Հ1-ին կառաջարկեի միշտ գալ ու լուսաբանել այս գործը, որ մարդիկ տեսնեն՝ ինչ փուչիկ է. Ամրամ Մակինյան

Մինչ 4 օր շարունակ ադրբեջանցի «էկո»-տեռորիստների կողմից փակված է մնում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ հումանիտար ճգնաժամ ստեղծելով 120 000 –ից ավելի արցախցիների համար, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում առանց որևէ շեղման շարունակվեց դիզվառելիքի գործով հերթական նիստը: Նկատենք՝  այս անգամ նիստը լուսաբանում էր նաև Հանրային Հեռուստաընկերությունը:

Դատական նիստից հետո ՀՀ Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով գործով առանցքային վկայի ցուցմունքների հակասություններին՝ նշեց. «Դուք կտեսնեք հաջորդ դատական նիստին, թե ցուցմունքներն ինչքանով են հակասական, անարժանահավատ:

Մենք նախորդ դատական նիստին առիթ ունեցանք ցույց տալու տուժողի իրական բիզնես նկարագիրը, որ տասը միլիոն դոլարի պարտքեր ունենալով՝ փորձ էր արել մասնակցել այդ պրոյեկտին: Եվ այդ դիմումի ներկայացման պայմաններում այդ 10 միլիոն դոլարը «ջրվել էր»:

Ես նկատեցի նաև, որ պարոն Նախագահի գործով դատական նիստը նաև Հանրային հեռուստաընկերութունն է լուսաբանել. կառաջարկեի, որ միշտ գան և լուսաբանեն այս գործը և հանրությանը ցույց տան, թե ինչ փուչիկ գործի հետ գործ ունենք»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս