«Ադրբեջանի հեռահար նպատակը միջանցքի փակելն է կամ նրա բնականոն գործունեության խաթարելը, սա իրականում լուրջ վտանգ է». Գեղամ Ստեփանյան

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի խոսքով՝ Գետավան համայնքում տեղակայված է ոստիկանության հենակետ, որն էլ անմիջապես արձագանքել է դեկտեմբերի 4-ին Գետավան համայնքում տեղի ունեցած միջադեպին և սկսել է դեպքի ուսումնասիրություններ կատարել։

«Ադրբեջանական ավտոշարասյուները, որոնք անցնում են հայկական բնակավայրերով, պետք է ուղեկցվեն ռուսական զորակազմի մեքենաներով, այսինքն՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ պետք է շարժվեն հայկական բնակավայրերով։ Որպես կանոն, այդպես էլ լինում է, նախապես հստակեցվում է ժամանակացույցը և ըստ այդմ կազմակերպվում է։ Գետավանի միջադեպը ադրբեջանցիների լկտի վարքագծի հերթական դրսևորումն էր, որով փորձում են ցույց տալ, թե իրավիճակի տերերն իրենք են և հանդես են գալիս թելադրողի դիրքերից։ Սա է պատճառը, որ նման վիճաբանություն է առաջացել ու վեր է ածվել ծեծկռտուքի, երկու կողմից էլ եղել են մարմնական վնասվածքներ ստացած անձինք»,- 168.am հետ զրույցում ասաց Արցախի ՄԻՊ-ը՝ անդրադառնալով հարցին, թե ստեղծված իրավիճակում ո՞վ պետք է պաշտպանի արցախցիների իրավունքները։

Գեղամ Ստեփանյանի կարծիքով՝ նմանօրինակ դեպքերը բացառելու համար, երբ, օրինակ, ադրբեջանցիները գտնվելով բնակավայրերի ներսում, իրենց նման բան են թույլ տալիս, պետք է առավել արդյունավետ դարձվի Արցախի իրավապահ համակարգի ռեսուրսը։

«Գիտենք, որ նրանք առավել զգոն են աշխատում, բայց եթե նման դեպքեր են գրանցվում, պետք է էլ ավելի զգոն լինեն»,- շեշտեց Գ. Ստեփանյանը։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է դեկտեմբերի 3-ին ադրբեջանցիների կողմից Բերձորի ճանապարհը փակելուն և դրան զուգահեռ այն հայտարարություններին, թե իբր հայկական կողմն այդ ճանապարհով զենք է տեղափոխում, Գեղամ Ստեփանյանն ասաց, որ Ադրբեջանը  մշտապես փորձում է խախտել 2020 թվականի նոյեմբերին ստորագրած եռակողմ հայտարարությամբ Բերձորի միջանցքի կարգավիճակի շուրջ ձեռք բերված  պայմանավորվածությունը։

«Այն, ինչ արվում է  վերջին շրջանում՝ մեղադրանքներն ուղղված ռուս խաղաղապահներին, թե իբր ճանապարհով զենք է փոխադրվում, կամ օտարերկրացիներ են գալիս Արցախ, կոնկրետ ազգությամբ իրանցիների մասին էին խոսում, այս ամենն ուղղակի Ադրբեջանի համար պատրվակ է՝ կեղծ մեղադրանքներ հնչեցնելու, իբր ռուսական կողմը չի կարողանում վերահսկել միջանցքը և չի կատարում իր պարտականությունները։ Ադրբեջանի հեռահար նպատակը երևի միջանցքի փակելն է կամ նրա բնականոն գործունեությունը խաթարելը։ Սա իրականում լուրջ վտանգ է, փաստորեն ամբողջությամբ մեկուսացման մեջ գտնվող Արցախի համար արտաքին աշխարհ դուրս գալու, շփվելու միակ ճանապարհը Բերձորի միջանցքն է։ Այն հումանիտար նշանակություն ունի, պարենի փոխադրման, բնակչության տեղաշարժի, դեղորայքային մատակարարումների, անհրաժեշտության դեպքում ՀՀ-ում բուժօգնություն կազմակերպելու համար, և այլն։ Բոլորի համար էլ ակնհայտ է, որ այդ միջանցքն ունի մարդասիրական շատ կարևոր նշանակություն»,- ընդգծեց Գեղամ Ստեփանյանը։

Շարունակելով միտքը՝ Արցախի ՄԻՊ-ն ասաց, որ հենց այս ամենով է  պայմանավորված, որ 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարության մեջ միջանցքը հատուկ կարգավիճակ է ստացել և նշվել է, որ  միջանցքի վերահսկողությունն իրականացվելու է ռուս խաղաղապահների կողմից։

«Կարծում եմ՝ միջանցքի կարգավիճակի փոփոխության կամ միջանցքի բնականոն աշխատանքի խաթարմանն ուղղված ադրբեջանական փորձերը պետք է ամենախիստ հակադարձության ու պատասխանի արժանանան, ինչպես ռուս խաղաղապահների կողմից, այնպես էլ նրանց, որոնք այսօր զբաղվում են Արցախի հարցի կարգավորմամբ, լինի ամերիկյան կողմը, ԵՄ-ն, թե Ֆրանսիան ու այլ դերակատարներ։ Սա կենսական նշանակության հարց է, որից իրապես կախված է Արցախում ապրող մարդկանց ճակատագիրը՝ կենթարկվեն ցեղասպանության կամ էթնիկ զտմա՞ն, թե՞ կապրեն իրենց հայրենիքում։ Այդ հարցը պետք է հասցեագրել բոլոր մակարդակներում և թույլ չտալ, որպեսզի Ադրբեջանը որևէ ձևով փորձի միջամտել կամ ոտնձգություն իրականացնել»,- եզրափակեց Գեղամ Ստեփանյանը։

Տեսանյութեր

Լրահոս