Այնպիսի ծրագրեր պետք է մշակեն, որ քաղաքացին հանգիստ կարողանա իր երկրում գույք ձեռք բերել. անշարժ գույքի գործակալ
ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի փոխանցմամբ՝ 2022թ. երկրորդ եռամսյակում Հանրապետությունում գրանցվել է առքուվաճառքի 15,093 գործարք: Առավել բարձր տոկոսաչափը՝ 34.6 տոկոս, գրանցվել է Երևանում, իսկ առավել ցածրը՝ 1.7 տոկոս, Վայոց Ձորի մարզում:
Երևանում 2022թ. երկրորդ եռամսյակում իրականացվել է բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առք ու վաճառքի 3343 գործարք, և առաջին եռամսյակի համեմատ՝ աճել է 30.8 տոկոսով, 2021թ. երկրորդ եռամսյակի համեմատ՝ 30 տոկոսով: Երևանում 2022թ. երկրորդ եռամսյակում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակի առավել բարձր տոկոսաչափը՝ 20.6 տոկոս, արձանագրվել է Կենտրոնում, իսկ առավել ցածրը՝ 0.3 տոկոս, Նուբարաշենում:
Երևանի բազմաբնակարան շենքերում անշարժ գույքի միջին շուկայական արժեքը 2022թ. II եռամսյակում աճել է 5,4%-ով, տարեկան 16,7% աճի դեպքում’ կազմելով 386.2 հազար դրամ/1քմ:
2022թ. երկրորդ եռամսյակում Հանրապետությունում գրանցված գործարքների քանակը 2022թ. առաջին եռամսյակի համեմատ աճել է 24.8 տոկոսով, իսկ 2021թ. երկրորդ եռամսյակի համեմատ՝ 5.8 տոկոսով:
Մարզերի քաղաքային բնակավայրերում 2022թ. երկրորդ եռամսյակում գրանցված գործարքների քանակը 2022թ. առաջին եռամսյակի համեմատ աճել է 32.3 տոկոսով, 2021թ. երկրորդ եռամսյակի համեմատ՝ 3.7 տոկոսով:
Անշարժ գույքի գործակալները մեզ հետ զրույցում տեղեկացրեցին, որ այս պահին անշարժ գույքի հիմնական գնորդները միջին և բարձր աշխատավարձ ստացող քաղաքացիներն են, որոնք վճարում են բարձր եկամտահարկ և հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների չափով գումար վերադարձվում է եկամտահարկից, շատ դեպքերում ստացվում է անտոկոս հիպոթեքային վարկ, դրա համար էլ մոտիվացիան մեծ է:
«Գներից հիմնականում չեն դժգոհում, որովհետև հիմնականում այս գնորդները բնակարաններով ապահովված են և նոր գույք ձեռք են բերում՝ որպես կապիտալ: Սակայն բնակարան ձեռք բերելը ոչ բոլոր խավերին է հասու: Լավ կլինի, որ տարբեր շերտերի համար տարբեր ծրագրեր մշակեն և դրանում նաև բիզնեսմենները շահ ունենան: Այսինքն, եթե «Եկամտահարկի մասին» օրենքը դուրս գա, ու շատ բիզնեսմեններ սկսեն շենքեր չսարքել, արդեն նոր ծրագիր պետք է մտածել, որի հասցեատերը կլինի ավելի ցածր սոցիալական պայմաններում ապրող բնակչությունը, ու բիզնեսմենները սկսեն այդտեղ ներդրում կատարել: Ամենուր շինարարություն է, բազմաթիվ մարդիկ են աշխատում այդտեղ, և լավ կլինի, որ դա շարունակական լինի, քանի որ փոխկապակցված են նաև տարբեր բիզնեսներ. բետոն արտադրող, արմատուրա ներմուծող, կահույք պատրաստող ընկերություններ կան: Ճարտարապետները ևս աշխատանք ունեն, դիզայներները և այլք»,- նշեց անշարժ գույքի գործակալներից Անդրանիկ Հարությունովը:
Նա ընդգծեց՝ լավ է, որ նոր շենքեր են կառուցում, քանի որ եղած շենքերի մեծ մասը հին են, սեյսմակայունությունը մինչև 7 բալ է, իսկ նորերը մինչև 9 բալ սեյսմակայունություն ունեն:
«Մի խոսքով՝ այնպիսի ծրագրեր պետք է մշակեն, որ քաղաքացին հանգիստ կարողանա իր երկրում գույք ձեռք բերի: Այս պահին շատերն իրենց խնայողությունները փորձում են անշարժ գույքի մեջ դնել, ինչի հետևանքով, հնարավոր է՝ գները բարձրանան 30-40 տոկոսով»,- ասաց մեր զրուցակիցը։
Անդրանիկ Հարությունովը նաև հայտնեց մեզ, որ աշխարհում տեղի ունեցող փոփոխություններն ու անկայուն վիճակը մտահոգում է դրսում ապրող մեր հայրենակիցներին։
«Տարբեր երկրներում ապրող մեր հայրենակիցները վտանգ են զգում, որ այն երկրում, որտեղ այժմ բնակվում են, հնարավոր է՝ անկայունություն լինի, խնդիրներ ծագեն, ու նախընտրում են ՀՀ-ում գույք ձեռք բերել: Օրինակ՝ ՌԴ-ում ապրող, բիզնեսով զբաղվող շատ հայեր դրսի հետ խնդիրներ ունեն, գալիս են Հայաստան, գույք ձեռք բերում: Մարդիկ կան՝ հյուրանոց են առնում կամ նորն են բացում: Նույնը նաև Ուկրաինայի դեպքում: Շատերը գալիս են այստեղ, ու սրա արդյունքում կարող են անշարժ գույքի գները բարձրանալ: Սակայն, եթե մեր քաղաքացիների համար ունենանք ծրագրեր, ովքեր որ կարողանան հանգիստ անշարժ գույք ձեռք բերել իրենց համար, ոչ թե բիզնեսի, գնաճին այդքան չեն անդրադառնա»,- նշեց Անդրանիկ Հարությունովը:
Անշարժ գույքի մեկ այլ գործակալի՝ Արմեն Սահակյանի կարծիքով՝ գնաճը վատ բան չէ, այն նպաստում է բիզնեսին: «Երբ ինչ-որ մի բանը թանկ է վաճառվում ու պահանջարկ ունի, այն իր հետ լիքը ներդրումներ է բերում»,- ընդգծեց նա: