«Պուտինը չի կարող հայ-ռուսական միացյալ զորախմբին ասել՝ մի գրոհեք». Գեներալների և ՀՀ նախկին իշխանության համարձակ հայտարարությունները
Նոյեմբերի 23-ինԵրևանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ընդունել է՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը ձախողվել է, այսինքն, այն ՀՀ-ին ոչինչ չի տվել, և հարց է՝ ՀՀ-ն ինչ է տվել այս դեպքում ՀԱՊԿ-ին:
Նիկոլ Փաշինյանի տխրությունն ու ձախողումը
«Տխրեցնում է այն փաստը, որ Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին չզսպեց Ադրբեջանին ագրեսիվ գործողությունների դիմելիս, և առավել ևս, որ, ըստ էության, մինչև այսօր մենք չենք կարողացել որոշում կայացնել ՀԱՊԿ-ի՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային արձագանքի վերաբերյալ։ Այս փաստերը մեծ վնաս են հասցնում ՀԱՊԿ-ի համբավին թե՛ մեր երկրի ներսում, թե՛ դրանից դուրս, և ես սա համարում եմ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության հիմնական ձախողումը»,- ողջույնի իր խոսքում նշել է Նիկոլ Փաշինյանը:
Ավելի ուշ իր հիմնական ելույթում նա հիշեցրել էր, որ սեպտեմբերի 13-14-ը Հայաստանի Հանրապետությունը բախվել է ադրբեջանական չարդարացված և չհրահրված ագրեսիայի, որը հանգեցրել է ոչ միայն Հայաստանի որոշ ինքնիշխան տարածքների օկուպացման, այլև զինվորականների, ինչպես նաև քաղաքացիական անձանց շրջանում կորուստներին և քաղաքացիական ենթակառուցվածքների զգալի ավերմանը։
«Ադրբեջանական հերթական ագրեսիան, և մասնավորապես այն, որ մինչ օրս չենք կարողացել որոշում կայացնել նշված ագրեսիային ՀԱՊԿ-ի արձագանքի վերաբերյալ, առաջ է բերում հիմնարար հարցեր, որոնք չափազանց կարևոր են՝ ինչպես ՀԱՊԿ-ի համար, այնպես էլ՝ հայ հասարակության շրջանում կազմակերպության ընկալման համար։
Մեզ համար սկզբունքային նշանակություն ունի Հայաստանի Հանրապետությունում ՀԱՊԿ պատասխանատվության գոտու հաստատումը։ Նման ձևակերպման գոյությունն ինքնին կարող է տարօրինակ թվալ, բայց մեր վերջին քննարկումներն ուսումնասիրելով՝ մենք հանգել ենք այն եզրակացության, որ սա չափազանց կարևոր է»,- շարունակել է Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ Երևանում չի ստորագրվել Հայաստանին ՀԱՊԿ աջակցություն տրամադրելու որոշումը:
Այսօր կառավարության նիստի ժամանակՆիկոլ Փաշինյանն ասել է, որ ՀԱՊԿ-ում չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ 2 շատ կարևոր փաստաթղթերի վերաբերյալ:
«Ցավոք, մեզ չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ երկու շատ կարևոր փաստաթղթերի վերաբերյալ։ Իմ կարծիքով՝ տեղի է ունեցել շատ բաց, անկեղծ ու դրական քննարկում. այդ երկու փաստաթղթերն ուղարկվել են լրամշակման։ Ես հույս ունեմ, որ կարող ենք գալ ընդհանուր հայտարարի։ Չնայած նրան, որ մենք հռչակագիրը չստորագրեցինք, և սեպտեմբերի 13-ի էսկալացիայի վերաբերյալ ՀԱՊԿ որոշումը չընդունվեց մեր չստորագրելու պատճառով, բայց քննարկումը դրական եմ համարում. դրական եմ համարում նաև Ռուսաստանի հետ երկկողմ պայմանավորվածությունները և հույս ունեմ, որ դրանք արագ կիրագործենք»,- հայտնել է Փաշինյանը:
Ըստ էության, սա նշանակում է, որ ՀՀ ղեկավարը չի կարողացել ՀԱՊԿ-ում ՀՀ նախագահության ընթացքում հասնել ՀԱՊԿ-ի՝ՀՀ-ի դեմ ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ առնվազն պատշաճ գնահատականին:
Արդյո՞ք պատճառը միայն ՀԱՊԿ-ի ներսում Հայաստանի բարեկամներ չունենալու հանգամանքն է, կամ ՀԱՊԿ անդամ չհանդիսացող Ադրբեջանի շատ բարեկամներ ունենալը, թե՞ կան նաև այլ պատճառներ: Ի վերջո, այս առումով իրավիճակը և Ադրբեջանի բարեկամները չեն փոխվել:
Գուցե ՀԱՊԿ-ում դեռ հիշում են 2018-ին գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից Նիկոլ Փաշինյանի հետկանչման որոշումը, որը, բնական է, ոչ միայն ազդեց ՀԱՊԿ վարկանիշի վրա, այլև կազմակերպության ներսում որոշակի խնդիրներ առաջացրեց, այդ թվում՝շահերի բախում:
Միջազգային քաղաքականության մեջ հաստատվում է «ուժեղի իրավունքը»
Իսկ գեներալ Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնալը ՀՀ-ին հեշտ չէր տրվել: Այն, որ ՀԱՊԿ-ն իմիջի բարելավման խնդիր ուներ, դրա մասին խոսել էր նաև Յուրի Խաչատուրովը, երբ արդեն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար էր:
Մասնավորապես, 2017-ին ՀԱՊԿ գործունեության առաջնայնություններին նվիրված ՌԴ Պետդումայի ԱՊՀ, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նիստում գեներալը հայտարարել էր.
«ՀԱՊԿ-ը պետք է դրական իմիջ ձևավորի միջազգային ասպարեզում»:
Այնուհետև անդրադառնալով փաստին, որ միջազգային քաղաքականության մեջ հաստատվում է «ուժեղի իրավունքը», ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ասել էր.
«Որոշ արևմտյան երկրներ համառորեն ձգտում են ամեն գնով պահպանել իրենց իշխող դիրքը: Մրցակիցներին չեզոքացնելուն է ուղղված նրանց քարոզչության ամբողջ հզորությունը: Մինչդեռ քաղաքական կատակլիզմների մեղավորները ներկայացվում են որպես զոհեր՝ ռազմատենչ ազգայնամոլություն, կրոնական ծայրահեղականություն որդեգրած ռեժիմները հերոսացվում են և աջակցություն ստանում՝ «թեև նա սրիկա է, բայց մեր սրիկան է» սկզբունքով»:
Այս համատեքստում հիշեցնենք, որ 2018-ի սեպտեմբերին հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճ էր արձանագրվել, հակառակորդը գնդակոծում էր Տավուշի սահմանամերձ գյուղերը, ինչին ՀԱՊԿ-ն արձագանքել էր լխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշվում էր.
«Մտահոգություն ենք հայտնում վերջին շրջանում հայ-ադրբեջանական սահմանին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի և քաղաքացիական օբյեկտների վրա գնդակոծության դեպքերի առթիվ, որոնք հանգեցրել են մարդկային կորուստների»:
Իսկ2016-ի դեկտեմբերի 29-ի առավոտյան Չինարի գյուղի մոտակայքում ադրբեջանական զորքերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ, և ՀԱՊԿ-ըտարածել էր կազմակերպության գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը, որտեղ տեղի ունեցածը դիտարկվել էր սադրանքՀԱՊԿ անդամ պետության տարածքում:
Գուցե ՀԱՊԿ-իվերը նշված հայտարարությունները կարող էին լինել առավել կոշտ և հասցեական:
2016-ին ՀԱՊԿ անդամ երկրները աջակցություն էին հայտնել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններին
Չմոռանանք, որ 2016-ի հոկտեմբերի 14-ինԵրևանում կայացել էր ՀԱՊԿ խորհրդի նստաշրջանը, որը վարել էր 2015-2016թթ. նախագահությունը ստանձնած Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը, որը նստաշրջանի արդյունքների ամփոփմանը մի շատ կարևոր արձանագրում էր արել.
«ՀԱՊԿ շրջանակներում գործընկերներն աջակցություն են հայտնել ընթացիկ տարում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի լարվածության աճի կանխարգելմանը, իրադրության կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը: Նստաշրջանում վերահաստատվել է ԼՂ հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ լուծման անհրաժեշտությունը, աջակցություն է հայտնվել հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք հիմնված են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես, ուժի չկիրառմանը կամ ուժի կիրառման սպառնալիքին, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին վերաբերող դրույթների վրա»:
Եվ սա այն դեպքում, երբ խոսքը չճանաչված Արցախի տարածքին էր վերաբերում:
Ի դեպ, սրանից առաջ՝ 2015-ին, Մոսկվայում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դիմելով ՀԱՊԿ անդամ պետություններին՝ նշել էր․
«Ցանկացած երկիր ունի իր շահերը, իր առաջնայնությունները, բայց դրանք չպետք է հակադրվեն մեր ընդհանուր շահերին և փոխադարձ պարտավորություններին։ Ամեն անգամ, երբ Ադրբեջանի Զինված ուժերը Հայաստանի Հանրապետության դեմ կիրառում են ավտոմատներ, ականանետեր և հրետանային սարքավորումներ, նրանք կրակում են Աստանայի, Դուշանբեի և Բիշքեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։ Հիշեցնեմ, որ մենք Կանոնադրության մեջ ունենք համապատասխան հոդված։ Եվ եթե մենք ոչ միայն չենք կիրառում այդ հոդվածը, չենք քննարկում ստեղծված իրավիճակը, հարկ չենք համարում վերցնել լսափողը և հետաքրքրվել՝ ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում, և դրա հետ մեկտեղ՝ նաև քվեարկում ենք միմյանց շահերի դեմ միջազգային կազմակերպություններում, երրորդ երկրների հետ ընդունում ենք երկկողմ հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ, ապա մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ Կազմակերպությունը, նրա հեղինակությունը, նրա կարևորությունը»:
ՀՀ-նանհրաժեշտության դեպքում պատրաստ է ուղղակի ռազմական աջակցություն տրամադրել Արցախին
2015-2017-ը ՀԱՊԿ-ի և Հայաստանի ու Արցախի անվտանգային հարցերի վերաբերյալ ՀՀ-ից համարձակ հայտարարություններ են եղել նաև ՀՀ այլ պաշտոնյաների կողմից:
2016-ի ապրիլի 3-ին ՀՀ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանությունների ռազմական կցորդների հետ հանդիպման ժամանակ Դավիթ Տոնոյանը հստակ հայտարարել էր. «Հայկական կողմը պատրաստ է ցանկացած զարգացման, անհրաժեշտության դեպքում՝ ընդհուպ մինչև ուղղակի ռազմական աջակցության ԼՂՀ պաշտպանության»:
2015-ին՝ tert.am-ի հետ զրույցում Տոնոյանը հայտարարել էր.
«Իսկ ո՞վ է ասում, որ 1994թ. ստեղծված անվտանգության գոտին Ադրբեջանի ներկայիս սպառազինվածության պայմաններում բավարար է իր դերը կատարելու համար: Իսկ ո՞վ է ասում, որ ԼՂՀ-ի շուրջը ձևավորված անվտանգության գոտին մեզ համար բավարար է: Ո՞ւմ գնահատականն է։ Մեր գնահատականով՝ Ադրբեջանի այսօրվա սպառազինվածության պայմաններում այն արդեն իսկ բավարար չէ»:
Արցախի ուղղությամբ վտանգի դեպքում հայ-ռուսական միացյալ զորախումբը հապաղելու իրավունք չունի. Պուտինը չի խանգարի
Իսկ 2017-ի մայիսին այն ժամանակ հայ-ռուսական զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ Անդրանիկ Մակարյանը հայտարարել էր՝ «Արցախի ուղղությամբ վտանգի դեպքում հայ-ռուսական միացյալ զորախումբը սպասելու և հապաղելու իրավունք չունի»:
«Զորամիավորման հրամանատարը և խաղաղ, և պատերազմական պայմաններում նշանակվում է Հայաստանի Զինված ուժերի կազմից: Զեկուցում եմ ձեզ՝ համաձայն հայ-ռուսական համատեղ համաձայնագրի, որը ստորագրվել է 2016 թ. նոյեմբերի 30-ին, հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատարը նշանակվում է Հայաստանի Զինված ուժերի զինծառայողների կազմից։
Հրամանատարը նշանակվում և ազատվում է Հայաստանի Հանրապետության գերագույն-գլխավոր հրամանատարի հրամանագրով՝ համաձայնեցնելով այն Ռուսաստանի Դաշնության գերագույն գլխավոր հրամանատարի հետ: Իսկ զորախումբը միջամտելու է ցանկացած վտանգի դեպքում և Արցախի դեպքում ևս սպասելու, հապաղելու իրավունք չունի»,- ասել էր Անդրանիկ Մակարյանը՝ ընդգծելով, որ զորամիավորումը գործելու է միայն ՀՀ գերագույն-գլխավոր հրամանատարի հրամանով:
Ճշտող հարցին՝ Վլադիմիր Պուտինը չի՞ կարող ասել՝ մի գրոհեք, գեներալը արձագանքել էր. «Ոչ, չի կարող»:
Գեներալ Մակարյանի այս հայտարարությունը Ադրբեջանը որակել էր մարտահրավեր՝ ուղղված Պուտինին:
Հայկական որոշ շրջանակներ ևս դժգոհել էին գեներալ Մակարյանի այս հայտարարությունից, ավելին, նրան մեղադրել էին ստելու մեջ:
Ի դեպ, սա գեներալ Մակարյանի միակ նմանատիպ հայտարարությունը չէր, 2013-ին նա ինձ հետ զրույցում ասել էր՝ «ինձ դե յուրե–մե յուրե չի հետաքրքրում, ինձ դե ֆակտոն է հետաքրքրում. սատկացնել, ջարդել դրանց, որ սսկվեն»:
Ադրբեջանը սա ևս շատ ծանր էր տարել՝ նշելով, որ հայ գեներալը սպառնում է իրենց:
Այսօր գեներալներին չի թույլատրվում լրատվամիջոցների հետ շփվել, ուր մնաց՝ նման հայտարարություններ անել:
Ավելին, այս նույն գեներալներն այսօր շատ խոցելի վիճակում են, նրանցից ոմանք 44-օրյա պատերազմի դրվագներով քրեական գործերով են անցնում, իսկ ՀՀ ղեկավարությունը միայն խնդրողի դերում է, բանակն էլ չունի նախկին սուբյեկտայնությունը, թեպետ մասնագետների կարծիքով այլ իշխանության դեպքում կարելի է մի քանի տարում վերականգնել ոչ միայն բանակի մարտունակությունը, այլև սուբյեկտայնությունը: