«Առավոտյան ժամը 07։00-ի կողմերն ենք կրակոցների ձայներ լսել՝ հավանաբար մեր գյուղի ուղղությամբ չէին». Վերին Շորժայի գյուղապետ
Պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության համաձայն՝ գիշերը հայ-ադրբեջանական սահմանին պահպանվել է լարվածությունը, իսկ ժամը 08։00-ից սկսած, հակառակորդը, կիրառելով հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, վերսկսել է նախահարձակ գործողությունները, մասնավորապես՝ Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղություններով։
168.am-ի հետ զրույցում Վերին շորժայի գյուղապետ Արտյոմ Երանոսյանն ասաց, որ այս պահին գյուղի ուղղությամբ կրակոցների ձայներ չեն լսում։
«Այս պահին գյուղի ուղղությամբ կրակոցներ չկան, առավոտյան ժամը 07։00-ի կողմերն ենք կրակոցների ձայներ լսել, սակայն այդ կրակոցները հավանաբար մեր գյուղի ուղղությամբ չէին»,- նշեց գյուղապետը։
Նրա փոխանցմամբ, ընդհանուր առմամբ գիշերն իրավիճակը նորմալ է եղել։
«Փառք Աստծո, գյուղի խաղաղ բնակչության շրջանում տուժածներ, զոհեր չունենք։ Մնացածի վերաբերյալ ոչինչ չեմ կարող ասել հեռախոսով՝ այսքանը»,- եզրափակեց Արտյոմ Երանոսյանը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ադրբեջանական ագրեսիայի արդյունքում հայկական կողմն ունի 49 զոհ, և այդ թիվը վերջնական չէ։ Մինչ այս պահը այլ տվյալներ ՊՆ-ն չի հաղորդել։
Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։