Ֆինանսական հոսքի տեղաշարժն ակտիվացել է, բայց ոչ Հայաստանի քաղաքացիների հաշվին

Ռուսաստանից Հայաստան փոխանցվող գումարների շարժն ակտիվացել է, բայց դրանից մեր քաղաքացիները չեն շահել։ Նրանց եկամուտները դրանից չեն ավելացել։ Մասնավոր տրանսֆերտներն ավելացել են Ռուսաստանի քաղաքացիների կողմից իրենց փոխանցված գումարների հաշվին։ Խոսքն այն քաղաքացիների մասին է, ովքեր ռուս-ուկրաինական հակամարտությունից հետո եկել են Հայաստան, հաստատվել կամ չեն հաստատվել Հայաստանում, բայց բանկային փոխանցումների միջոցով գումարներ են տեղափոխել։

Դրա արդյունքում էլ ավելացել են Ռուսաստանից ուղարկված ֆինանսական հոսքերը։ Այն պարագայում, որ ինչպես միջազգային, այնպես էլ՝ տեղական ֆինանսական կազմակերպություններն այս տարի Հայաստան ուղարկվող գումարների բավական կտրուկ անկում են կանխատեսել՝ կապված ռուս-ուկրաինական հակամարտության և կիրառվող պատժամիջոցների հետևանքով Ռուսաստանի ու համաշխարհային տնտեսության մեջ տեղի ունեցող բացասական դրսևորումների հետ։

Հիշեցնենք, որ Հայաստան մտնող մասնավոր տրանսֆերտների կրճատումը Կենտրոնական բանկը գնահատել է 19 տոկոսի սահմաններում։

Մի փոքր նույնիսկ ավելի հոռետեսական կարծիք է հայտնել Համաշխարհային բանկը։ ՀԲ կանխատեսումներով՝ տրանսֆերտները կնվազեն 20 տոկոսով։

Ռուսաստանի պարագայում մասնավոր փոխանցումների նվազումը գնահատվում է 40 տոկոսի սահմաններում։

Չնայած այսպիսի կանխատեսումներին, ռուս-ուկրաինական հակամարտության առաջին փուլում Հայաստան մտնող տրանսֆերտները ոչ միայն չեն կրճատվել, այլև ավելացել են, այդ թվում՝ նաև Ռուսաստանից։ Տրանսֆերտներն ավելացել են թե՛ փետրվարին, և թե՛ մարտին։

Մարտին աճը շատ ավելի կտրուկ է եղել։ Սիայն բանկային համակարգի միջոցով Ռուսաստանից ստացվել է շուրջ 116 մլն դոլար։ Սա 53 մլն դոլարով կամ 84 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից։

Ռուսաստանից ստացվող տրանսֆերտները փետրվարի համեմատ՝ ավելի են եղել 33 միլիոնով։ Թեև փետրվարին ևս հոսքերի բավական բարձր աճ էր գրանցվել։

Կանխատեսումների համեմատ այս «շեղումը» մասնագետները բացատրում են Ռուսաստանից Հայաստան տեղափոխված քաղաքացիների մեծ հոսքով։

Տարբեր գնահատումներով՝ պատերազմից հետո ՌԴ-ից Հայաստան է եկել 75-80 հազար քաղաքացի։

Նրանց փոխանցումների հաշվին էլ ավելացել են ֆինանսական հոսքերը։

«Իրենք էլ են ինչ-որ ձևով փոխանցումներ կատարում դեպի Հայաստան՝ իրենք իրենց անունով, կամ այլ կերպ։ Գիտեք` այդպիսի ծառայություն կա, երբ մարդ իր անունով մի երկրից փոխանցում է կատարում ու այդ գումարն այստեղ ստանում է։ Գումարային իմաստով նման փոխանցումների աճ կա` 2021թ. համեմատ»,- այս մասին օրերս հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։

Փոխարենը, ըստ նրա, սեզոնային աշխատանքի մեկնող մեր հայրենակիցների կողմից ուղարկված գումարները մի բան էլ կրճատվել են։ Թե ինչպիսի՞ն է եղել հարաբերակցությունը, ԿԲ նախագահի տեղակալը չի հայտնել։

Հայտնի է, սակայն, որ այս տարվա առաջին 3 ամիսների ընթացքում ընդհանուր առմամբ Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել շուրջ 239 մլն դոլար։ Նախորդ տարի 154 միլիոն էր։ Ավելացումը 85 միլիոն է կամ 55 տոկոս։

Այսպիսի աճի արդյունքում Ռուսաստանի մասնաբաժինը տրանսֆերտների մեջ կրկին ավելացել է՝ նախորդ տարվա 38-ից հասնելով 42 տոկոսի։

Ռուսաստանից մտնող տրանսֆերտների այս աճը, իհարկե, ձեռնտու է մեր տնտեսության համար, բայց դրանից մեր քաղաքացիները չեն շահել։ Տրանսֆերտների տեսքով ստացվող նրանց եկամուտները նույնիսկ կրճատվել են։ Եվ դա տեղի է ունեցել նախորդ և այս տարվա բարձր գնաճի պայմաններում։

Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ ապրիլին 12-ամսյա գնաճը Հայաստանում կազմել է 8,4 տոկոս, սննդամթերքինն էլ հասել է 14,3 տոկոսի։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների աճը կապված է այդ երկրից Հայաստան տեղափոխված քաղաքացիների փոխանցումների հետ, առայժմ մեծ հարց է, թե առաջիկայում ֆինանսական միջոցների այս շարժերն ինչպես կդրսևորվեն։ Հատկապես որ, շատ դեպքերում դեռ պարզ չէ դրանց նպատակը։ Պատահական չէ, որ ռուսական շուկայի տրանսֆերտների ակտիվ տեղաշարժը տեղի է ունեցել ոչ միայն մուտքերի, այլև ելքերի առումով։

Այս ընթացքում Հայաստանից ևս քիչ գումարներ չեն գնացել Ռուսաստան։ Միայն մարտին՝ 64 մլն դոլար։ Փետրվարի համեմատ՝ սա ավելի է 27 միլիոնով։

Նախորդ տարվա մարտին էլ ֆինանսական միջոցների արտահոսքը Ռուսաստան կազմել էր 37 մլն դոլար։ Այս տարվա աճը եղել է գրեթե 73 տոկոս։

Երեք ամսում բանկային համակարգով Հայաստանից Ռուսաստան է գնացել շուրջ 124 մլն դոլար՝ անցած տարվա 86 միլիոնի փոխարեն։ Մարտին նկատված աշխույժ արտահոսքը կարող էր պայմանավորված լինել Հայաստան տեղափոխված գումարների փոխարկմամբ և վերարտահանմամբ։

Ռուբլու արժեզրկման շրջանում այս առումով որոշակի շարժեր նկատվեցին, ինչը հանգեցրեց Հայաստանում դոլարի պահանջարկի ավելացման և դրամի դիրքերի արժեզրկման։

Հետագայում, իհարկե, այդ միտումը կանգ առավ։ Դոլարի և մյուս արժույթների նկատմամբ արժևորվեց՝ ինչպես դրամը, այնպես էլ՝ ռուբլին։ Այսօր էլ շարունակում են արժևորված մնալ։

Ռուբլու արժևորումը կարևորվում է նրանով, որ այն էական դեր ունի հետագա տրանսֆերտային հոսքերի համար։ Դա թույլ տվեց, որպեսզի մեր քաղաքացիների մի մասը մեկնեն Ռուսաստան արտագնա աշխատանքի։

Թեև խնդիրը միայն ռուբլու փոխարժեքը չէ։ Ռուսաստանի տնտեսությունը բախվել է բավական լուրջ դժվարությունների հետ, որոնք չեն կարող իրենց ազդեցությունը չունենալ այստեղ աշխատանք փնտրող մեր քաղաքացիների եկամուտների վրա։ Բայց տնտեսական իրավիճակից թելադրված ազդեցությունը Ռուսաստանից ստացվող տրանսֆերտների վրա առավել տեսանելի կարող է լինել հետագայում, երբ վերադառնան նաև Հայաստան տեղափոխված Ռուսաստանի քաղաքացիները, ովքեր դարձել են վերջին ամիսներին տրանսֆերտային հոսքերի աճի ապահովման հիմնական գործոնը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս