Ի՞նչ է կատարվում
Դեռևս 2019թ․ «ժողովրդի» իշխանությունը հետևողականորեն սկսեց այս գործընթացը։ Առաջինը, եթե չեմ սխալվում, Սոցապ նախարարության «առաջադեմ» որոշումն էր՝ փակել գիշերօթիկ դպրոցները։ Նախարարությունը սույն նախաձեռնությունը բացատրեց «երեխայի լավագույն շահով» առաջնորդվելու տրամաբանությամբ։
Ի՞նչ ճակատագրի արժանացան գիշերօթիկների սաները, այդպես էլ մնաց անհայտ։ Սրան հաջորդեց Առողջապահության բարձր կարգի մասնագետ, կորոնավարակի դեմ պայքարում համաշխարհային ճանաչում ստացած նախարարի որոշումները՝ փակել մարզային ծննդատները, հղի կանանց և նորածինների լավագույն շահերից ելնելով, միացնել մի շարք հիվանդանոցներ, նախկին աշխատողներից շատերին դարձնելով գործազուրկներ։ Արվեստագետների, դերասանների, հանդիսատեսների լավագույն շահերից ելնելով՝ միացվեցին թատրոններ։ Հետո նորից աչքի ընկավ Սոցապնախարարը, միացնելով տարեցների խնամքի տները, բնականաբար, ելնելով տարեցների լավագույն շահերից։
2021թ․ Արդարադատության նախարարը, նույնպես ելնելով ազատազրկվածների լավագույն շահերից, փակեց Հրազդանի և Կոշի ՔԿՀ-ները։
Եվ ահա նոր որոշում, այս անգամ նորից՝ Առողջապահության նախարարության կողմից, միացնել պոլիկլինիկաները, ավելի պարզ փակել, իհարկե, ելնելով հպարտված քաղաքացիների լավագույն շահերից։
Սպասվում են նաև բուհ-երի, գիտական հիմնարկների միացումներ, բնականաբար, ելնելով գիտության և կրթության մակարդակի բարձրացման լավագույն շահերից։
Պաշտպանության նախարարը, ելնելով Հայաստանի պաշտպանության և անվտանգության լավագույն շահերից, միավորում է, այն է՝ վերացնում շատ զորամասեր։
Ի՞նչ է կատարվում իրականում։
Բնականաբար, որևէ նախարար վերը նշված որոշումներն ինքնուրույն չի կատարել։ Դրանք բոլորը եղել են վարչապետ կոչեցյալի հրահանգով։
Վարչապետ կոչեցյալի համար Հայաստանը պետություն, երկիր, հայրենիք չի, այլ իր սեփականությունը։ Եվ նրա համար անհասկանալի է, թե ինչի համար պետք է պետական, իր կարծիքով, անձնական, ընտանեկան բյուջեից, ծախսեր կատարվեն բնակչության կրթական, սոցիալական կարիքների, պետական անվտանգության համար։ Չէ՞ որ սեփական իշխանությունն ամրապնդելու համար կարելի է այդ գումարներն ուղղել անձնական, ընտանեկան անվտանգությունն ապահովելուն։
Այդ նպատակով բարեփոխումների անվան տակ համալրվում է ոստիկանության անձնակազմը, լրացվելով կրթություն չստացած, տգետ արնագույն, մահագույն բերետավորներով։ Բյուջեի գումարներն ուղղվում են իր հպատակ-մանկուրտ-ստրուկ նախարար-պատգամավոր-քննիչ-դատախազներին շտայլորեն պարգևատրելուն։
Տարեցտարի միլիարդավոր դոլարներով ավելանում է Հայաստանի պետական պարտքը, նույն այդ մսխումների պատճառով։
Արդյո՞ք այս նույն տրամաբանության մեջ չի մտնում նաև Արցախի հանձնումը։ Չէ՞ որ այլևս անհրաժեշտություն չի լինի ֆինանսապես աջակցել Արցախին, և այդ «խնայված» գումարները նույնպես կուղղվեն անձնական և ընտանեկան անվտանգությանն ու վայելքներին։
Ի՞նչ դնես նման «պետության» անունը՝ կապիտալիստակա՞ն։
Իհարկե՝ ոչ, նույնիսկ ամենավայրենի կապիտալիստական երկրներում նման անհեթեթություն պատկերացնել անհնարին է։
Ավետիք Իշխանյան