Կառավարության կցորդ ՄԻՊ-ը. կարևորը՝ Նիկոլ Փաշինյանը գոհ լինի

Երեկ շատ խոսվեց Եռաբլուրում առավոտյան տեղի ունեցած խայտառակության մասին, երբ ոստիկանության կարմիր և սև բերետավոր ծառայողները վայրենաբար Նիկոլ Փաշինյանի ճանապարհը դեպի «Եռաբլուր» զինվորական պանթեոն բացելու համար տարածքով մեկ քարշ էին տալիս զոհված ու անհետ կորած զինծառայողների ծնողներին, այդ թվում՝ մայրերին:

Երեկվանից հանրությունը, առանձնապես ակնկալիքներ չունենալով, սպասում է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հայտարարությանը: Այն ուշանում էր, և կարելի էր մտածել, որ փաստահավաք աշխատանք է իրականացնում Պաշտպանը:

Ոչինչ չասող հայտարարությունն ավելի ուշ, իհարկե, եղավ, սակայն դրա բովանդակությունն առանձնապես որևէ մեկի հետաքրքիր չէ:

Մի ավելի ուշագրավ հանգամանք երեկոյան կողմ հայտնվեց ուշադրության կենտրոնում. Պարզվեց՝ ՄԻՊ-ը եղել է դեպքի վայրում, և ոչ թե ուշ, այլ հենց Նիկոլ Փաշինյանի, կառավարության անդամների ու ՔՊ-ական ֆրակցիայի հետ միասին:

Կարդացեք նաև

Սահմանադրական անկախ կառույցի ղեկավարը՝ Մարդու իրավունքների պաշտպանը, որի մանդատը, ինչպես ասում են, քար է ծակում անկախության իր բարձրագույն աստիճանով, որպես կառավարության կցորդ՝ Եռաբլուր էր գնացել կառավարության, նրա ղեկավարի ու վերջինիս աշխատող ՔՊ-ական պատգամավորների հետ միասին:

Սա նշանակում է, որ հետայսու Քրիստիննե Գրիգորյանն ինչ էլ անի, ինչպես էլ որ դրսևորի իրեն կամ փորձի ներկայանալ, ինքն այլևս ասոցիացվելու է կառավարության հետ:

Այսպիսի մի ընդունված կանոն կա. Մարդու իրավունքների պաշտպանը ոչ միայն օրենքով է անկախ, այլ ինքը նաև հանրության աչքին այդպիսին պետք է երևա (appearance), որպեսզի նաև ընկալվի անկախ:

Պատկերացնենք այսպիսի մի օրինակ: Հայտնի է, որ դատավորն անկախ է, դատական իշխանությունն անկախ է գործադիր և օրենսդիր ճյուղերից ու այլ մարմիններից: Եվ մեկ էլ հանկարծ այդ անկախ դատավորին դատական նիստի ժամանակ տեսնում ենք դատախազի, այն է՝ պետական մեղադրողի հետ թևանցուկ զրուցելիս կամ քայլելիս: Այդ դատավորը կարո՞ղ է անկախ ընկալվել այդ տեսարանից հետո, որքան էլ դատական նիստի ժամանակ փորձի այդպիսին ներկայանալ:

Իր հայտարարության մեջ ոստիկանությանը թեթևակի քննադատելու փորձեր անող ՄԻՊ-ը ինչպե՞ս է պատկերացնում դրա անաչառության խնդիրը, եթե ինքը ներկա է եղել այդտեղ, կամ ի՞նչ հարցումներ է ուղարկել ոստիկանություն, եթե իր աչքերով է ամեն ինչ տեսել:

Քրիստիննե Գրիգորյանը ենթադրաբար հույս ուներ, որ ինքն այդ խառնամբոխի մեջ չի նկատվի, և այդ նպատակով էր կանգնել հեռվում, սև ակնոցով, անկյունում, մեկուսի, իր նախկին ղեկավարի՝ Ռուստամ Բադասյանի հետ միասին, ում հետ ունի բավականին մտերիմ հարաբերություններ:

Անհասկանալի է Քրիստիննե Գրիգորյանի մոտիվը Նիկոլ Փաշինյանի հետ Եռաբլուր այցելելու: Հավանաբար գնացել էր՝ Նիկոլ Փաշինյանին հաճոյանալու: Երեկ Քրիստիննե Գրիգորյանը ցույց տվեց, որ նույն քաղաքական գծի մեջ է Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցների հետ, կիսում է նրանց հայացքներն ու քաղաքական կախվածություն ունի նշյալ քաղաքական թիմից:

Այստեղ տեղին է հիշել, որ, օրինակ, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ոչ միայն որևէ անգամ նման վայրեր կառավարության անդամների ու նրա ղեկավարի հետ միասին չի այցելել, այլև 2018թ.՝ Նիկոլ Փաշինյանի կառավարության առաջին նիստին, երբ Փաշինյանը գտնվում էր փառքի գագաթնակետին, անգամ չմասնակցեց, ինչը մեծ աղմուկի առիթ դարձավ:

Գաղտնիք չէ, որ Քրիստինե Գրիգորյանը ՔՊ-ականների քաղաքական գծին նվիրված գործիչ է: Բավական է վերհիշել միայն այն, որ նա տխրահռչակ, ներկայումս ապաքրեականացված 137.1 կամ ծանր վիրավորանքի հոդվածի ներկայացնողն էր Ազգային ժողովում՝ որպես կառավարության ներկայացուցիչ:

Փաստացի հիմա էլ արդեն ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանը չի խփում իր թիմի քաղաքական հիմքերին:

Եվ ամենակարևորը:

Զոհված զինծառայողների ծնողները դեռ նախընթաց կեսգիշերից էին հայտարարել, որ թույլ չեն տալու Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի մուտքը Եռաբլուր: Այսինքն՝ Քրիստիննե Գրիգորյանը գիտեր՝ Եռաբլուրի մուտքը փակ է լինելու, և այն բացելու են բիրտ ուժով. Առաջին անգամ չէր: Այսինքն՝ Քրիստիննե Գրիգորյանը, իմանալով, վստահ լինելով հանդերձ, որ ոստիկանությունը մաքրելու է Նիկոլ Փաշինյանի ճանապարհը՝ ինչ գնով էլ ուզում է լինի, միևնույն է, գնացել էր Եռաբլուր: Փաստացի նահատակված զինծառայողների մայրերին Եռաբլուրի ասֆալտների վրայով կարմիր և սև բերետավորները քարշ էին տալիս նաև ՄԻՊ-ի ճանապարհը բացելու համար:

Քրիստիննե Գրիգորյանին 21.09.2022թ. ամսաթիվը հետապնդելու է իր ողջ կյանքի ընթացքում, և դա այլևս անշրջելի իրողություն է:

Տեսանյութեր

Լրահոս