Արմեն Աշոտյանի՝ ՀՀ-ից ելքի արգելքի հարցը ՄԻՊ աշխատակազմի ուշադրության ներքո է. ՄԻՊ
Նոյեմբերի լույս 16-ի գիշերն արգելափակվել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ելքը ՀՀ-ից: «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային ստուգման փուլում արգելքի որոշումը Աշոտյանին բացատրել են նրա՝ ինչ-որ գործով մեղադրյալ լինելու հանգամանքով, մինչդեռ ՀՀԿ փոխնախագահը պնդում է՝ իրեն ոչ մի գործով որևէ մեղադրանք առաջադրված այդ պահի դրությամբ չի եղել:
168.am-ը հանգամանորեն անդրադարձել է ՀՀԿ փոխնախագահի հետ կապված իրադարձությունների զարգացման ընթացքին: Այսօր ևս գրավոր հարցումներ ենք ուղարկել Գլխավոր դատախազություն, Ոստիկանություն և Քննչական կոմիտե՝ պարզելու համար Արմեն Աշոտյանի ՍԷԿՏ-ը փակելու հետ կապված առեղծվածային պատմության հանգամանքները:
Նոյեմբերի 16-ի առավոտյան 168.am-ը կապ էր հաստատել Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) գրասենյակի հետ՝ հասկանալու համար՝ արդյո՞ք Պաշտպանի գրասենյակը որևէ գործողություն կատարել է Արմեն Աշոտյանի՝ երկրից նրա ելքն արգելափակելու առնչությամբ այն դեպքում, երբ վերջինս պնդում է՝ մինչ այդ պահն իրեն որևէ մեղադրանք առաջադրված չի եղել:
«Պաշտպանը Թեժ գծին գիշերն ահազանգ է ստացել, գրություն ենք ուղարկել ՔԿ, Դատախազություն, ԱԱԾ, պարզաբանում ենք պահանջել Հայաստանի Հանրապետությունից ելքը սահմանափակելու իրավաչափության վերաբերյալ, որովհետև առերևույթ մտահոգիչ է այն, որ առանց անձին մեղադրյալ ներգրավելու որոշման անձի տեղաշարժի սահմանափակում է իրականացվել։ Այս մասով հետևողական ենք լինելու»,- պատասխանել էին ՄԻՊ գրասենյակից:
Երեկ նույնպես լրագրողների հետ զրույցում ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանն ասել էր՝ ինքն անմիջապես պարզաբանումներ է պահանջել իրավասու մարմիններից:
«Առանց պարզաբանման պատասխանը ստանալու՝ ես որևէ հետևություն չեմ կարող անել»,- ասել էր Պաշտպանը:
Այսօր 168.am-ը ՄԻՊ աշխատակազմից տեղեկացավ՝ Պաշտպանն իրավասու մարմիններից իր հարցումների պատասխանները դեռ չի ստացել:
«Հարցը ՄԻՊ աշխատակազմի ուշադրության ներքո է, հետևում ենք նաև հրապարակային աղբյուրներում առկա տեղեկատվությանը քրեական վարույթի վերաբերյալ»,- ասացին ՄԻՊ-ից: