Մրցույթի չեմ մասնակցի, իմ տարիքը լրացել է, իսկ եթե առաջարկեն, ապա ասեմ՝ այս իշխանությունների հետ ես անելիք չունեմ. Ամատունի Վիրաբյան
Հոկտեմբերի 3-ին Արդարադատության նախարարության կայքում հրապարակվել է նախարարի հրամանը, որով «Ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Գրիգոր Արշակյանի լիազորությունները դադարեցվել են։
Նշենք, որ Արշակյանն այս պաշտոնում նշանակվել է 2020 թվականի դեկտեմբերի 18-ին։ Նոր մրցույթ առայժմ չի հայտարարվել:
Ամատունի Վիրաբյանը, ով շուրջ 17 տարի ղեկավարել է Ազգային արխիվը, 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ընդհանրապես տնօրենը պետք է իմանա, թե որտեղ է աշխատում, և պատկերացում ունենա այդ աշխատանքի մասին:
«Եթե հիմա բերում ու նոր տնօրեն են նշանակում՝ նա պետք է պատկերացնի, թե ուր է եկել և ինչի համար: Արխիվից պետք է գաղափար ունենա: Իմանա՝ ինչ է գիտությունը, մշակույթը, Ազգային արխիվը՝ որպես գիտական, մշակութային կազմակերպություն, իրենից ինչ է ներկայացնում, ոչ թե լինի մենեջեր: Հնարավոր է՝ լավ մենեջեր է, բայց դա առաջին հերթին գիտական, մշակութային կազմակերպություն է»,- մեզ հետ զրույցում ասաց Ամատունի Վիրաբյանը:
Անդրադառնալով Տավուշի մարզային մասնաճյուղի, Արարատի և Թումանյանի տարածքային ներկայացուցչությունների գործունեությունը դադարեցնելու հանգամանքին, Ազգային արխիվի նախկին տնօրենը նշեց.
«Փակեց այնտեղ, որտեղ շենք չունեինք (վարձում էինք), որպեսզի վարձը չվճարի: Սա էր պատճառը, ուրիշ պատճառ չկար: Ամեն դեպքում, մարզկենտրոնում արխիվը պետք չէր փակել: Իհարկե, կան տեղեր, որտեղ պետք է փակվի, որովհետև քանի գնում, գործառույթները պակասում են, տեղեր կան՝ ես էլ եմ փակել, բայց այն արխիվներն էինք փակում, որտեղ շաբաթը մեկ էր մարդ մտնում: Մեկ մարդու համար արխիվ չեն պահի: Հիմա կա «մեկ պատուհանի» գաղափարը, և մարդը կարող է դիմել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, որն էլ իր փոխարեն հարցում կանի»:
Հարցին՝ երբ հայտարարվի մրցույթ կամ լինի առաջարկ՝ կրկին զբաղեցնել պաշտոնը, կհամաձայնի՞, Ամատունի Վիրաբյանը պատասխանեց.
«Մրցույթի չեմ մասնակցի, իմ տարիքը լրացել է, իսկ եթե առաջարկեն, ապա ասեմ՝ այս իշխանությունների հետ ես անելիք չունեմ»: