի, իսկ ինքը՝ ՄԻՊ պաշտոնը ստանձնած մարդը, այդպես էլ չգիտակցեց՝ ուր էր եկել, ինչի համար ու ում շահերը պիտի պաշտպաներ:
Լավագույն բանը, որ կարող է հիմա պատահել Քրիստիննե Գրիգորյանի հետ, միջազգային կառույցներից բարձր աշխատավարձով աշխատանք գտնելն է, որովհետև առնվազն կարճամիտ պետք է լինել՝ մտածելու համար, թե իր սահմանադրական երաշխիքներով հանդերձ՝ ՄԻՊ-ից ավելի բարձր պաշտոն կա ՀՀ-ում՝ թե անվամբ, և թե բովանդակությամբ:
Բայց նույնիսկ այս պարագան ու հենց այս հանգամանքն ամեն ինչ ասում է այլ աշխատանքի համար, եթե հավատանք, որ դա է պատճառը, ՀՀ ՄԻՊ պաշտոնից հրաժարվողի մասին, մինչդեռ իր թեկնածությունը հաստատելիս Քրիստիննե Գրիգորյանը պնդում էր, որ ՄԻՊ-ը հեղինակության ինստիտուտ է: