Լիբանանում իսրայելական հարձակումներից նոր զոհեր են գրանցվել
Իսրայելական ուժերը մարտի 18-ին թիրախավորել են Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի ալ-Բարուշա շրջանը, որի հետևանքով կան նոր զոհեր ու վիրավորներ։ Այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
«Մայրաքաղաք Բեյրութի վրա Իսրայելի կողմից իրականացված երկու հարձակումների հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 6 և վիրավորվել՝ 24 քաղաքացի»,- ասվում է Լիբանանի առողջապահության նախարարության հայտարարության մեջ։
3 մարդ զոհվել է Կեննարիթ բնակավայրում իսրայելական ուժերի հարվածի հետևանքով։
Լիբանանի առողջապահության նախարարության մեկ այլ հայտարարության մեջ ասվում է, որ «Բաալբեք շրջանի վրա իսրայելական ուժերի կողմից իրականացված հարձակման հետևանքով զոհվել է 4 քաղաքացի, ևս 7-ը վիրավորվել է»։
Լիբանանում գործող արմատական, իրանամետ «Հեզբոլլահ»-ը հայտարարել է, որ լուսաբացին հրթիռային հարվածներով թիրախավորել է իսրայելցի զինվորների հավաքատեղիները սահմանային մի քանի շրջաններում։
Ավելի վաղ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ «Հեզբոլլահ»-ի դեմ նոր մարտերի սկսվելուց ի վեր Իսրայելի հարվածներից զոհվել է առնվազն 886 մարդ, այդ թվում՝ 67 կին և 111 երեխա, վիրավորվել է ևս 2141 մարդ։



