Բաժիններ՝

«Ծնողներիս՝ կինոյում լինելն ինձ օգնել է ոչ թե ընտրել մասնագիտությունը, այլ մնալ մասնագիտության մեջ». Անի Գալստյան

Գոյություն ունեցող կարծրատիպերը պրոդյուսեր մասնագիտության վերաբերյալ հստակ պատկերացումներ են տալիս. տարեց տղամարդ՝ մեծ կինոդարանով և փիլիսոփայական մտքերով: 168.am-ը որոշել է կոտրել այդ կարծրատիպը՝ զրուցելով Անի Գալստյանի հետ: Վերջինս կինեմատոգրաֆիական ընտանիքում է ծնվել. կինոռեժիսոր և պրոդյուսեր Հովհաննես Գալստյանի և կինոռեժիսոր և սցենարիստ Մարինե Զաքարյանի դուստրը մասնագիտությամբ պրոդյուսեր է: Անի Գալստյանը հանդիսանում է «Բեքսթեյջ» ֆիլմի համապրոդյուսերը, ակտիվ զբաղվում է ֆիլմի առաջխաղացմամբ և հանդիսանում է միջազգային կապերի պատասխանատուն: Երիտասարդ պրոդյուսերի հետ զրուցել ենք նրա՝ կինոյի աշխարհի նկատմամբ մեծ սիրո, մասնագիտական ձեռքբերումների, ինչպես և ճանապարհին հանիպած խնդիրների մասին, նաև բացահայտել ենք վերջինիս երազանքերի նախագիծը:

Հանդիսատեսի համար ֆիլմը դիտելն է կախարդական, ինձ համար՝ նկարահանումները

«Ես փոքր հասակից կինո նայել շատ եմ սիրել: Վեց տարեկանում իմ ամենասիրելի ֆիլմը «Ամելին» էր: Հիանում էի վիզուալ շարքով, բայց ամենից շատ գրավիչ էր պատմությունը: Այդ ժամանակվանից ենթագիտակցորեն միշտ ուզել եմ լինել այն մարդը, ում պատմությունները հանդիսատեսին կհետաքրքրեն, ում պատմության միջոցով ինչ-որ բան կփովի: Ծնողներիս՝ կինոյում լինելն ինձ օգնել է ոչ թե ընտրել մասնագիտությունը, այլ մնալ մասնագիտության մեջ. եթե իրենք այս ասպարեզում չլինեին, ինձ համար Հայաստանում բարդ կլիներ շարունակել կինոյով զբաղվել: Իրենք միշտ խորհուրդ են տվել՝ ինչ ֆիլմեր դիտել, ինչ ռեժիսորների ուսումնասիրել, իրենք իմ ճաշակի զարգացմանն են նպաստել:
Ես երազում էի դերասանուհի դառնալ: Երբ 11 տարեկան էի, իմ պապան ինձ նկարեց իր «Խճճված զուգահեռներ» ֆիլմում. այդ ժամանակ հենց հասկացել եմ, որ ինչ էլ անեմ հետագայում, կինոյի հետ է կապված լինելու: Հանդիսատեսի համար ֆիլմը դիտելն է կախարդական, ինձ համար՝ նկարահանումները»:

Կարդացեք նաև

«The Backstage»-ը շատ երկար ժամանակ արտադրության մեջ է, որովհետև մենք Հայաստանում ենք ապրում…

«Հիմա աշխատում եմ «Բեքսթեյջ» ֆիլմի վրա, որը հայգերմանալյուքսեմբուրգյան համատեղ ատադրություն է: Կինոնկարը ժամանակակից բալետի խորեոգրաֆի, իր բախումների, ներքին դևերին հաղթահարելու մասին է: «Բեքսթեյջը» շատ երկար ժամանակ արտադրության մեջ է, որովհետև մենք Հայաստանում ենք ապրում… Մենք ունենք գործընկերներ Գերմանիայում և Լյուքսեմբուրգում:

Գերմանացի մեր գործընկերոջ հետ անձնական շփում եմ ունեցել: Լաուրա Քլեվերը ֆիլմի նկարահանումների ժամանակ եկավ Հայաստան. անչափ նվիրված է նախագծին: Եկած օրվանից ասում է՝ շատ տպավորված է վերին աստիճանի պրոֆեսիոնալ մոտեցումից: Լաուրայի վերջին կարճամետրաժ ֆիլմը մասնակցել է Բեռլինալեի:

Ինչ վերաբերում է մեր Լյուքսեմբուրգի գործընկերոջը, կարող եմ ասել, որ այդ մակարդակի մասնագետի հետ երբեք շփում չեմ ունեցել. Ադոլֆը ոտքից գլուխ կինոարտադրության մեջ է: Իր ֆիլմը Լյուքսեմբուրգից առաջինն է, որ «Նեթֆլիքսը» գնել է:

Իմ առաջին փորձն է մեծ արտադրության մեջ և ես իրենցից շատ եմ սովորում: Պետք է խոստովանեմ, որ Լաուրայի և Ադոլֆի հետ շփումները, նամակագրություններն ինձ ավելի շատ մասնագիտական գիտելիքներ են տալիս, քան ինստիտուտն է տվել չորս տարիների ընթացքում»:

Կինոարտադրությամբ Հայաստանում զբաղվելը մարտահրավեր է

«Արտասահմանցի մասնագետնետի վերաբերմունքը երիտասարդների նկատմամբ անչափ ոգևորիչ է: Տեսնելով երիտասարդ մասնագետի, ով փորձում է իր առաջին քայլերն անել կինոարտադրության մեջ, իրենք փորձում են ամեն կերպ խրախուսել: Կինոարտադրությամբ Հայաստանում զբաղվելը մարտահրավեր է, ու եթե դու անում ես այդ քայլը, ուրեմն ինչ-որ վստահություն ունես սեփական ուժերիդ վրա, բայց իրենք քեզ ավելի են ոգևորում, չեն թողնում, որ կաշկանդվես տարիքից, փորձի բացակայությունից: Անգամ եթե նախագծով հետաքրքրված չեն, կարող են կոմպլիմենտ անել անգլերենի իմացության համար, որ այդ պահին քեզ լավ զգաս, չկոտրվես: Իրենք բաց են քեզ իրենցից մեկը համարելու համար: Այստեղ շատ շփում չեմ ունեցել, բայց մեծամասամբ հակառակ մոտեցմանն եմ բախվել. եթե երիտասարդ ես, ուրեմն ոչինչ չգիտես»:

Հայաստանից լինելն առավելություն է. բացահայտելու տեղ կա

«Աշարհը բաց է Հայաստանի առաջ, նույնիսկ հետաքրքրված է: Երբ մենք «Բեքսթեյջ» ֆիլմը ներկայացնում էինք Իռլանդիայի Գոլվեյի կինոփառատոնի շուկայի շրջանակներում, մի շարք մասնագետներ մեզ հետ զրույցներում անընդհատ շեշտում էին, որ ուզում են տեսնել Հայաստանի արտադրանք: Հայկական կինոն ուղղակի բացակայում է արտասահմանյան շուկայից: Վերջին անգամ Կաննում ներկայացված ենք եղել 1967 թվականին, «Բարև, ես եմ» ֆիլմով: Մեր մասին ինչ-որ փաստեր գիտեն, բայց մենք մութ ենք իրենց համար: Բնականաբար, մրցակցությունը շատ մեծ է, բայց եթե տեսնեն արժանի արտադրանք Հայաստանից, հաստատ չեն ասի՝ սա հայկական է, մենք այն չենք նայում: Շանսեր հաստատ կան: Հայաստանից լինելն առավելություն է. բացահայտելու տեղ կա»:

Ֆինանսների և պրոֆեսիոնալների բացակայություն, թերի կրթություն, լոկալ ֆիլմեր…

«Խնդիրները բացմաթիվ են. ֆինանսների և պրոֆեսիոնալների բացակայություն, թերի կրթություն, լոկալ ֆիլմեր: Մեր մշակույթը, մեր առանձնահատկությունները ֆիլմում պատկերելը հրաշալի է, միայն եթե կարողանանք բոլորին հասկանալի լեզվով ներկայացնել ներսի անցուդարձը: Բայց հայկական կինոն չեն հասկանում մարդիկ: Մենք նայում ենք հոլիվուդյան, եվրոպական կինո և, գուցե պաթետիկ հնչի, բայց ինքներս մեզ գտնում ենք այդ կերպարներում: Չնայած մաշկութային տարբերություններին, հեռավորությանը, մարդիկ բոլորը իրար նման են: Իսկ արտասահմանցիները նայում են մեր կինոն, ու ոչ միայն չեն գտնում իրենք իրենց, այլ չեն հասկանում՝ ինչ է կատարվում»:

Անի Գալստյանի երազանքերի նախագիծը

Պրոդոյսեր՝ Անի Գալստյան

Ռեժիսոր՝ Լուիս Բունյուել

Գլխավոր դերերում՝ Մերիլ Սթրիփ և Մայքլ Ֆասբենդեր

Կոստյումների դիզայներ՝ Սալվադոր Դալի

Բլից-հարցում

Ֆեդերիկո Ֆիլլինի՞, թե՞ Միքելանջելո Անտոնիոնի:

Ֆեդերիկո Ֆելլինիի «8 1/2»-ը բոլոր ժամանակների իմ ամենասիրելի ֆիլմն է, բայց որպես ռեժիսոր՝ Անտոնիոնին առանձնահատուկ է ինձ համար:

Թատրո՞ն, թե՞ կինո:

Կինո:

Սերիա՞լ, թե՞ կինո:

Կինո:

Սև ու սպիտա՞կ, թե՞ գունավոր:

Երկուսն էլ:

Իտալական նեոռեալի՞զմ, թե՞ ֆրանսիական «նոր ալիք»:

Իտալական նեոռեալիզմ:

Հոլիվո՞ւդ, թե՞ Եվրոպա:

Երկուսն էլ:

«Օսկա՞ր», թե՞ «Հայակ»:

Իհարկե «Հայակ»:

Անի Գաբուզյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս