Նախկիններին պադավատապետության, կոռուպցիայի մեջ մեղադրողն այսօր կրկին 200 նոր ավտոմեքենա է գնում, պետական միջոցներն է մսխում. Հովհաննես Ավետիսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը տնտեսագետ, պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանն է:

Տնտեսագետը նշել է.

  • Պետական բյուջեն ձևավորվում է հարկատուների ուղղակի և անուղղակի հարկերի գանձումներից: Պետությունն էլ բյուջեից տարբեր նպատակներով իր ծախսերը, տարբեր գերատեսչություններին հատկացումները կատարում է քաղաքացիների հարկերի հաշվին:
  • Երկրում հարկ չվճարող չկա, անգամ, եթե աշխատավարձ չեն ստանում, միևնույն է՝ անուղղակի հարկ վճարում են՝ թեկուզ խանութում գնումներ կատարելիս:
  • «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամում» գումարը կուտակվում է քաղաքացիների հարկերի հաշվին, որն առանձին հարկատեսակ է և գործում է օրենքի ուժով և ոչ թե՝ առանձին անհատների կամքով պայմանավորված: Այդ գումարները Նիկոլ Փաշինյանը չի՛ տալիս զոհված և անհետ կորած զինծառայողների ընտանիքներին:
  • Հաջորդ տարվա բյուջեով պետական պարտքի սպասարկման ծախսը նախորդ տարվանից աճել է 60 մլրդ դրամով, դա նշանակում է՝ պետական պարտքը շարունակելու է աճել, քանի որ աճում է սպասարկման ծախսը, պարտքի բեռը բյուջեի վրա մեծ է:
  • 2023 թվականին ոստիկանությանը նախատեսվում է հատկացնել 10 մլրդ դրամով ավելի գումար, ու թեև պաշտպանության բյուջեն էլ են մեծացրել, բայց դա բավարար չէ երկրի պաշտպանական անվտանգությունն ապահովելու համար, զենք-զինամթերք ձեռք բերելու համար նախատեսված ծախսերը նույնն են, ինչ նախորդ տարի: 44-օրյա պատերազմի ժամանակ Հայաստանի Հանրապետությունը մեծ քանակի զենք, զինամթերք և տեխնիկա է կորցրել, անվտանգությունն ապահովելու համար պետք է զենք գնենք, վերականգնենք կորցրածը, իսկ դա մեկ տարվա բան չէ: Մինչդեռ այս իշխանությունները հայտարարում են, թե զենք չունենք, փող կա, բայց Հայաստանին զենք չեն վաճառում, խոչընդոտում են. Փաստորեն, թշնամուն տեղեկություն ենք տալիս, իսկ նման թեմաների վերաբերյալ հանրային հայտարարություններ անել չի՛ կարելի:
  • Կենսաթոշակների ավելացումը կարճաժամկետ պոպուլիստական գործողություն է: Պետք է այդ հարցին համակարգային լուծում տալ. պարտադիր կուտակային կենսաթոշակի հիմնադրամներում կուտակվող գումարը պետությունը պետք է օգտագործի կապիտալ ներդրումների համար:

  • Այսօր պետությունը՝ քաղաքացիներին, բիզնեսին ցանկացած աջակցություն սխալ տրամաբանությամբ է կատարում, ամեն ինչ անում է բանկերի միջոցով, դրանով հարստացնում են բանկերին, այնինչ Կենտրոնական բանկը՝ որպես պետական բանկ, պետք է զբաղվի այդ հարցերով, և ոչ թե՝ մասնավոր բանկերը շահույթ չստանան:
  • Դրամի արժևորումը, արտարժույթով ավանդների ծավալի մեծացումն է անհանգստացնող, տեղի է ունենում դոլարիզացիա:
  • Բանկային համակարգի կայունության օգտին ծավալվող գործընթացները վնասում են տնտեսությանը. բանկային համակարգը ստանում է գերշահույթ, բարձրացնում է չարդարացված տոկոսադրույքները:
  • Բիզնեսին ավելի թանկ վարկ են տալիս, բիզնեսմենի ծախսերն ավելանում են, արտահանելու դեպքում՝ նույնպես, արդյունքում տուժում է բիզնեսը և արտահանումը:
  • Երկրում լուծված չէ ենթակառուցվածքների խնդիրը՝ ոռոգման համակարգ, միջպետական ճանապարհներ, իսկ ճանապարհները տնտեսության արյունատար անոթներն են:
  • Մինչև պետությունը չլուծի ենթակառուցվածքների հարցը, մեր տնտեսությունը չի՛ հաջողելու:
  • Ճանապարհ կառուցում են գյուղերում, դա լավ է գյուղացիների համար, բայց դա ընդամենը քաղաքական կարճաժամկետ շահերը սպասարկելու, քաղաքական բոնուս ստանալու նպատակով է արվում, և ոչ թե՝ տնտեսությունը զարգացնելու, արտահանումը խթանելու համար արյունատար անոթներ ստեղծելու համար:
  • Ասֆալտ փռելը լուրջ զբաղմունք չէ, մանավանդ, որ դա արվում է մասնավորի միջոցով և շատ անորակ:
  • Պետական կառավարման համար ծախսվում է շատ մեծ գումար, բայց հանրային կառավարման արդյունավետությունը շատ ցածր է:
  • Սեփական իշխանությունն ամրապնդելու նպատակով ոստիկանության համակարգն ուժեղացնելով ու ֆինանսավորումն ավելացնելով՝ խնդիրներ են ստեղծում հանրության համար:
  • Հանրությունը, հատկապես գիտակից հատվածը պետք է լինի պահանջատեր, մարդիկ պետք է հիշեն, որ հարկ են վճարում, ուստի պետք է պահանջեն հաշվետվողականություն և իրենց հարկերից ձևավորված բյուջեի նպատակային օգտագործում:

Կարդացեք նաև

  • 2018-ի հեղափոխությունից հետո շատերն ակնկալում էին համակարգային փոփոխություն, բայց մենք ունեցանք զուտ անձանց փոփոխություն, փոխվեցին անձանց դեմքերը, այսինքն՝ տեղի ունեցավ պարզապես իշխանափոխություն:
  • Կոռուպցիան միայն կաշառք վերցնելը չէ, կոռուպցիա է նաև հանրային միջոցների վատնումը, երբ ԱԺ նախագահի համար պետական բյուջեից հատկացվող գումարով 90 միլիոն դրամ կամ մոտ 185 հազար դոլար արժողությամբ մեքենա է գնվում, կամ որ նախատեսվում է կառավարության համար շուրջ 200 ավտոմեքենա գնել:
  • Քաղաքացին պարտավոր է պահանջել պետությունից, եթե չի պահանջում, Նիկոլ Փաշինյանի պես մարդիկ օգտվում են քաղաքացիների անգիտությունից և կատարում են ոչ նպատակային ծախսեր:
  • Նախկիններին պադավատապետության մեջ մեղադրողն այսօր 200 նոր ավտոմեքենա է ուզում գնել պադավատը թարմացնելու համար:
  • ՏՏ ոլորտի 90%-ից ավելին նստած է արտապատվիրման վրա, այստեղ կոդ գրելով ու քիչ հարկ վճարելով՝ դրսից պարզապես գումար են աշխատում:
  • Այսօր ես դեռ չեմ տեսնում քաղաքական այն օրակարգերը, որ ցույց կտան բեկումնային կետին հասնելու ճանապարհները. քաղաքական էլիտաների խնդիրն է՝ մարդկանց ճանապարհ, հստակ քաղաքական օրակարգ ցույց տալը:
  • Դեպի բեկում գործընթացները թարս ուղղությամբ են գնում, որը մեր շահերից չի բխում:

Տեսանյութեր

Լրահոս