Թաքնված տողատակեր. 44-օրյա պատերազմից 1 ամիս առաջ Փաշինյանը նպատակահարմար չէր համարում արբանյակ ունենալը. այսօր դաշնակցից կախվածության մեջ չլինելու հարց կա՞

Իշխանական շրջանակները երեկ ակտիվորեն տարածում էին լուրը, որ 2022թ. մայիսի 25-ին, Երևանի ժամանակով 22:35-ին ԱՄՆ-ի Կանավերալ հրվանդանում գտնվող տիեզերակայանից Space X ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի առաջին տիեզերական արբանյակը, և, որ արբանյակից արված լուսանկարները կօգտագործվեն նաև սահմանների պաշտպանության համար։

Մասնավորապես, ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը տարածել էր «SpaceX»-ի տեսանյութը՝ կից գրառմամբ, որ SpaceX ընկերության Falcon 9 հրթիռով թողարկվել է Transporter-5 տիեզերանավը, որը Երկրի ուղեծիր է դուրս բերել 59 փոքր արբանյակներ:

Այստեղ հիշեցինք 2020-ի պատերազմից մեկ ամիս առաջ՝ օգոստոսի 26-ին, այն ժամանակ ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության (ԲՏԱ) նախարար, այժմ՝ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի՝ լրագրողների հետ հանդիպմանն արած հայտարարությունները: Հարցին՝ արդյո՞ք Հայաստանը սեփական տեղեկատվական արբանյակը տիեզերք ուղարկելու ծրագրեր ունի, Արշակյանը պատասխանել էր.

«Երկու տեսակի արբանյակներ կան, որից մեկը հիմնականում կապի համակարգեր սպասարկող համակարգ է, մյուսը՝ երկրի մակերևույթի ուսումնասիրության համար նախատեսված: Խոսքն ավելի ցածր ուղեծրերի վրա գտնվող, էժան արբանյակների մասին է: Հայաստանը հիմա էլ արբանյակային ծառայություններ է գնում և որոշակի ուղղություններով մատուցում։ Մեր գյուղական համայնքներում, որտեղ հեռուստառադիոաշտարակների ենթակառուցվածքներն իրենց հզորություններով չեն կարողանում հասանելիություն ապահովել հանրապետական սփռման հեռուստաալիքների համար, հեռուստառադիոաշտարակների ընկերությունը վարձակալում է արբանյակային կապի մեկ ալիք և հեռարձակում ապահովում ամբողջ երկրում: Բայց այս պահին Հայաստանի համար նպատակահարմար չի համարվել ունենալ մեկ ամբողջական արբանյակ: Նախնական թիվը 100-150 միլիոն է, որը կարող է արժենալ ավելի մեծ գումարներ: Մենք պետք է տեսնենք՝ արդյոք դրանք իրացվելո՞ւ են, թե՞ ոչ: ՄԱԿ-ի բոլոր երկրներն ունեն սուվերեն իրավունք՝ ունենալ ուղեծիր գեոստացիոնար հատվածում: Հայաստանը նույնպես ունի այդ իրավունքը: Կան առաջարկներ, որ այդ ուղեծրերն օգտագործվեն տարբեր ընկերությունների կողմից, և Հայաստանը նույնպես համաօգտագործի այդ արբանյակը: Եթե դրա մասին է խոսքը գնում, ապա որոշ առաջարկներ ստացել են, մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, որ դրանք ավելի առարկայական դառնան: Այսինքն, կոնկրետ գրվի՝ ի՞նչ է սպասվում պետությունից, և մենք ի՞նչ ենք ստանալու: Չի բացառվում, որ այդ ուղղությամբ որոշակի զարգացումներ լինեն: Սակայն Հայաստանն այս պահին արդեն իսկ վարձակալում է որոշակի կապուղիներ, և անհրաժեշտության դեպքում էլի կարող ենք վերցնել ու օգտագործել»:

Միաժամանակ, նույն հանդիպմանն Արշակյանը հայտնել էր, որ Երևանի ինժեներական քաղաքում նախագծել են Cubesat նանոարբանյակի մոդելավորումը, որի մանրամասներն ավելի ուշ կներկայացնեն:

Վերադառնալով ուղեծիր ուղարկված արբանյակին, նշենք, որ խոսքն իսպանական «Satlantis» ընկերության պատրաստած, ՀՀ-ի կողմից վճարված և առաջիկայում օգտագործման իրավունքն ամբողջությամբ ձեռք բերելու նպատակով ՀՀ-ի կողմից գնված արբանյակի մասին է։ Այն կարող է տրամադրել լուսանկարներ մեկ պիքսելի վրա՝ 1.65մ*1.65մ разрешение-ով։

Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում Արծրուն Հովհաննիսյանն ասել է, թե սա միջին ցուցանիշ ցույց տվող արբանյակ է, ըստ էության, և մեկ պտույտի ընթացքում ընդգրկող տարածքի լայնությունը 26 կմ է:

«ՀՀ-ն ստանում է ռազմավարական հետախուզության սեփական միջոց: Տվյալ դեպքում խոսքը տեխնիկական միջոցի մասին է: Ցանկացած պետություն պիտի իր ռազմավարական աչքերն ունենա, և ոչ միայն՝ արբանյակի տեսքով, այլև հետախուզական այլ միջոցների»,- շեշտել է Հովհաննիսյանը և հավելել, որ այս միջոցը չի կարելի համարել զուտ ռազմական, կամ զուտ քաղաքացիական:

«Ռեգիոնալ առումով մեր շրջապատը կարող ենք դիտել և կատարել համապատասխան եզրակացություն՝ մեզ հետաքրքրող օբյեկտները, շարժերը, պրոցեսները, այդ թվում՝ ռազմական նշանակության, և ստիպված չլինել մեկ ուրիշից կախված լինել: Հասկանում եք, չէ՞, ինչի մասին է խոսքը: Մենք տարիներ շարունակ վիզուալ կամ փոքր ԱԹՍ-ներով կատարել ենք հետախուզություն հակառակորդի տարածք մինչև 1-2 տասնյակ կմ խորության վրա: Հիմա մենք կարող ենք տեսնել ավելի լայն, արագ և խորը: Ռազմավարական հետախուզությունը պետության համար չափազանց կարևոր ոլորտ է, և ցանկացած պետություն այն իրականացնում է ինքը՝ անկախ՝ ինչ չափի պետություն ես: Լավ է՝ եթե ունես դաշնակից, որը կտրամադրի, բայց ինքնաբավությունը տվյալ ոլորտում կարևոր է»,- ընդգծել է Հովհաննիսյանը՝ բերելով Իսրայելի օրինակը, որն անհրաժեշտության դեպքում ռազմավարական համապատասխան տվյալներ ԱՄՆ-ից է ստանում, բայց գերազանցապես ինքնաբավ է:

Հայաստանի ռազմավարական դաշնակիցը ՌԴ-ն է, որից կախվածությունը, փաստորեն, ավելի քան երբևէ, անհրաժեշտ է համարվել նվազեցնել: Այո, ցանկացած երկիր հույսն առաջինն իր վրա պետք է դնի, բայց խնդիրն այն է, որ պատերազմից հետո Հայաստանի կախվածությունը մեծացել է բազմաթիվ ուղղություններով և շատ երկրներից: Երկրորդ՝ ինչո՞ւ 44-օրյա պատերազմից մեկ ամիս առաջ Հայաստանը մեկ ամբողջական արբանյակ ունենալը նպատակահարմար չէր համարում, երբ հուլիսից հետո արդեն պարզ էր՝ պատերազմ է սկսվելու:

Երրորդ՝ մասնագետների կարծիքով, արբանյակը մեծ լուծողականությամբ քարտեզներ ստանալու համար չէ, նրա դիտակներն այդքան մեծ կարողություններ չունեն: Այսինքն, հնարավորությունները բավարար չեն օգտագործելի հետախուզական լուսանկարներ կատարելու համար:

Արբանյակը կարող է նաև ունենալ սահմանազատման նշանակություն: Գուցե առաջին հայացքից ոմանք կարող են մտածել, որ արբանյակի հետ կապված գործընթացը տեղի է ունենում Հայաստան-Ադրբեջան դելիմիտացիայի շրջանակում: Մյուս կողմից՝ պատերազմից հետո Ադրբեջանը ռազմական ճանապարհով վաղուց է սկսել սահմանների դելիմիտացիան:

Ամեն դեպքում, այստեղ լուրջ տողատակեր կան, և որքան էլ ոմանք կարծիք հայտնեն, թե Ռուսաստանից չենք հասցրել դեռ տիեզերքի մասով կախվածություն ձևավորել, բայց եթե իշխանություններին մոտ կանգնած Արծրուն Հովհաննիսյանն այս համատեքստում դաշնակցից ռազմավարական հետախուզության և հետախուզական այլ միջոցների մասով կախվածությունը նվազեցնելու մասին է խոսում, ուրեմն մի բան գիտի: Մյուս կողմից՝ ծիծաղելի է սա այն մասնագիտական գնահատականների ֆոնին, որ պատերազմից հետո Հայաստանի բանակը կորցրել է իր սուբյեկտայնությունը:

Տեսանյութեր

Լրահոս