Բաժիններ՝

Հուշարձաններով հարուստ երկրներում արգելված են մետաղորսիչ, տեխնիկական սարքերով հուշարձանների փնտրումը, նմանատիպ լուծում նախատեսում ենք Հայաստանի համար. Հարություն Վանյան

«2021 թվականին արձանագրվել է 131 իրավախախտման դեպք՝ գանձագողություն, ինչ-որ երկաթյա գործիքների օգնությամբ պատերի վրա փորագրում, ներկերով ինչ-որ պատկերներ նկարել և այլն: Իսկ 2022թ. ունենք իրավախախտման 18 դեպք»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արմեն Հովհաննիսյանը:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանի փոխանցմամբ էլ՝ խախտումները կարող են լինել՝ ինչպես հնագիտական հուշարձանների, այնպես էլ՝ ճարտարապետական կառույցների և հուշարձանների դեպքում, իսկ հասցված վնասները գնահատվում են փորձագիտական եզրակացությունների հիման վրա:

«Իրավապահ մարմիններին ուղարկված հաղորդումների հետևանքով կամ վարչական խախտումների մասին օրենքի համաձայն՝ վարչական պատասխանատվության են ենթարկվում իրավախախտները, այսինքն, տուգանքների են ենթարկվում, և նրանց պարտավորեցվում է վերականգնել հուշարձանի նախկին տեսքը, եթե դա հնարավոր է: Օրինակ՝ Գյումրի քաղաքում Կումայրի արգելոցի տարածքում հուշարձան-շենքի վրա փորձել էին նոր հարկ ավելացնել, պատուհանների կամ դռների երեսապատում, քարերի փոփոխություն, ենթադրենք՝ տուֆը փոխել բազալտով, և այլն»,- մանրամասնեց Հարություն Վանյանը:

168.am-ը հետաքրքրվեց՝ գողության դեպքերը կանխելու, հուշարձանները չվնասելու համար ի՞նչ քայլեր են արվել, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենը պատասխանեց. «Ամենակարևորը համայնքային հուշարձանապահպանությունն է, քաղաքացիներին իրազեկելը: Իհարկե, ռեսուրսները բավարար չեն, յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ հուշարձանի պահպանությունն իր պարտքն է, իսկ տեսախցիկների մասով արդեն մի քանի հուշարձանների տարածքում ևս ունենալու ենք տեսախցիկներ»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը հայտնեց, որ հիմա աշխատում են մի օրինագծի վրա, որը կարգելի մետաղորսիչ սարքերի օգտագործումը:

«Գանձագողությունը սովորաբար կազմակերպվում է, երբ նրանք զինված են լինում տարբեր տեխնիկական միջոցներով, մետաղորսիչ սարքերով, որոնցով փորձում են կամ գտնում են դամբարանների տեղերը: Օրինակ՝ Արտաշատի տարածքում միայն նախորդ տարվա հոկտեմբերից արդեն 3 դեպք է արձանագրվել, երբ գանձագողության դեպքերը տեղում արձանագրվել են և քրեական գործեր կան հարուցված: Հուշարձաններով հարուստ երկրներում վաղուց արգելված են մետաղորսիչ, տեխնիկական այլ սարքերով հուշարձանների փնտրումը, և նմանատիպ լուծում նախատեսում ենք Հայաստանի համար, որպեսզի պայքարելու ավելի ուժեղ գործիքակազմ ունենանք»,- նշեց Հարություն Վանյանը:

Իսկ, այն, թե ո՞ր հուշարձաններն են այս ընթացքում վերանորոգվել, որո՞նք են վերանորոգվելու, Հարություն Վանյանը տեղեկացրեց, որ հուշարձանների վերականգնումը, որ իր մեջ ներառում է տարբեր աշխատանքներ՝ պեղումներից մինչև վերականգնման աշխատանքներ, արդեն կարող ենք ասել, որ մոտ 300 միլիոն դրամի այս տարի հատկացում ունենք:

«Դա սկսվեց պետական բյուջեով հաստատված 108 միլիոնով, որը 4 հուշարձանի վերականգնման գումար է նախատեսում. Սանահինի Ամենափրկիչ եկեղեցու տանիքածածկերի շարունակություն, որը նախատեսում ենք մյուս տարի ավարտել, Գոշավանքի մի հատված կար տանիքածածկերի, որի նորոգումը կիսատ էր մնացել, և մի քանի տարի է՝ անձրևաջրերը լցվում էին, նույնիսկ նորոգված հատվածներն արդեն վնասվում են, դա կավարտենք: Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի Դիլիջանի մասնաճյուղում հիմնանորոգում ենք սկսում, որը կտևի երեք տարի, և չորրորդը Քոբայրի սեղանատան տանիքածածկերի իրականացման աշխատանքներն են, և եթե մյուս տարվա համապատասխան միջոցները հաստատվեն, սեղանատունը կավարտենք:

Հաջորդ ծրագիրը Լոռի բերդի պարիսպների մնացած հատվածի վերականգնումն է: Նախագծային աշխատանքներ կան մի քանի հուշարձանների վերականգնման համար. Լոռի բերդի եկեղեցին, բաղնիքները, Բարձրաքաշի Սուրբ Գրիգոր եկեղեցին, Սրվեղի վանքը և այլն: Տավուշի բերդում ևս վերականգնման նախագծային աշխատանքներ են արվում: Փլվում է Կրասարի 19-րդ դարի կամուրջը, որը համայնքներն իրար կապող միակ ճանապարհն է, և հրատապ է դրա լուծումը»,- տեղեկացրեց ՀՀ ԿԳՄՍ նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետը:

Մեր հաջորդ հարցին՝ հուշարձանների մուտքի վճարի փոփոխություն եղե՞լ է, թե ոչ, և անցած տարի կարծես Զվարթնոցում պրոֆեսիոնալ լուսանկարվելու համար (հարսանիքներ, միջոցառումներ) գնային փոփոխություն էր կատարվել, ինչո՞ւ: Իսկ այլ հուշարձանների համար նման որոշում կայացվե՞լ է: Մեր բոլոր հարցերին ի պատասխան՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենն ասաց. «Լուսանկարահանման համար գնային փոփոխություն ունենք Զվարթնոցում և Գառնիում, իսկ մնացած արգելոցներում այժմ ոչ մի գնային փոփոխություն չկա: Շատ քննարկվեց վերջերս Զորաց քարերում մուտքի վճար ունենալը, և հարցնում են՝ ո՞ւր են գնում գումարները: Բոլոր գումարները գնում են ենթակառուցվածքների զարգացմանը: Մուտքավճարների փոփոխություն սպասվում է 2023 թվականից, գինը դեռ որոշված չէ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս