ՄԻՊ-ը ստացել է Արմեն Աշոտյանի հարցով իրավասու պետական մարմիններին ուղղված իր հարցումների պատասխանները

Երբ նոյեմբերի 16-ին «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային անցակետում փակվեց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանի ՍԷԿՏ-ը, այսինքն՝ նրան արգելվեց երկրից դուրս գալ, վերջինս պնդեց՝ խախտվել է իր ազատ տեղաշարժի իրավունքը, քանի որ իրեն այդ պահի դրությամբ որևէ մեղադրանք առաջադրված չի եղել:

168.am-ին թեմայի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակից տեղեկացրել էին, որ Պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը Արմեն Աշոտյանի՝ ՀՀ-ից ելքն արգելափակելու մտահոգությամբ պարզաբանումներ է պահանջել ԱԱԾ-ից, ՔԿ-ից, Դատախազությունից:

«Պաշտպանը Թեժ գծին գիշերն ահազանգ է ստացել, գրություն ենք ուղարկել ՔԿ, Դատախազություն, ԱԱԾ, պարզաբանում ենք պահանջել Հայաստանի Հանրապետությունից ելքը սահմանափակելու իրավաչափության վերաբերյալ, որովհետև առերևույթ մտահոգիչ է այն, որ առանց անձին մեղադրյալ ներգրավելու որոշման անձի տեղաշարժի սահմանափակում է իրականացվել։ Այս մասով հետևողական ենք լինելու»,- պատասխանել էին ՄԻՊ գրասենյակից:

Լրագրողների հետ զրույցում էլ ՄԻՊ-ն ասել էր, որ առանց պարզաբանման պատասխանը ստանալու՝ որևէ հետևություն չի կարող անել:

Կարդացեք նաև

Ավելի ուշ Պաշտպանը կրկին նկատել էր՝ հարցն իր ուշադրության կենտրոնում է:

Երեկ 168.am-ը ՄԻՊ լրատվական ծառայությանը հարցրեց՝ արդյո՞ք ՄԻՊ-ը ստացել է իր հարցումների պատասխանները:

«Գրությունները քրեական հետապնդման մարմիններից ստացել ենք, որոնք ուսումնասիրման փուլում են, ուսումնասիրման արդյունքներով պայմանավորված՝ կձեռնարկվեն համապատասխան միջոցներ, այդ թվում, ըստ անհրաժեշտության, լրացուցիչ պարզաբանումներ կպահանջվեն։ Ավելի ուշ փուլում կարող ենք տեղեկացնել նաև Պաշտպանի կողմից ձեռնարկված միջոցների կամ կայացված որոշումների մասին»,- ասացին ՄԻՊ գրասենյակից:

Տեսանյութեր

Լրահոս