Դեբետ գետն ընկած փոքրիկի կյանքին վտանգ չի սպառնում. երեխան կմնա հիվանդանոցում մինչև նրա ճակատագրի որոշակիանալը
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հանձնարարությամբ Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի մասնագետները տեսակցել են Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժում ստացող 2-ամյա Արևիկին, ով օրեր առաջ 3-4 մետր բարձրությունից ընկել էր Դեբետ գետը: Մինչ այցելությունը բաժինն ամեն օր իրազեկվում էր երեխայի առողջական վիճակի մասին:
Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իրինա Մարտիրոսյանը մարզպետի անունից շնորհակալություն է հայտնել հիվանդանոցի ողջ բուժանձնակազմին երեխայի լիարժեք բուժումը կազմակերպելու, այս ընթացքում նրա խնամքն իրականացնելու համար և նշել, որ բաժինը ներգրավված է երեխայի հարազատների շրջանակն ուսումնասիրելու, սոցիալական դեպքը վարելու գործընթացում, ինչի արդյունքում կորոշվի փոքրիկ Արևիկի հետագա ճակատագիրը:
ԲԿ-ի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանն ու վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Աննա Չոբանյանը նշեցին, որ երեխայի վիճակը կայունացել է, կյանքին այլևս վտանգ չի սպառնում, հիվանդանոցը կպահի փոքրիկին այնքան, ինչքան անհրաժեշտ է երեխայի հետագա խնամքի հետ կապված գործընթացները կազմակերպելու համար: