«Ինձ երբեմն հարցնում են՝ Արման Թաթոյանի բարձր հեղինակությունը համարո՞ւմ եմ ինձ համար մարտահրավեր». Քրիստինե Գրիգորյան

Այսօր Ազգային ժողովի (ԱԺ) մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովում քննարկվում էր Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու ներկայացնելու հարցը․ «Քաղաքացիական պայմանագիրը» ներկայացրել էր արդարադատության նախարարի գործող առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։

ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը ներկայացրեց թեկնածուի կենսագրությունը, ապա վերջինիս տրվեցին հարցեր:

Հարցերը վերաբերում էին նրա հեղինակությանը, մասնագիտական որակներին, անաչառությանը:
«Դուք կարող եք երկար կասկածներ ունենալ, ես էլ երկար արդարանամ կամ երաշխիքներ տրամադրեմ, բայց բնական է, որ ձեր կասկածները կարող են մնալ չփարատված, իսկ իմ հիմնավորումները լինեն բավարար կամ ոչ։ Դա ցույց կտա գործունեությունս, եթե առաջադրվեմ ու ընտրվեմ։ Տիկին Մանուկյան, ինձ երբեմն նաև հարցնում են, թե Արման Թաթոյանի բարձր հեղինակությունը համարո՞ւմ եմ ինձ համար մարտահրավեր։ Այսօրվա քննարկման ժամանակ էլ դա կարմիր թելով գնաց։ Ինքս վերահաստատում եմ պարոն Թաթոյանի հեղինակությունը։ Այն ինձ համար լավ օգնություն է և առիթ, որովհետև ՄԻՊ ինստիտուտը հեղինակության ինստիտուտ է»,- ասաց ՄԻՊ թեկնածուն:

 

Տեսանյութեր

Լրահոս