Այլ տարբերակ չունենալով, միևնույն է, մարդիկ նախընտրում են գնալ

Հայաստանում աշխատանք գտնելը միշտ էլ խնդիր է եղել։ Չկան բավարար աշխատատեղեր։ Պաշտոնական տվյալներով, գործազուրկ է աշխատունակ բնակչության 15-16 տոկոսը։ Խոսքը շուրջ 170-180 հազար մարդու մասին է։

Որքան էլ վերջին տարիներին իշխանությունները պարբերաբար հայտարարում են հայտարարագրված աշխատատեղերի ավելացման մասին, դրանից, պարզվում է, զբաղվածության իրավիճակը երկրում գրեթե չի բարելավվում։

Հարյուր-հազարավոր գործազուրկների առկայության պայմաններում, անցած տարի զբաղվածների թիվը ավելացել է ընդամենը 3,5 հազարով։ Այնինչ՝ կառավարությունը տասնյակ-հազարավոր նոր հայտարագրված աշխատատեղերի մասին է խոսում։ Դա նշանակում է, որ հայտարարագրված աշխատատեղերի ավելացումները քիչ կապ ունեն նոր աշխատատեղերի ստեղծման հետ։ Ոչ մի նշանակություն չունի, որ վերջին շրջանում պաշտոնական վիճակագրությունը Հայաստանում գործազրկության ցուցանիշների կտրուկ բարելավում է արձանագրում։

Դա իրավիճակի բացառապես արհեստական բարելավում է։ Գործազրկությունը նվազում է ոչ թե այն պատճառով, որ նոր աշխատատեղեր են ստեղծվում, և աշխատանք չունեցողներն աշխատանք են գտնում, այլ այն պատճառով, որ նվազում է աշխատունակ բնակչությունը։

Հավանաբար պարզ է, թե ինչով է պայմանավորված աշխատունակ բնակչության նվազումը. միայն պատերազմի և համավարակի հետևանքով մարդկային կորուստները հասնում են մեկ ու կես տասնյակ հազարի։

Աշխատունակ քաղաքացիների մի մասն էլ պատերազմի ժամանակ կորցրել է աշխատելու կարողությունը, մյուս մասը՝ պարզապես արտագաղթել է։

Սրանք այն հիմնական գործոններն են, որոնք հանգեցրել են մեր երկրում գործազուրկների թվի կրճատման։

Բայց նույնիսկ այդ պայմաններում հարյուր-հազարավոր քաղաքացիներ զրկված են երկրում աշխատանք գտնելու հնարավորությունից։ Արտագնա աշխատանքը նրանց համար դարձել է ապրուստի հիմնական միջոցը։

Մեծ մասը փորձում է աշխատանքի խնդիրը լուծել Ռուսաստանում։ Աշխատելու նպատակով, տարբեր գնահատումներով, տարեկան այդ երկիր է մեկնում շուրջ 300 հազար մարդ։

Այդ մարդկանց հիմնական մասի եկամուտները ձևավորվում են ռուբլով։ Ու երբ ռուբլին արժեզրկվում է, արժեզրկվում է նաև նրանց եկամուտները։

Վերջին տարիներին դա մշտապես խնդիրներ է եղել արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիների համար։ Բայց խնդիրն առավել քան սրվել է ռուս-ուկրաինական պատերազմից և Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից հետո։

Պատերազմի ու պատժամիջոցների սկզբնական շրջանում արձանագրվեց ռուբլու աննախադեպ ակտիվ արժեզրկում։ Մի պահը արժեզրկումը հասավ ընդհուպ 30-40 տոկոսի։

Հետո, իհարկե, ռուբլին կայունացավ, նույնիսկ արժեզրևորվեց։ Վերջին շրջանում դոլարի գինը ռուսական շուկայում վերադարձել է նախկին մակարդակին, նույնիսկ մի բան էլ թանկացել է, բայց միևնույն է, արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիները դրանից չեն շահում։

Հայաստանում ռուբլու գինը դրամով արտահայտված հիմա ավելի ցածր է, քան մեկ տարի առաջ էր։

Դրա հետևանքով մեր բազմաթիվ քաղաքացիներ տուժում են։ Մինչ այդ էլ մեծ վնասներ կրեցին, հատկապես նրանք, ովքեր արժեզրկման ու բարձր անկայունության շրջանում փորձեցին ռուբլով ունեցած իրենց միջոցները վերածել այլ արժույթի։

Հայաստանյան շուկայում ռուբլու գնի նվազումը նվազեցնում է արտագնա աշխատանքի արդյունքում մեր բազմաթիվ քաղաքացների ստացած եկամուտները։ Չհաշված, որ էապես ավելացել են ռուբլու հետագա արժեզրկման հետ կապված ռիսկերը։ Վերջին շրջանում ռուբլին կայունացել է, բայց դա դեռ չի նշանակում, թե այն կրկին չի հայտնվի ցնցումների մեջ։

Համատարած պատժամիջոցների պարագայում շատ դժվար է ասել, թե վաղը ինչպիսի վարքագիծ կդրսևորի ռուբլին։ Ռուսական արժույթի հետագա արժեզրկման հավանականությունը շարունակում է չափազանց բարձր լինել։

Մյուս խնդիրն էլ, որը կանգնած է արտագնա աշխատանքի մեկնողների առաջ, աշխատանք գտնելն է։

Պատժամիջոցները լրջորեն ազդել են Ռուսաստանի տնտեսության զարգացումների, ինչպես նաև բիզնեսի ու քաղաքացիների եկամուտների վրա։ Նրանք ստիպված են լինելու սառեցնել կամ հետաձգել իրենց ծրագրերը։

Ռուսաստանի տնտեսության անկումը, տարբեր գնահատականներով, այս տարի կարող է հասնել ընդհուպ 10-12 տոկոսի։

Նման իրավիճակներում սովորաբար տուժում է առաջին հերթին՝ շինարարությունը, որտեղ զբաղված են արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիների հիմնական մասը։

Շինարարական աշխատանքների կրճատումից բացի, ի հայտ են գալու նաև ֆինանսավորման և ժամանակին աշխատանքի դիմաց վճարումներ ստանալու դժվարություններ։ Ռուբլու անկայունության ու արժեզրկման բարձր ռիսկերի պայմաններում, դժվար չէ պատկերացնել, թե դա ինչ է նշանակում արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների համար։

Ամեն դեպքում, նրանց մեծ մասը այս տարի ևս իր սոցիալական խնդիրների լուծումը կապել է Ռուսաստանում աշխատանք գտնելու հետ, որքան էլ առկա դժվարությունների հետևանքով ստացվող եկամուտներն անհամեմատ ավելի քիչ կարող են լինել։

Ներսում աշխատանք գտնելու հնարավորությունները սահմանափակ են, և այլ տարբերակ, քան արտագնա աշխատանքի մեկնելն է, շատերը պարզապես չունեն։

Խնդիրը առավել սուր է հատկապես գյուղական բնակավայրերում։ Չնայած գյուղատնտեսությամբ զբաղվելու կառավարության հորդորներին, գյուղացին հակված չէ դրան։

Գյուղատնտեսությունն այն ոլորտը չէ, որտեղ մարդիկ տեսնում են իրենց սոցիալական խնդիրների լուծումը։ Ցածր արդյունավետության հետևանքով այն չի ապահովում անհրաժեշտ եկամտաբերություն։ Դա էլ շատ հաճախ դառնում է պատճառներից մեկը, որ մարդիկ ստիպված են լինում բռնել արտագնա աշխատանքի ու արտագաղթի ճանապարհը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս