Իրանն ու Ռուսաստանն առաջարկել են, մերժե՛լ եք. Փաշինյանի գլխավորությամբ ԱԽ-ն որոշեց քաշվել մի կողմ. Դավիթ Ջամալյան
Իրանն ու Ռուսաստանը 2023 թ. սեպտեմբերին՝ ադրբեջանական ագրեսիայի մեկնարկից անմիջապես հետո, փորձել են օգնության հասնել Արցախին՝ Հայաստանի ՊՆ-ին առաջարկելով ռազմական աջակցություն ցուցաբերել՝ ճեղքել Լաչինի բլոկադան և հասնել Արցախ, սակայն հայկական կողմը մերժել է իրանական ու ռուսական կողմերի համատեղ առաջարկը։ Այսպիսի ուշագրավ բացահայտում է արել 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարին տված հարցազրույցում ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ խոսելով ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայությամբ Արցախի հայաթափման հարցի շուրջ և հղում անելով ռուսաստանցի արևելագետ Կարինե Գևորգյանի տեղեկություններին։
«Երբ 2023 թ. սեպտեմբերի 19-ի ադրբեջանական ագրեսիան մեկնարկեց, Սերգեյ Շոյգուն՝ այն ժամանակ ՌԴ պաշտպանության նախարարը, գտնվում էր Թեհրանում, և Իրանի այն ժամանակվա, էստեղ ես կարող է շփոթեմ ընդամենը պաշտոնյային, կամ պաշտպանության նախարար Աշտիանին, կամ գլխավոր շտաբի պետ Բաղերին (երկուսն էլ զոհվել են անցյալ տարվա իսրայելական ագրեսիայի ժամանակ) կապվել է 2023-ի սեպտեմբերի 19-ի կեսօրին՝ ադրբեջանական ագրեսիայից անմիջապես հետո, մեր Պաշտպանության նախարարության հետ, կարծեմ՝ հենց պաշտպանության նախարար կոչեցյալի հետ, և առաջարկվել է «Հայաստանի տարածքը իբրև հիմք օգտագործել՝ իրավիճակն Արցախում կայունացնելու համար»»,- պատմել է Ջամալյանը։

Ռազմական փորձագետը հղում է անում ռուսաստանահայ արևելագետ և քաղաքագետ Կարինե Գևորգյանի՝ 2023-ի սեպտեմբերի 20-ին «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում հրապարակած ինսայդերական տեղեկություններին.
«Սեպտեմբերի 20-ին՝ «Говорит Москва» ռադիոկայանին տված հարցազրույցում, մեր հայրենակից՝ արևելագետ Կարինե Գևորգյանը հայտարարել է, որ եղել է զանգ իրանական կողմից, որտեղ նաև Շոյգուն էր գտնվում, և առաջարկվել է «Հայաստանի տարածքն իբրև հիմք օգտագործել՝ իրավիճակն Արցախում կայունացնելու համար»։ Այս ձևակերպումն իրենն է։ Եթե բացենք այս դիվանագիտական ձևակերպումը, սա նշանակում է, որ ինչ-որ ուժեր պետք է մտնեին ՀՀ տարածք Իրանից, ճեղքեին բլոկադան, հասնեին Արցախ։ Բայց հիշեք՝ ինչ է տեղի ունեցել։ Անվտանգության խորհրդի նիստ տեղի ունեցավ այդ պահին, և Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ԱԽ-ն որոշեց չմիջամտել, քաշվել մի կողմ։ Եվ հիշենք, որ մինչ Արցախի դեմ 2023-ի սեպտեմբերյան ագրեսիան տեղի էր ունեցել հեռախոսազրույց Էրդողանի և Փաշինյանի միջև»։
Դավիթ Ջամալյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը խոստովանել է իրանական ու ռուսական կողմերից նման առաջարկի փաստը՝ ասելով, որ «մեզ փորձում էին ներքաշել պատերազմի մեջ»։
«Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, ի դեպ, այս ինֆորմացիան, որ իրանական ու ռուսական կողմերը համատեղ փորձել են օգնության հասնել Արցախին, ասել է՝ մեզ փորձում էին ներքաշել պատերազմի մեջ։ Օգնության հասնելը, գիտեք, այդպես մի քիչ ռոմանտիկ թող չհնչի. և՛ Իրանին է ձեռնտու, որ մենք այստեղ կենսունակ լինենք ու Արցախը հայապատկան լինի, և՛ Ռուսաստանին, որովհետև մեր գոյությամբ իրենք այստեղ ապահով են։ Հիմա քանի որ մեր գոյության իրավունքը իրենց ձեռնտու է նաև Արցախում, իրենք պատրաստ էին զինուժով օգնել, մասնակցել, որպեսզի մենք կայուն մնայինք ու մի մասին Արցախի գոնե տեր կանգնեինք՝ մերը լիներ։
Բայց քանի որ անգլո-թուրքական խամաճիկներն են օրվա իշխանությունը, իրենք մերժել են այս առաջարկությունը, և Նիկոլ Փաշինյանն էլ խոստովանել է. «Մեզ փորձում էին ներքաշել պատերազմի մեջ»։ Ես էլ ասում եմ՝ 18-20 տարեկաններին պետք չէր ուղարկել։ Լավ, զորք մի ուղարկեք, ոչ մի բան մի ուղարկեք, դուք ուղղակի տարածքը տրամադրեիք, Ազգային անվտանգության ռազմավարության պահանջին համահունչ ձեր ֆունկցիան կատարեիք, թույլ տայիք՝ այդ ուժերը գային»,- նշել է Դավիթ Ջամալյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։



