«Անվտանգային թիվ մեկ խնդիրը պետք է լինի երկրի թիվ մեկ օրակարգը». Արտակ Զաքարյան

«Մեր պետության պատմության ընթացքում բազմաթիվ օրհասական և բացառիկ իրավիճակների հետ մեկտեղ՝ ներքաղաքական կյանքում ստեղծվել է մի բացառիկ իրավիճակ, որտեղ ընդդիմությունը որպես քաղաքական ինստիտուտ՝ այսօր լիարաժեք հնարավորություն ունի հակակշռելու և կասեցնելու անվտանգային և բոլոր այն սպառնալիքները, որոնք այսօր ուղիղ իմաստով կանգնած են մեր պետության առջև»,- Հայաստանի իրական օրակարգը» հանրային քննարկման ժամանակ ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ այդ գործընթացում իրենց դեռ չի հաջողվում հասարակության մեծ մասի ներգրավումն ու աջակցությունն ընդդիմադիր երկու խմբակցություններին, որը կարևոր առաքելություն է լինելու պետության գոյության իմաստով:

«Եթե ընդդիմությանը չհաջողվեց կասեցնել երեք հիմնական սպառնալիքներից ամենակարևորը՝ ներքին սպառնալիքը, ապա մենք իրավացի ենք, եթե խոսում ենք պետականության կորստի կամ կործանման, քայքայման մասին: Հետևաբար, անվտանգային թիվ մեկ խնդիրը, նաև ներքին սպառնալիքների իմաստով, մենք պետք է  թիվ մեկ օրակարգային պահենք այնքան ժամանակ, քանի դեռ դրա ուղիղ ազդեցությունը պետության ներքին և արտաքին կյանքի վրա դեռևս շարունակում է գոյություն ունենալ:

Երկրորդը դա տարածաշրջանային սպառնալիքն է, հետևաբար՝ մեզ համար շատ կարևոր ու էական է ՝ հասկանալ բոլոր այն գործընթացները, որոնք կարող են նոր սպառնալքներ, իրավիճակներ ստեղծել մեր պետության համար: Այս իմաստով պետք է նկատի ունենալ ոչ միայն ֆիզիկական, ռազմական անվտանգությունը, այլ սկսած պարենային, կոմունիկացիոն, կրթական, դեմոգրաֆիական, հոգևոր-մշակութային անվտանգությունից: Իսկ ի՞նչ են անում սրանք. հաշվարկված, ծրագրված ամբողջությամբ խարխլում են Հայաստանի պետականության, պետության գոյության իմաստաբանական ամբողջ հիմքերը՝ արժեքներ, ինքնուրույն պաշտպանվելու կարողություն, միասնական գործելու հնարավորություն»,- նշեց Արտակ Զաքարյանը՝ առաջարկելով երկու խմբակցությունների նախաձեռնությամբ ստեղծել աշխատանքային խումբ, որի բուն նպատակը կլինի՝ մշակել ՀՀ ազգային անվտանգության նոր ռազմավարություն:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս