ՄԻՊ-ը Արմեն Աշոտյանի՝ ՀՀ-ից ելքը արգելափակելու մտահոգությամբ պարզաբանումներ է պահանջել ԱԱԾ-ից, ՔԿ-ից, Դատախազությունից
Այսօր գիշեր օդանավակայանում պարզ է դարձել, որ Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգում (ՍԷԿՏ) ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի` Հայաստանից ելքն արգելված է:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին, Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել էր, որ իշխանությունները ՀՀ Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանի ձեռքով որոշել են նորից անդրադառնալ չորս տարվա վաղեմության մի գործի, որի շրջանակներում տարբեր մարդկանց են հարցաքննել, որպեսզի իրեն կալանավորեն, սակայն ապարդյուն։
Իշխանությունները, բնականաբար, Նիկոլ Փաշինյանի ցուցումով, խնդիր են դրել` ցանկացած գնով հասնել ցանկալի արդյունքի, այն է՝ ինչ-որ մեկից ցուցմունք կորզել Արմեն Աշոտյանի դեմ, թեկուզև` գործին տասներորդական առնչություն ունեցող որևէ մեկից: Մինչ այդ էլ մամուլը գրել էր, որ ավելի քան 100 անձ է հարցաքննվել այդ գործով:
Երեկ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր. «Վաղ առավոտյան կարճ ժամանակով մեկնում եմ արտերկիր՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության Քաղաքական համաժողովին մասնակցելու»։
Նախօրեին էլ 168.am-ը տեղեկացրել էր, որ Արմեն Աշոտյանին առաջիկայում, խիստ հավանական է` առաջիկա մեկ-երկու օրերի ընթացքում ձերբակալեն:
Արմեն Աշոտյանը գիշերը ֆեյսուքյան իր էջում պատմել է օդանավակայանում տեղի ունեցածը.
«Ինչպես այսօր հայտնել էի, պիտի մեկնեմ Լիսաբոն ԵԺԿ Քաղաքական համաժողովին։ Սակայն Զվարթնոց օդանավակայանում անձնագրային ստուգման փուլում ինձ արգելում են լքել Հայաստանը մի անհեթեթ հիմքով, թե իբր ես մեղադրյալ եմ ինչ-որ մի գործով։ Աբսուրդն էլ ավելի է խորանում, քանզի մինչ այս պահը ինձ ոչ մի մեղադդանք և ոչ մի գործով չի առաջադրվել։ Բայց սա էլ Նիկոլի ղեկավարած երկրի իրավապահ համակարգի կամակատարության վերջը չի։ Ինձ փոխանցել են ինչ-որ մի հեռախոսահամար, որը քննիչի է ու որի հետ, ուշադիր, ես ինքս իբր պիտի առավոտ կապվեմ։ Հիմա փաստաբանս փորձում է կապ հաստատել թե ՄԻՊ գրասենյակի (ֆորմալ է, հասկանում եմ), թե քննիչի հետ»,-գրել էր նա։
168.am-ը կապ հաստատեց Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի հետ՝ հասկանալու համար՝ արդյո՞ք Պաշտպանի գրասենյակը որևէ գործողություն կատարել է Արմեն Աշոտյանի՝ երկրից նրա ելքն արգելափակելու առնչությամբ այն դեպքում, երբ վերջինս պնդում է՝ մինչ այս պահն իրեն որևէ մեղադրանք առաջադրված չէ:
«Պաշտպանը Թեժ գծին գիշերն ահազանգ է ստացել, գրություն ենք ուղարկել ՔԿ, Դատախազություն, ԱԱԾ, պարզաբանում ենք պահանջել Հայաստանի Հանրապետությունից ելքը սահմանափակելու իրավաչափության վերաբերյալ, որովհետև առերևույթ մտահոգիչ է այն, որ առանց անձին մեղադրյալ ներգրավելու որոշման անձի տեղաշարժի սահմանափակում է իրականացվել։ Այս մասով հետևողական ենք լինելու»,-պատասխանեցին ՄԻՊ գրասենյակից: