Նիկոլ Փաշինյանի սուիցիդալ մոլուցքը

«Որքան ավելի շատ մարդ ես սպանում, այնքան ավելի մեծ հեղափոխական ես»,- գովաբանելով Հիտլերին՝ ասում էր չինական հեղափոխության առաջնորդ և մարդկության ամենաանողոք բռնապետներից մեկը համարվող Մաո Ցզեդունը։

Նիկոլ Փաշինյանը, ով իր իրականացրած հեղափոխությունն ավելի մեծ արժեք էր (է) համարում, քան արցախյան առաջին պատերազմում մեր հաղթանակը, և հաջողությամբ զրոյացրեց այն, հիմա՝ որպես իսկական հեղափոխական, առաջնորդվում է Մաոյի սկզբունքով։ Այն տարբերությամբ, որ ժամանակները փոխվել են, և այսօր մարդ սպանելու համար պարտադիր չէ սպանություն պատվիրելու որոշումներ կայացնել։

Բավարար է կայացնել որոշումներ, որոնց արդյունքում, թեկուզ այլոց ձեռամբ, հնարավորինս շատ մարդիկ կսպանվեն։ Ապրիլի 13-ին Ազգային ժողովում ունեցած ջրբաժանային ելույթում Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ կարող էր կայացնել որոշումներ, որոնց արդյունքում պատերազմը նույն ելքը կունենար, «իհարկե, առանց զոհերի»։ Այսինքն՝ նա խոստովանել է, որ կայացրել է որոշումներ, որոնց արդյունքում պատերազմն ունեցել է նույն ելքը, «իհարկե, զոհերով»։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմում հավատարիմ է մնացել անշեջ հեղափոխականի իր կոչմանը և իրականացրել է հեղափոխության ռահվիրաներից մեկի պատգամը՝ այն համապատասխանեցնելով ժամանակի պահանջներին։
Բայց որպես իսկական հեղափոխական՝ Նիկոլ Փաշինյանը կանգ չի առնում սպանությունների իր արշավանքում։ Ավելի մեծ հեղափոխական դառնալու համար նա շարունակում է սպանության արարը՝ հիմա արդեն անցնելով հայ հասարակության հոգեբանական սպանությանը։

Նիկոլ Փաշինյանն առաջարկում է այնպիսի «խաղաղության դարաշրջան», որը կարող է ընդունելի լինել միայն ֆիզիկական գոյությամբ ապրողների, բայց ոչ երբեք՝ նաև հոգի, բարոյականություն, հիշողություն ու արժանապատվություն ունեցողների համար։ Անպայքար ընդունել Նիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը», նշանակում է՝ ենթարկվել հոգեբանական ու բարոյական ինքնասպանության։

Նիկոլ Փաշինյանը հիմա հենց դրան է դրդում հայ հասարակությանը, որը խելամիտ քաղաքական առաջնորդության բացակայության պատճառով գտնվում է ինքնասպանությանը նախորդող հոգեվիճակում։ Եթե հասարակությունը Նիկոլ Փաշինյանի առաջարկին դիմակայելու  ուժ, կամք ու միաժամանակ՝ այդ կամքը գործադրելու համապատասխան քաղաքական գործիքակազմ չգտնի, նա կարող է իրագործել հայ հասարակությանը հոգեբարոյական ինքնասպանության հասցնելու իր ծրագիրը՝ միանգամայն նոր հետք թողնելով հեղափոխության ու ազգասպանության համաշխարհային պատմության սև էջերում։

Բոլոր այն անհատները, քաղաքական ու քաղաքացիական ուժերը, որոնք զբաղեցրած լինելով քաղաքական ու հանրային դաշտը՝ կարող են թեկուզ աննշան կերպով կանխել Նիկոլ Փաշինյանի ծրագիրը, բայց ամենատարբեր պատճառներով չեն անում դա, իրականում մասնակից են դառնում հայ հասարակության առնվազն հոգեկան սուիցիդին։ Եվ նպաստում են Նիկոլ Փաշինյանի՝ «ավելի մեծ հեղափոխական» դառնալու պետականասպան մոլուցքի իրագործմանը։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս