Բաժիններ՝

Աշխարհի 100 խոշորագույն ընկերությունների սպառազինությունների վաճառքը 2021թ. աճել է 1,9 %- ով. SIPRI

2021 թ.-ին ռազմաարդյունաբերական ոլորտի աշխարհի խոշորագույն 100 ընկերությունների զենքի և ռազմական ծառայությունների վաճառքը նախորդ տարվա համեմատությամբ աճել է 1,9 տոկոսով՝ հասնելով 592 միլիարդ դոլարի: Այս մասին նշվում է Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI)` դեկտեմբերի 5-ին հրապարակված զեկույցում: Զենքի վաճառքի ծավալն աճել է 7 տարի անընդմեջ:

Չնայած այն հանգամանքին, որ 2020–2021 թվականներին զենքի վաճառքը ցույց է տվել ավելի բարձր աճ, քան 2019–2020 թվականներին (1,1 տոկոս), ընդհանուր առմամբ, դրա դինամիկան զիջել է մինչհամավակային դինամիկային, որը եղել է 3,7 տոկոսի մակարդակում:

COVID-19-ի համավարակը լրջորեն ազդել է մատակարարումների գլոբալ շղթաների վրա, որոնցից շատերը խախտվել են: Դրան ավելացել է նաև Ուկրաինայի հակամարտության ազդեցությունը, քանի որ Ռուսաստանը ռազմական արդյունաբերության համար հումքի կարևոր մատակարար է:

Զեկույցում ասված է, որ դա կարող է խոչընդոտել ռազմական ներուժի ամրապնդման և պահուստների համալրման՝ Եվրոպայի և ԱՄՆ-ի ջանքերը, քանի որ Ուկրաինա են ուղարկվել միլիարդավոր դոլարի սարքավորումներ և զինամթերք:

«Արտադրության ավելացումը ժամանակ է պահանջում: Եթե մատակարարումների շղթայում ընդհատումները շարունակվեն, ապա սպառազինությունների որոշ հիմնական արտադրողներից կարող է մի քանի տարի պահանջվել նոր պահանջարկի բավարարման համար, որն առաջացել է Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունների պատճառով», – ասել է SIPRI-ի ավագ գիտաաշխատող Դիեգո Լոպես դա Սիլվան:

Աշխարհի 100 խոշորագույն ռազմաարդյունաբերական ընկերությունների ցանկում առաջին հորիզոնականը, ինչպես և նախկինում, զբաղեցնում են Միացյալ Նահանգների ընկերությունները: Դրանք ցանկում 40-ն են, իսկ դրանց վաճառքի ընդհանուր ծավալը կազմել է 299 միլիարդ դոլար:

2018 թվականից ի վեր առաջին հարյուրյակի առաջատարների հնգյակը նույնպես կազմում են ԱՄՆ-ում տեղակայված ընկերությունները: Եվրոպան թոփ 100-յակում ներկայացված է 27 ընկերություններով, որոնց վաճառքի ընդհանուր ծավալը 2021 թվականին 2020-ի համեմատությամբ ավելացել է 4,2 տոկոսով և կազմել 123 միլիարդ դոլար:

Ասիայից և Օվկիանայից թոփ100-յակ է մտել 21 ընկերություն, որոնց վաճառքի ընդհանուր ծավալը 2021 թվականին կազմել է 136 միլարդ դոլար, ինչը 5,8 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի: Այդ գումարից 109 միլիարդ դոլարը բաժին է ընկնում Չինաստանի ութ ընկերությունների, որոնք 2021 թվականին ցույց են տվել 6,3 տոկոս աճ: 2021 թվականին թոփ 100-յակ է մտել Ռուսաստանի վեց ընկերություն, ինչը երեքով պակաս է, քան 2020 թվականին: Ցանկում տեղ գտած Ռուսաստանի վեց ընկերությունների վաճառքի ընդհանուր ծավալը 2021 թվականին հասել է 17,8 միլիարդ դոլարի, ինչը 0,4 տոկոսով է գերազանցում նախորդ տարվա ցուցանիշը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս