Ազգային արխիվի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարվել է մրցույթ՝ բավականին անորոշ պահանջներով
Արդարադատության նախարարությունը մրցույթ է հայտարարել՝ «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար:
Նշվում է, որ Գործադիր մարմնի պաշտոնում կարող է նշանակվել բարձրագույն կրթություն ունեցող, Հայաստանի Հանրապետության այն գործունակ չափահաս քաղաքացին, որն ունի հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
Մրցույթի թեստավորման փուլը նախատեսված է անցկացնել 2022թ. դեկտեմբերի 07-ին, ժամը 12:00-ին, իսկ հարցազրույցի փուլը՝ 2022 թ. դեկտեմբերի 08-ին՝ ժամը 12:00-ին, ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8 հասցեում:
168.am-ի հետ զրույցում մրցույթին մասնակցելու ցանկություն ունեցող Ազգային արխիվի ներկա ու նախկին աշխատողները նշեցին, որ ներկայացված պահանջները բավականին անորոշ են:
«Գրված են ամբողջական օրենքներ, բայց չկան հոդվածների մասին նշումներ: Քաղծառայության դեպքում նշում են, թե որ օրենքի որ հոդվածներն են»,- ասացին նրանք:
Հավելենք, որ մրցույթի հայտարարության մեջ նշված է, որ թեստավորման փուլին նախապատրաստվելու համար անհրաժեշտ նորմատիվ իրավական ակտերի շրջանակն է (թեստային հարցերի նմուշը՝ այստեղ)՝ ՀՀ Սահմանադրություն, ՀՀ աշխատանքային օրենսգիրք. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենք, «Գնումների մասին» օրենք, ՀՀ Հարկային օրենսգիրք, «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրություն (ՀՀ կառավարության 22.08.2002թ. N 1406-Ն որոշում):
Հարցազրույցի փուլին մասնակցելու համար հավակնորդները պետք է տիրապետեն նորմատիվ իրավական ակտերի և հմտությունների շրջանակը՝ ՀՀ Սահմանադրություն, ՀՀ աշխատանքային օրենսգիրք, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենք, «Գնումների մասին» օրենք, ՀՀ Հարկային օրենսգիրք, «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրություն (ՀՀ կառավարության 22.08.2002թ. N 1406-Ն որոշում), Աշխատակազմի (անձնակազմի) կառավարում» կոմպետենցիա, «Որոշումների կայացում» կոմպետենցիա:
Հարցազրույցի փուլ անցած մասնակիցները մինչև 2022 թվականի դեկտեմբերի 07-ը՝ ժամը 12:00-ն, պետք է hանձնաժողովին նախապես ներկայացնեն համապատասխան պետական կազմակերպության զարգացման և բարեփոխման իրենց մշակած հայեցակարգը՝ էլեկտրոնային տարբերակով: Հայեցակարգը պետք է լինի առավելագույնը 20 էջ, պետք է պարունակի պետական կազմակերպության ոլորտի առկա խնդիրների համակարգային վերլուծությունը և գնահատումը, ներառի պետական կազմակերպության բնագավառի զարգացման և բարեփոխման առաջարկները: Դիմումների ընդունման վերջին ժամկետն է 2022 թվականի նոյեմբերի 25-ը: Հիմնական աշխատավարձի չափն է 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ:
Ավելի վաղ մեզ հետ զրույցում Ամատունի Վիրաբյանը, որ շուրջ 17 տարի ղեկավարել է Ազգային արխիվը, նշեց, որ ընդհանրապես տնօրենը պետք է իմանա, թե որտեղ է աշխատում, և պատկերացում ունենա այդ աշխատանքի մասին:
«Եթե հիմա բերում ու նոր տնօրեն են նշանակում՝ նա պետք է պատկերացնի, թե ուր է եկել և ինչի համար: Արխիվից պետք է գաղափար ունենա: Իմանա՝ ինչ է գիտությունը, մշակույթը, Ազգային արխիվը՝ որպես գիտական, մշակութային կազմակերպություն, իրենից ինչ է ներկայացնում, ոչ թե լինի մենեջեր: Հնարավոր է՝ լավ մենեջեր է, բայց դա առաջին հերթին՝ գիտական, մշակութային կազմակերպություն է»,- մեզ հետ զրույցում ասել էր Ամատունի Վիրաբյանը: